X
Մենք սոց. ցանցերում

Էդգար Կոստանդյան «ՍՈՎՈՐԱԿԱՆ ԵՐԿԻՐ»

Ձեզ ենք ներկայացնում Էդգար Կոստանդյանի «ՍՈՎՈՐԱԿԱՆ ԵՐԿԻՐ» վեպից հատված․

Առաջին մասն այստեղ։

#2 հաջորդ օրը

Ավոն բավականին վաղ վեր էր կացել, սրճել, լոգանք ընդունել ու դուրս եկել տնից` առանց իմանալու, թե ուր պիտի գնա: Նարեն դեռ քնած էր, քնած էր նաև սովորական երկիրը: Սայլակավորն արթնացել ու հանձնաժողովականներին էր սպասում: Դրանք պետության կողմից նշանակված մարդիկ էին, ովքեր ամեն առավոտ պարտաճանաչ կերպով գալիս էին կենտրոնական հրապարակ, Սայլակավորին ուղեկցում զուգարան, սպասում, որ միզի սրվակի մեջ, վերցնում էին մեզով սրվակն ու տանում բժշկական փորձաքննության` պարզելու, թե իսկապես սննդային ոչինչ չի օգտագործել հացադուլավորը: Էդպես պահանջում էր հացադուլավորների մասին օրենքը:
Ավոն մտավ նախորդ գիշերվա սրճարանը: Սիրունատես մատուցողուհին այս անգամ առանց ջանք թափելու էր ժպտում, տեսքն էլ թարմ ու առույգ էր` նախորդ օրվա համեմատ: Ավոն սուրճ ու գարեջուր պատվիրեց: Գիտեր, որ եթե առավոտյան սկսեր խմել, ամբողջ օրը դրանով էր զբաղվելու, բայց մյուս կողմից էլ, եթե անելիք չկա, ինչո՞ւ չփնտրել արհեստական հետաքրքրություններ: Մատուցողուհին նոր էր բերել գարեջուրը, երբ Ավոն տեսավ, թե ինչպես են հանձնաժողովականները Սայլակավորի հետ մտնում սրճարան, ավելի ստույգ` սրճարանի զուգարան: Սայլակավորի միզելը կարծես մի յուրօրինակ ծիսակարգ լիներ, հատուկ արարողություն: Ավոն քմծիծաղ տվեց ու մեծ կում արեց գարեջրից: Չնայած նա ոչ մի անգամ չէր նախաճաշում և օրվա մեջ առաջին անգամ ուտում էր կեսօրից ահագին հետո, այդ պահին ինչ-որ տարօրինակ քաղց զգաց: Գուցե վաղ առավոտվա գարեջուրն էր պատճառը:
— Ամենաարագն ի՞նչը կպատրաստվի,- հարցրեց մատուցողուհուն:
— Սենդվիչները, ձվածեղը…
— Ձվածեղ: Ոլոռով: Սև պղպեղը` շատ,- հրամայելու պես ասաց:
— Բարի: Պղպեղը կբերեմ, որքան կամենաք, ավելացրեք:
— Չէ’, չէ’, էդպես չի կարելի, պղպեղը պիտի պատրաստելու ընթացքում լցնեք, որ ուտելիքի համը տեղը լինի:
— Ոնց կասեք,- սովորությանն անդավաճան` ժպտաց մատուցողուհին ու գնաց խոհանոց:

Մատուցողուհու` ոլոռով ձվածեղը բերելն ու Սայլակավորի զուգարանից դուրս գալը պայմանավորված լինելու չափ համընկան: Ավոն, տեսնելով, որ Սայլակավորը նկատել է իրեն, ասաց` «արի հաց ուտենք» ու հռհռաց իր կատակից: Սայլակավորը բանի տեղ չդրեց ու ոչինչ չպատասխանեց. նրան ակնհայտորեն դուր չէր եկել հին ծանոթի կատակը: Հանձնաժողովականների «շքախումբն» ուղեկցեց Սայլակավորին ու հեռացավ հրապարակից: Ձվածեղից հետո Ավոն էլի գարեջուր պատվիրեց, արագ պարպեց ամբողջ բաժակն ու դուրս եկավ սրճարանից: Սայլակավորի կողքին արդեն ահագին մարդ էր հավաքվել, ու Ավոն, ծանոթների հետ հանդիպումից խուսափելու համար, մեքենայի մոտ հասնելու ուրիշ ճանապարհ ընտրեց:

Ավոյի մայրը, իմանալով, որ տղան գալու է, իրեն հատուկ ճարպկությամբ սեղան պատրաստեց: Ուրիշ մայրեր նման դեպքերի համար հատուկ կերակրացանկ ունեն` որդիների սիրած կերակուրներով, բայց Ավոն երբեք որևէ ուտելիքի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք չի ունեցել, ու առաջին բանը, որ անցավ տիկին Գոհարի մտքով, խոզի միս տապակելն էր:
Ավոյի մի ձեռքին փոքր, բայց գեղեցիկ ծաղկեփունջ էր, մյուսին` ուտելիքներով լի մեծ տոպրակ:
— Ավո’ ջան,- նեղսրտեց մայրը,- ինչի՞ ես էսքան բան առել, ամեն ինչ ունեմ, մի քանի օր առաջ էլ Նարեն էր մի էսպիսի տոպրակ բերել: Բա էս ո՞նց ա, որ աշխատանքի չես:
— Արձակուրդ եմ վերցրել, մա’մ ջան,- ստեց Ավոն` համոզված լինելով, որ մայրը ծանր կտանի ճշմարտությունը:
— Դե, անցիր-նստիր, ուտելիքն արդեն պատրաստ ա:
Չնայած ոլոռով ձվածեղից հազիվ մի ժամ էր անցել, ու ոչնչի ախորժակ չուներ, մորը չնեղացնելու համար մի կտոր խոզի միս կերավ:

Վեց տարեկան էր Ավոն, երբ հայրն իրենց թաղից մի քանիսի հետ ջոկատ կազմեց ու գնաց սովորական երկիրը պահելու: Շատերը խփվեցին, մի քանիսը վերադարձան, ուրիշները, որոնք էդ ջոկատի կազմում չէին էլ եղել, ահագին բաներ վերագրեցին իրենց ու երկար մորուք պահեցին: Ավոյի հոր մարմինը բերեցին ճիշտ այն օրը, երբ տղան առաջին անգամ պիտի դպրոց գնար: Մաթեմատիկայի ուսուցչուհի Գոհարը մեն-մենակ, պատվով ու իրեն այդքան հատուկ ճարպկությամբ, սեղան գցելու ճարպկությամբ, մեծացրեց որդուն` առանց որևէ բանից զրկելու: Հետպատերազմյան առաջին տարիներին մի քանի նշվող տոների ժամանակ հիշում էին Ավոյի հորը, ինչ-որ մարդիկ էին գալիս նրանց տուն, որ սովորական երկրի ղեկավարների անունից գումար կամ սնունդ հանձնեն, հետո դա էլ չեղավ, կամաց-կամաց պետություն դարձող հայրենիքի հիշողությունն այնքան մեծ ու տարողունակ չէր, որ սրանց նմաններին հատիկ-հատիկ հիշեր: Հոր դեմքն ու շարժումներն Ավոյին աղոտ էին պատկերվում, միայն ձայնն էր, որ ականջից դուրս չէր գալիս. այնքան պարզորոշ էր, կարծես ոչ թե մտաբերում էր, այլ լսում: Գոհարն ամուսնուց խոսելու սովորություն չուներ, որդին էլ առանձնապես հարցեր չէր տալիս:

Ավոն երկար չնստեց: Գրկեց մորն ու ասաց, որ կսկսի հաճախ գալ:
— Ավո’, հո Նարեի հետ չե՞ս կռվել,- որդուն խեթ նայելով` հարցրեց մայրը:
— Չէ’, ա’յ մամ, հո էրեխա չենք` կռվենք,- ի միջի այլոց պատասխանեց Ավոն ու ավելացրեց,- քանի եկել եմ, մի հատ էլ Տերտերին տեսնեմ, թե չէ կնեղանա:

Տերտերն Ավոյի մանկության ընկերն էր, մի բակում են մեծացել: Տարօրինակ կամ ոչ տարօրինակ այդ անունն էլ մանկությունից է եկել: Տերտերի վզից միշտ մի մեծ արծաթյա խաչ էր կախած` սովորականից շատ ավելի մեծ, այն խաչերից, որ քահանաներն են ունենում, և էդ պատճառով թաղից ինչ-որ մեկը նրան Տերտեր կնքեց: Բակում` Ավոյի հայրական տան դեմ դիմաց, մի քարե շինություն էր սարքել` ավտոտնակի չափերով, անունը դրել արվեստանոց ու մուրճով նվագում էր ինչպես քարերի, էնպես էլ մարդկանց նյարդերի վրա: Վերջին շրջանում միայն մահարձաններ էր քանդակում, ասում էր` փողն էդտեղից է մնում: Ու խմում էր: Երբ ընկերները նախատում էին անընդհատ խմած լինելու համար ու ասում, որ իրենք միայն առիթների ժամանակ են խմում, Տերտերն ասում էր, որ կյանքը խմելու համար ամենալավ առիթն է: Չէր արդարանում, բացատրում էր: Մի օր Ավոյին ասել էր` «ուրախությունից եմ խմում, բա երջանկություն չէ՞ միլիոնավոր սպերմատոզոիդներից միակ բախտավորը լինելը: Կամ էլ կարող էի, չէ՞, ոչ թե մարդ լինել, այլ աթոռ կամ քանդակագործի մուրճ»: Տերտերի փիլիսոփայությունն, իհարկե, ծիծաղելի էր թվում Ավոյին, բայց նա սիրում էր զրուցել քանդակագործ ընկերոջ հետ, իր լրագրող գործընկերներին էլ միշտ պատմում էր նրա մասին ու ասում, որ Տերտերից շատ բան կա սովորելու»:

Ավոն արվեստանոց մտավ այն պահին, երբ Տերտերը հյութի բաժակի մեջ օղի էր լցնում: Նկատելով ընկերոջը` բաժակը դրեց սեղանին ու գնաց նրան ընդառաջ:
— Ա’յ անխիղճ, գոնե նորմալ բաժակով խմի էդ օղին,- ծոր տվեց Ավոն:
— Կխմե՞ս, դեղձի օղի ա, տղերքն են բերել:
— Տղերքն ո՞վ են:
— Չես ճանաչի, զակազչիկներ են: Կխմե՞ս:
— Կխմեմ:
Մինչ Տերտերը բաժակներն էր լցնում, Ավոն ուշադիր զննում էր կիսատ քանդակը, որ զբաղեցրել էր արվեստանոցի կեսը:
— Վերցրու, Ավո’, շնորհավոր Նոր տարի,- ասաց Տերտերը` բաժակն Ավոյին տալով:
— Շնորհավոր,- Ավոն բաժակը խփեց ընկերոջ բաժակին, ու խմեցին:
Մի քիչ էլ նայեց քանդակին, հետո հարցրեց.
— Էս ո՞ւմ արձանն ա:
— Դու իրան դժվար իմանաս, հին գողական ա: Էս դեղձի արաղն էլ սրա մեծ տղեն ա բերել:
— Հիմա գողականներին է՞լ են արձան կանգնեցնում:
— Հա’, բա հո քո արձանը չեն կանգնեցնելու: Ավո’, ասում եմ` չքանդակե՞մ քեզ,- բարձր ծիծաղեց Տերտերը:
— Պապուդ քանդակի, էն էլ ա, չէ՞, ջահել ժամանակ գողական եղել:
— Ես լուրջ բան եմ ասում, ա’յ ախպեր, քեզ կքանդակեմ, անունն էլ կդնենք` անհայտ ժուռնալիստի արձանը:
— Բայց ինչի՞ անհայտ,- Ավոն չկարողացավ զսպել ծիծաղը:
— Դե, հանել են գործից, էդ մոմենտով էլի:
— Էդ դեպքում` անգործ ժուռնալիստի, ոչ թե անհայտ:
— Եթե երկար անգործ մնաս, համ էլ` անհայտ:
— Որտեղի՞ց ես իմացել, որ գործից ազատվել եմ:
— Չես ազատվել, ազատել են:
— Լավ, քո ասածն ա: Որտեղի՞ց ես իմացել, որ ազատել են:
— Լսել եմ էլի, չեմ էլ հիշում:
— Բայց ինձ երեկ են ազատել:
— Ես էլ էսօր եմ լսել: Էլի լցնե՞մ:
— Մորս մոտ հանկարծ բան չխոսես էդ թեմայով:
— Չեմ խոսի: Լցնե՞մ:
— Չէ’, դուրս եմ գալիս: Կզանգեմ:
Ավոն գործի գցեց մեքենան և ուղղություն վերցրեց կենտրոնական հրապարակի կողմ:

… Կոնսերվատորիայի պահակը, Նարեին տեսնելով, ահագին զարմացավ, շնորհավորեց անցած տոներն ու տվեց լսարանի բանալին: Նարեն չգիտեր, թե ինչի համար է աշխատավայր եկել: Տանը մնալ չէր ստացվել, ու առաջին բանը, որ ուղեղին փչել էր, Կոնսերվատորիա գալն էր: Տոնական արձակուրդը դեռ չէր ավարտվել, երեք շաբաթ կլիներ` Նարեի լսարանի դուռը չէր բացվել, օդը ծանր էր, տհաճ: Բացեց պատուհանները, լսարանի վերջում դրված պահարանից սուրճ ու սրճեփ գտավ և հենց սրճեփը միացրեց հոսանքին, լսարան մտավ Լևոնը` Նարեի համակուրսեցին ու Կոնսերվատորիայի ամենաերիտասարդ ամբիոնի վարիչը:
— Շքեղ տեսք ունես,- ասաց նորեկը` ներս մտնելով,- չե՞ս վախենում, որ ուսանողներդ կսիրահարվեն:
— Ուսանողներս վաղուց են սիրահարված,- ժպտաց Նարեն,- սուրճ կուզե՞ս:
— Չէ’, քիչ առաջ խմել եմ: Ինչի՞ համար ես եկել, գործ կա՞:
— Չէ’, ի՞նչ գործ պիտի լինի, ուղղակի տանը ձանձրացա:
— Այ, դա արդեն նորություն էր: Փաստորեն, Ավոն սկսել ա քեզ ձանձրացնել:
— Ավոյին պիտի տեսնեմ, որ ձանձրացնի,- դժգոհ ասաց Նարեն, սուրճը լցրեց բաժակի մեջ ու նստեց ուսանողական նստարաններից մեկին:
— Կաբինետում ընտիր կոնյակ ունեմ,- Նարեի գլխավերևում կանգնելով` ասաց Լևոնը,- բերե՞մ:
— Անունը մի տուր: Երեկ ընկերուհուս տանն էնքան եմ խմել, մինչև հիմա ուշքի չեմ գալիս:
— Դե, ես հո չեմ ասում` հարբենք, մեկ-երկու բաժակ: Նոր տարի ա, ի վերջո, պիտի շնորհավորենք:
— Լավ,- տեղի տվեց Նարեն,- բաժակներ էլ կբերես, ինձ մոտ չկան:
Մինչ Լևոնը կոնյակը կբերեր, Նարեն վերցրեց սուրճը, գնաց ռոյալի մոտ ու նվագեց նախորդ օրվա մեղեդին: Ամեն հպումից ռոյալի ստեղների փոշին առաստաղ էր բարձրանում: Էլի փորձեց հիշել` որտեղից գիտի էդ երաժշտությունը, էլի չկարողացավ: Լևոնը բերեց ուսանողի ծնողից նվեր ստացած թանկարժեք կոնյակն, ու խմեցին: Մի քիչ զրուցելուց հետո Նարեն ասաց, որ պիտի դուրս գա, Լևոնն էլ որոշեց ուղեկցել նրան:
— Իմ սենյակից մի քանի բան պիտի վերցնեմ, գնամ-գամ, դուրս գանք:
— Մի րոպե,- ասաց Նարեն,- մի րոպե սպասիր: Մի բան նվագեմ, տես` կհիշե՞ս:

… Կենտրոնական հրապարակը լցված էր Սայլակավորի համախոհներով, լրագրողներով ու իրավապաշտպաններով: Ոստիկանների թիվը նախորդ օրվա համեմատ նկատելիորեն աճել էր, երևում էր` ինչ-որ կարևոր բան է կատարվելու: Ավոն հավաքվածներից բավականին հեռու էր կանգնել. չէր ուզում աչքի ընկնել կամ հանդիպել լրագրողներին, մանավանդ, որ նրա գործից ազատվելու լուրն արդեն տարածվել էր: Գուցե երկար կանգներ նույն տեղում, եթե մի քանի քայլ այն կողմ ծանոթ դեմք չնկատեր. սրճարանի ժպտադեմ աղջիկն էր` մատուցողուհին: Ավոն, կողքին կանգնածներին զգուշորեն շրջանցելով, մոտեցավ նրան:
— Չնայած մի անգամ բարևել եմ, բայց որոշեցի էլի բարևել:
— Կներեք,- ձայնի հարցական հնչերանգով ասաց աղջիկը,- մենք ծանո՞թ ենք:
— Ձեր սրճարանի հաճախորդներից եմ, արդեն` համարյա մշտական:
— Հիշեցի, ոլոռով ձվածեղ, սև պղպեղը` շատ,- ժպտաց մատուցողուհին:
Ավոն նույնպես ժպտաց:
— Եկել եք հանրահավաքի՞:
— Չէ’, աշխատանքս վերջացրի, տեսա, որ ահագին մարդ կա հավաքված, ասում են` հացադուլավորը պիտի ելույթ ունենա:
— Մտքովս չէր անցնի, որ քաղաքականությամբ եք հետաքրքրված,- խոսակցությանը որևէ կերպ շարունակություն տալու համար ասաց Ավոն:
— Սուտ կլինի, թե հետաքրքրված եմ, ուղղակի որոշեցի լսել:
Ցուցարարների ծափողջույնների ներքո Սայլակավորն սկսեց իր ելույթը: Հավաքվածներն ուշադիր լսում էին նրան ու համաչափ, մի մարդու նման գլխով համաձայնության նշան անում:
— Եկեք առաջանանք,- շշուկով ասաց մատուցողուհին,- էստեղից ոչինչ չի լսվում:
— Ես էլի եմ լսել էս ելույթը,- վրա բերեց Ավոն:
— Որտե՞ղ:
— Վերջին տասնհինգ տարվա մեջ գրեթե ամեն տեղ:
Թաքուն, չարաճճի երեխաների նման ծիծաղեցին, ցուցարարներից մի քանիսը նախատող հայացքներ նետեցին:
— Եկեք,- շարունակեց պնդել մատուցողուհին,- եկեք առաջանանք:
Ավոն ստիպված առաջ քայլեց, բայց այն, ինչից վախենում էր, տեղի չունեցավ: Գործընկերները, որքան էլ զարմանալի թվա, խոսք չբացեցին իր աշխատանքից ազատվելու մասին:
— Էստեղ բոլորը ճանաչո՞ւմ են Ձեզ,- հարցրեց մատուցողուհին` տեսնելով, որ հավաքվածներից գրեթե բոլորը ողջունում են Ավոյին:
— Չգիտեմ,- ժպտաց Ավոն,- երևի ճանաչում են:
— Ցուցարա՞ր եք:
— Ավելի վատ. լրագրող եմ:
Սայլակավորի համախոհներից մի քանիսը նկատողություն արեցին նրանց բարձր խոսելու համար, Ավոն մի փոքր հետ քաշվեց, մատուցողուհին` նրա հետևից, որպեսզի խոսելիս որևէ մեկին չխանգարեն:
— Ձեր աչքերից երևում է, որ թեյ եք ուզում,- ասաց Ավոն` ինքն էլ չհասկանալով` ինչու:
— Դուք վատ պայծառատես եք:
— Հնարավոր է: Ուղղակի մոռացել եմ աղջիկներին սրճարան հրավիրելու ձևերը:
— Հուսամ` խոսքը մեր սրճարանի մասին չէ, թե չէ տպավորություն է, թե էնտեղ ծնվել եմ, էնտեղ էլ մեռնելու եմ:
— Որ սրճարանը կամենաք:
— Ես անգամ Ձեր անունը չգիտեմ:
Ավոն ասաց իր անունն ու մեկնեց ձեռքը:
— Ժանեթ,- մատուցողուհին սեղմեց Ավոյի ձեռքը,- ես Ժանեթն եմ:
— Մի բան ասեմ` չե՞ք նեղանա:
— Ես անծանոթներից չեմ նեղանում:
— Բայց մենք ծանոթացանք… Որ դպրոցական էի, մեր բակում մի շուն կար, անունը Ժանեթ էր,- մեղավոր ժպիտը դեմքին` ասաց Ավոն ու սկսեց քայլել:
— Հետո՞:
— Հետո սատկեց:
— Դուք տխմարի մեկն եք,- նետեց աղջիկն ու արագացրեց քայլերը, որ Ավոյից հետ չընկնի:

Սրճարանը սակավամարդ էր, անաղմուկ: Ժանեթն առանց շաքարի սուրճ ու ջուր պատվիրեց, Ավոն` առանց սառույցի վիսկի:
— Համոզված էի, որ սուրճը դառն եք խմում,- ասաց Ավոն, երբ պատվերը բերեցին:
— Էլի աչքերի՞ցս հասկացաք:
— Հա’, ես կանանց աչքերից ամեն բան հասկանում եմ, ինչո՞ւ միայն աչքերից, մարմնի կառուցվածքից, կրծքերի ձևից:
— Հույս ունեմ` էս երեկո կրծքերիցս չեք խոսի:
Մի քանի րոպե դեսից-դենից զրուցելուց և «դու»-ի անցնելուց հետո, Ավոն սկսեց Սայլակավորից խոսել:
— Ի՞նչ ես կարծում,- հարցրեց Ժանեթին,- ինչի՞ ա ուզում հասնել հացադուլով:
— Չլսեցի՞ր, պրեզիդենտի հրաժարականն էր պահանջում:
— Հա’, բայց համոզված ա, որ դա չլինող բան ա: Մի տարեկան երեխային էլ ա պարզ, որ պրեզիդենտը թքած ունի` Սայլակավորը հաց կուտի, թե չէ:
— Կարծում ես` կապիկությո՞ւն ա անում,- երեխայի միամտությամբ հարցրեց Ժանեթը:
— Չգիտեմ:
— Ինչ ձանձրալի մարդ ես: Երբեք որևէ տղամարդ ինձ չէր հրավիրել սրճարան` քաղաքականությունից ու հացադուլավորներից խոսելու:
— Շատ լավ ա, նոր մշակույթ ա,- ծիծաղեց Ավոն,- կարելի ա անվանել քաղաքական ռոմանտիկա: Տես` ինչ սիրուն ա. տղան ու աղջիկը ծանոթանում են ցույցի ժամանակ ու որոշում միասին սրճել…
— Մի րոպե,- ընդհատեց Ժանեթը,- մենք ցույցի ժամանակ չենք ծանոթացել, մենք ծանոթացել ենք սրճարանում:
— Չէ’, սրճարանում դու ինձ համար ոլոռով ձվածեղ ես բերել ու վերջ: Տղան ու աղջիկը ծանոթացել են հացադուլավորի ելույթի ժամանակ:
— Խնդրում եմ, երբ տղան վիսկին խմի-վերջացնի, թող ինձ տուն ճանապարհի, սարսափելի հոգնած եմ…

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս