X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Լոնդոնի բոհեմական հայուհին Իդա Քար

Նա առաջին կինն էր, որին հաջողվեց Լոնդոնի ամենախոշոր պատկերասրահներից մեկում ռետրոսպեկտիվ ցուցահանդես կազմակերպել։ Sputnik Արմենիայի թղթակիցը պատմում է հայազգի այն կնոջ մասին, ում շնորհիվ լուսանկարչությունը կերպարվեստի ճյուղ համարվեց։

Նրա լուսանկարներում ոչ թե հավերժացված պահեր են, այլ կենդանի, շարժուն պատմություններ։ Իդա Քարը ոչ միայն կարողանում էր տեսնել այն, ինչ սովորական դիտողի աչքից հեշտորեն կվրիպեր, այլև տեսածը`փոխանցել, պատմել իր լուսանկարներով։

Ռուսաստանում ծնված հայազգի լուսանկարչուհի Իդա Քարը համարվում է Բրիտանիայի ամենահայտնի լուսանկարիչներից մեկը, որի ֆոտոխցիկի առջև կանգնել են 20-րդ դարի Եվրոպայի ամենահայտնի արվեստագետները, այն մարդիկ, որոնք հեղափոխում էին արվեստն ու գրականությունը։ Նրան անվանում էին «բոհեմական լուսանկարչուհի». Իդա Քարին այն ժամանակների համար արտասովոր, իսկ շրջապատի համար ավելի հաճախ «աբսուրդ» մտածողներն իրենց մասին պատմություններն էին վստահում։ Ո՞վ էր նա՝ Իդա Քարը, ինչպե՞ս սովորական հայկական ընտանիքում ծնված ու մեծացած աղջիկը կարողացավ եվրոպական բոհեմի մաս դառնալ։
Իդան ծնվել է Ռուսաստանի Տամբով քաղաքում՝ Անահիտ և Մելքոն Քարամյանների ընտանիքում։ Երբ ընդամենն ութ տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Իրան, այնուհետև՝ Եգիպտոս։ Ալեքսանդրիայում նա սովորեց ֆրանսիական վարժարանում, և դա ինչ-որ առումով բացեց նրա առջև Եվրոպայի դռները։ Հայրն առաջարկեց, որպեսզի Իդան մեկնի Փարիզ՝ բժշկական կրթություն ստանալու համար։ Դժվար է պատկերացնել, թե ինչպիսի բժիշկ կդառնար Իդայի նման ռոմանտիկ ու նրբազգաց ներաշխարհով մարդը, որի աչքը որսում էր ավելին, քան հնարավոր էր տեսնել։ Փարիզում նա հասկանում է, որ բժշկությունն իրենը չէ․ կիսատ է թողնում ուսումն ու սկսում զբաղվել վոկալով, հետո նաև ջութակ նվագել է սովորում։ Ասում են, որ Իդան բավականին տպավորիչ ձայնային տվյալներ ուներ։
20-րդ դարի առաջին կես, Եվրոպա, Փարիզ, ավանգարդիստական միջավայր․․․Արվեստում, գրականության մեջ իրենց ազատությունը փնտրող շատերի նման Իդան ևս սկսում է հետաքրքրվել քաղաքականությամբ, բնականաբար, նա սատարում է հեղափոխական մտքերը, որոնք ազատության սահմաններն ընդարձակելուն, նորություն, թարմություն բերելուն էին ուղղված։ Իդան անգամ դառնում է Կուբայի հեղափոխության ջատագովներից մեկը։ Ի դեպ, հեղափոխությունից հետո, երբ իշխանության է գալիս Ֆիդել Կաստրոն, Իդան ոչ միայն այցելում է Կուբա, այլև լուսանկարում Ֆիդելին։

Իսկ ինչպե՞ս լուսանկարչությունն Իդայի կյանքի գործն ու ապրելու ձևը դարձավ։ Մի անգամ փարիզյան հերթական զբոսանքի ժամանակ նրա աչքով ընկավ լուսանկարչական մի սրահ։ Մոտեցավ, կանգ առավ ու սկսեց դիտել։ Սեփականատերը, որը դռան մոտ էր, նկատեց Իդային․ թերևս կարծելով, որ աղջիկն աշխատանք է փնտրում, ասաց, որ ինքն օգնականի կարիք ունի և առաջարկեց զբաղեցնել այդ պաշտոնը։ Իդան առանց երկար-բարակ մտածելու համաձայնեց, բայց միայն մի պայմանով՝ ազատ ժամերին պիտի թույլտվություն ունենար սարքավորումներից օգտվելու և սովորելու։ Այդպես սկսվում է Իդայի և լուսանկարչության մինչև կյանքի վերջ շարունակվող «սիրավեպը»։

1930-ականներին Իդան հանդիպում է իր առաջին ամուսնուն՝ այն ժամանակների հայտնի լուսանկարիչ Էդմոնդ Բելալիին, որն ազգությամբ եգիպտացի էր։ Նրանք տեղափոխվում են Եգիպտոս, Կահիրեում էլ հիմնում են իրենց համատեղ լուսանկարչական ստուդիան։ Այս ամուսնությունը երկար չի տևում, բայց Իդան երկար անսեր չի մնում։

Ավելին՝ armeniasputnik.am

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս