X
Մենք սոց. ցանցերում

Էդգար Կոստանդյան Սովորական Երկիր

#1 ամենացուրտ ձմեռը
Ռոյալը հլու ենթարկվում էր նրա մատներին, հավաքվածների լռությունն ու հիացած հայացքները համերգասրահի մթնոլորտ էին տալիս փոքր, նեղլիկ սենյակին: Մեղեդին, որքան անծանոթ, նույնքան էլ հարազատ էր թվում նրան ու բոլորին: Չէր հիշում` որտեղ է լսել կամ սովորել: Գուցե նվագելու ընթացքում էր հորինում. հեռու չէր իրենից: Վերջին նոտայի հետ հանգստության կամ ծանր բեռ թոթափելու հոգոց հանեց, ձեռքով ուղղեց ուսերին ի միջի այլոց թափված սև, երկար մազերն ու վերադարձավ սեղանի մոտ: Երբ հավաքվածները դեռ ծափարահում էին, ընկերուհու ծխախոտատուփից մի գլանակ վառեց ու ծուխն էնպես ներս քաշեց, ասես մոլորակի վերջին սիգարետն էր ծխում: Այդ նեղլիկ ու ծխոտ սենյակից դուրս քաղաքն ապրում էր իր ամենացուրտ ձմեռը: Ցերեկներն արևը կուրացնում էր, բայց հունվարը չէր տաքանում դրանից. ցինիկություն էր էդ օրերի արևը: Իսկ գիշերային ժամերին հասկանում էիր, որ տոներն ավարտվել են: Քաղաքն արդեն ազատվել էր տոնական գույնզգույն լույսերից: Մարդկանց համար միևնույն էր, որ տարին փոխվել է: Տպավորություն էր, որ Նոր տարի չի էլ եղել: Մինչև ոսկորները թափանցող ցուրտն ու հետտոնական հոգնածությունը, սակայն, չէին խանգարել Սայլակավորին տարվա երրորդ կամ չորրորդ օրվանից հացադուլի նստել մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում: Ստվարաթղթի վրա խոշոր տառերով ու ընթեռնելի ձեռագրով շարադրել էր իր պահանջները, ստվարաթուղթը վերևի երկու ծայրերից ծակել, թել էր անցկացրել, որ կարողանար կախ տալ վզից: Քաղաքը նրան լավ էր ճանաչում. առաջին անգամը չէր, որ հացադուլի էր նստում: Այդ մարդու մասին կարծիքները խիստ հակասական էին: Երբ ինչ-որ տեղ խոսք էր բացվում նրա մասին (իսկ նրա մասին հաճախ էր խոսք բացվում), զրուցակիցները երկու ճամբարի էին բաժանվում: Մի կողմը Սայլակավորին համարում էր երկրի ու քաղաքացու փրկության վերջին հույսը, սովորական երկրի վերջին կենդանի հերոսը, իսկ մյուս ճակատը պնդում էր, որ Սայլակավորն արևմտյան կասկածելի կազմակերպությունների դրածո է, և նրա պայքարն էլ, ուրեմն, ոչ թե հանուն քաղաքացու է, այլ հանուն մեծ փողերի: Նույնիսկ լեգենդներ էին պտտվում, որ տեսնող է եղել, թե նա ոնց է քայլում, և էդ սայլակն էլ, փաստորեն, արևմտյան բեմականացման հերթական ատրիբուտն էր:

… Գիշերվա երկուսին ժուռնալիստ Ավոն իր շարքից դուրս եկած բալագույն Օփելը կայանեց շուրջօրյա կրպակի դիմաց: Մի Ձմեռ պապ գրպանի մանրադրամներն էր համրում, որ օղի առնի: Սովորական երկրի ձմեռ պապերը հիմնականում խմող են և մեծ մասամբ` սոված: Ավոն փակեց մեքենայի դուռը, դառը ժպտաց ծերուկին, որի շորերից ու մորուքից ներս գուցե երիտասարդ մեկն էր ապրում, և քայլերն ուղղեց կենտրոնական հրապարակի կողմ` հուսալով, որ բաց սրճարան կգտնի:

… Լուսամփոփը թույլ լուսավորում էր Նարեի դեմքը: Արդեն երկու ժամ կլիներ` նույն դիրքով նստած էր: Բջջային հեռախոսի անջատված լինելն ապահովության տարօրինակ զգացողություն էր տալիս: Կոնյակի դատարկ բաժակը ցուցադրական վերև պարզեց` որպես նորը բերելու նշան: Խմելու գործում առանձնապես չկար, բայց ընկերուհու ծննդյան տոնակատարության ժամանակ չարաշահել էր օղին: Վաղուց արդեն մոռացել էր` ինչ կնշանակի ոչնչի մասին չմտածել ու թեկուզ մի օր, մի լրիվ օր վայելել կյանքը: Կեսգիշերն անց էր, երբ որոշեց դուրս գալ ընկերուհու տնից: Երեկոյի ամբողջ ընթացքում ամուսինը ոչ մի անգամ չզանգեց, ու գուցե վստահություն կոչվող էդ անտարբերությունն էր պատճառը, որ չմերժեց խնջույքի մասնակից անծանոթ տղամարդու` իրեն տուն ուղեկցելու խնդրանքը: Տան ճանապարհին, սակայն, խնդրեց տղամարդուն կանգնեցնել մեքենան ու առանց շնորհակալության կամ «բարի գիշերի»` հենց ճանապարհի մեջտեղում իջավ: Մի քիչ քայլեց ու էս բարանման սրճարանը գտավ: Կոնյակի չորրորդ կամ հինգերորդ բաժակն օղուն գումարվելուց հետո մոռացնել տվեց Նարեի բոլոր մտածմունքները: Ոչնչի մասին չէր մտածում` բացի մի բանից` որտե՞ղ էր սովորել էդ գրողի տարած մեղեդին: Էդ ի՞նչ մեղեդի էր:

… Կենտրոնական հրապարակից մի քանի մետր այն կողմ գտնվող սրճարանն առաջին հայացքից խորհրդային տարիների ճաշարան էր հիշեցնում` հին պատեր, պատերից հին սեղաններ, սեղանների հնության ծերուկներ, որ ուտում ու հարբում էին: Գիշերվա այդ ժամի համար սրճարանն ահագին բազմամարդ էր: Ավոն ազատ սեղան գտավ ու սուրճ պատվիրեց: Սիրունատես ու հոգնած մատուցողուհին ժպտալու ճիգեր գործադրեց ու գնաց պատվերի հետևից: Ավոն մտախոհ էր: Այդ օրվա երեկոյան նրան ազատել էին աշխատանքից: Գլխավոր խմբագիրը ձայնի մեղավոր հնչերանգով ասել էր, որ ազատման կարգադրությունը «վերևներից» է իջել, ու իբրև արդարացում` ավելացրել, որ Ավոն վերջին մի քանի հոդվածներում չափն անցել է:

— Ուրիշ բան հարկավո՞ր է,- հարցրեց մատուցողուհին` սուրճի գավաթը սեղանին դնելով:
— Ոչինչ հարկավոր չէ, շնորհակալություն,- թեթև ժպտաց ու սահեցնելով իրեն մոտեցրեց սուրճը:

Սրճարանից մի քանի քայլ այն կողմ Սայլակավորն ու իր համախոհները դողում էին ցրտից: Ավոն ու Սայլակավորն իրար լավ գիտեին: Ի վերջո, մեկը քաղաքի լավագույն լրագրողներից էր, մյուսը` երկրի առաջին բողոքավորը: Սուրճից հետո Ավոն որոշեց օղի պատվիրել, բայց փոշմանեց, փակեց հաշիվը, պատասխանեց սիրունատես մատուցողուհու ժպիտին ու քայլեց դեպի կենտրոնական հրապարակ: Սայլակավորի կողքին սովորական երկրի դրոշով մարմինը փաթաթած մի աղջնակ կիթառ էր նվագում, մի քանի ոստիկան, ոտքերը համաչափ գետնին խփելով ու ձեռքերը շփելով, մրսում էին ու հոգում, որ ամեն բան խաղաղ անցնի: Ավոյին տեսնելով` նրանք ժպտացին ու գլխով ողջույնի նշան արեցին: Ավոն մի փոքր կռացավ, որ շատ վերևից չբարևի իր վաղեմի ծանոթին, Սայլակավորն էլ խնդրեց երիտասարդներին իր բարեկամի համար աթոռ բերել: Ավոն տեղավորվեց փայտե անհարմար աթոռակին, մի քանի վայրկյան լռեց, ծխախոտ վառեց ու հարցրեց.
— Ի՞նչ ես անում էս ցրտին:
— Պայքարում եմ, Ավո’ ջան, կռվում եմ,- հպարտորեն արտաբերեց Սայլակավորը:
— Ո՞ւմ դեմ ես կռվում,- Ավոն հազիվ զսպեց ծիծաղը:
— Ինձնից լավ գիտես, սպասի ասեմ` քեզ տաք թեյ տան:
— Հացադուլավորներին թեյ կարելի՞ ա:
— Չգիտեմ: Ես չեմ խմում, երեխեքն են խմում:
— Բա իրենք հացադուլ չե՞ն անում:
— Չէ’, եկել են, որ կանգնեն կողքիս: Տեսնո՞ւմ ես` ինչ սերունդ ա մեծանում, հրաշք ջահելություն ա:
Ավոն թեյից հրաժարվեց, Սայլակավորին առողջություն մաղթեց ու քայլեց դեպի մեքենան:

… Բաճկոնի գրպանից գտավ բանալին, զգույշ ու անաղմուկ բացեց դուռը, մինչև հյուրասենյակ ոտնաթաթերի վրա քայլեց, որ կնոջը չարթնացնի: Տան բոլոր լույսերը հանգած էին, դեռ բակում էր նկատել: Միացրեց հեռուստացույցը, որ էկրանը լուսավորի սենյակը: Նստեց բազմոցին, մի ծխախոտ այրեց ու փորձեց հասկանալ հետագա անելիքները: Աշխատանք, փաստորեն, այլևս չուներ: Ճիշտ է, համոզված էր, որ մեկ-երկու օրից, երբ իր գործազրկության լուրը տարածվի, խմբագիրներն, իրար հերթ չտալով, զանգելու են ու աշխատանք առաջարկեն, բայց մեկ է, սիրտը կախ էր, մի տեսակ սովորել էր իր աշխատավայրին, նոր խմբագրությունում աշխատելը զրոյից կարիերա սկսել էր թվում նրան: Մի պահ սթափվեց մտքերից ու նկատեց, որ բաճկոնը չի հանել: Հանեց, անաղմուկ դրեց դիմացի բազկաթոռին ու նոր ծխախոտ վառեց: Կես ժամում հինգ գլանակ ծխեց: Վեցերորդն էր պատրաստվում վառել, երբ լսեց դռան փականի ձայնը: Ձեռքն անմիջապես տարավ անջատիչին ու միացրեց լույսը: Նարեն էր:
— Կարծում էի` ննջասենյակում ես, քնած ես:
Կինը ոչինչ չասաց, հանեց վերարկուն ու շպրտեց բազկաթոռին` Ավոյի բաճկոնի վրա:
— Ինձ գործից հանել են,- ինչ-որ բան ասած լինելու համար ցածրաձայն արտաբերեց Ավոն
— Ցավում եմ: Բայց կարծում եմ` դու ավելի լուրջ խնդիրներ ունես:
— Ի՞նչ խնդիրներ:
— Տղամարդ լինելու հետ կապված խնդիրներ: Կինդ տուն ա վերադարձել լուսաբացին, բայց դու թքած ունես: Նույնիսկ մի հարց չես տալիս:
— Առավոտյան ասել էիր, որ ընկերուհուդ ծնունդն ա:
— Լավ կլինի` լռես. խոսելիս ավելի նողկալի ես դառնում,- նետեց Նարեն ու գնաց ննջասենյակ:

Նրանց ամուսնությունը երբեք էլ բանի նման չի եղել: Էնպես չէր, որ ամեն օր վիճում էին: Ամենևին: Նրանք ուղղակի անտարբեր էին դարձել: Սկզբում` անտարբերության սկզբում, երկուսն էլ մտածում էին, թե ամեն բան օրինաչափ է, ժամանակի ընթացքում կիրքն անցնում է, ու մնում մարդկային հոգատարությունը, բայց արի ու տես, որ հոգատարությունն էլ կորավ գրողի ծոցը. դա էլ երևի կրքի պես վաղամեռիկ մի բան է: Նարեն էս մասին հաճախ էր մտածում, հիշում էր, որ առաջներում Ավոն անգամ անկողնում էր զիջող ու հոգատար, իսկ հիմա նույնիսկ հիշելն է դժվար, թե երբ են վերջին անգամ քնել իրար հետ: Երբ ծանոթացան, ամեն բան ուրիշ էր: Դարասկիզբն էր` նոր դարի երկրորդ կամ երրորդ տարին: Նարեն Կոնսերվատորիայի ուսանողուհի էր, Ավոն` համալսարանի ուսանող: Ծանոթությունն էլ սովորական պատահականություն էր: Համալսարանում Ավոյին հանձնարարել էին հոդված գրել որևէ երիտասարդ ստեղծագործողի մասին, ու առաջին միտքը, որ ծագեց նրա գլխում, Կոնսերվատորիա գնալն էր: Ռեկտորատում նրան խորհուրդ տվեցին գրել երկրորդ կուրսում սովորող մի դաշնակահարուհու մասին, ով, չնայած այդքան երիտասարդ տարիքին, հաջողության լուրջ ցուցանիշներ է գրանցել: Նրանք զրուցեցին, մի քանի օրից Ավոն բերեց տպագրված հոդվածն ու խոսքի մեջ նրան սուրճի հրավիրեց: Սրճեցին ու ամուսնացան:

… Ավոն բազմոցին քնել էր, Նարեն ոչ մի կերպ չէր կարողանում աչք փակել: Վեր կացավ անկողնուց, միացրեց ննջարանի լույսը, ծխախոտ վառեց ու առաջին անգամ ուզեց երեխա ունենալ:

Շարունակելի

Էդգար Կոստանդյանի ինտերնետային բլոգից

Լուսանկարը՝ Էդգար Կոստանդյանի ֆեյսբուքյան էջից

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս