X
Մենք սոց. ցանցերում

Horeca style

Իմ աշխարհը խոհանոցի քաոսն է. Անի Մելիքյան

Ասում են` դաշնակահարի մատերը նուրբ են, մշտապես խնամված և գեղեցիկ, խոհարարների դեպքում ձեռքերն ապահովագրված չեն վնասվածքներից: Բայց պարզվում է, որ դաշնակահարի մատերը լավագույնս կարող են զգալ համերի արարման մոգական մեղեդին: Միանգամայն տարբեր երկու մասնագիտություն, երկու աշխարհ, բայց դրանց կողքին բազմաթիվ փորձեր՝ է՜լ լրագրող, է՜լ PR մասնագետ: Մասնագիտական խաչմերուկներում վերջնականապես կողմնորոշված, երազանքի հետքերով քայլող քսանչորսամյա Անին՝ նպատակների, ներքին պայքարների և խոհարարի պատասխանատու ու բարդ աշխատանքի մասին:

-Անի՜, քչերը գիտեն, որ մինչ խոհարարությամբ զբաղվելն ունեցել ես տարբեր մասնագիտություններ և հետաքրքրություններ, սկսենք ամենասկզբից՝ դաշնակահարուհի ես…

Երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժին ընդունվելն ու դստերը երաժիշտ տեսնելը մայրիկիս ցանկությունն էր: Ես ջութակ էի սիրում, բայց գիտեի, որ երաժիշտ չեմ դառնալու, որովհետև կար կարծրատիպ, թե արվեստագետները Հայաստանում լավ չեն վաստակում, իսկ ինձ համար սկզբունքային էր սեփական ուժերով բարձունքների հասնելն ու բարեկեցիկ կյանք ունենալը: Հետո մտածում էի ընդունվել ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, որտեղ հայրս էր սովորել, բայց հենց նրա խորհրդով էլ չընտրեցի այդ ուղին.

Կյանքն իմ մեջ եռում էր, և շատ էին ասում, որ ինձ կհամապատասխանի լրագրողի մասնագիտությունը. ընդունվեցի ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, ավարտեցի, նույնիսկ աշխատել եմ որպես լրագրող: Բայց դա իմ տեղը չէր, զգում էի՝ չէի կարող դառնալ այն մասնագետը, որը ցանկանում էի, իսկ միջակություն լինելն ինձ համար չէ:

– Անի՜, բազմաթիվ դեգերումներից հետո, «վերջին կանգառը» խոհարարությունն էր: Ինչպե՞ս հասար այդ կետին:

Լրագրությունից հետո ընդունվեցի մագիստրատուրա՝ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հասարակայնության հետ կապերի բաժին: Ինձ թվում էր՝ դա հենց այն մասնագիտությունն է, որն իմն է, և մեկ տարի շատ լավ սովորել եմ: Բայց…

Համալսարանում դասերից մեկի ժամանակ հյուրընկալել էինք «Երեմյան Փրոջեքթս»-ի PR բաժնի ղեկավար Անահիտ Գևորգյանին, ով այնքան սիրով ու ջերմությամբ էր պատմում իր աշխատանքի, կազմակերպության գործունեության և նախագծերի մասին, որ նա դարձավ իր աշխատանքը շատ սիրող մարդու վարակիչ օրինակ և ստիպեց ինձ մտածել՝ դա հենց այն տեղն է, որտեղ պետք է աշխատեմ հետագայում՝ որպես PR մասնագետ, կամ մարքեթոլոգ: Բայց խոհարար աշխատելը պլաններումս չկար: Սկսեցի ուսումնասիրել «Երեմյան Փրոջեքթս»-ը և ակտիվ հետևել կազմակերպության գործունեությանը: Շատ տպավորված էի, քանի որ տեսնում էի Հայաստանում գոյություն ունի հաջողակ և գրագետ ռեստորանային բիզնես:

Հետո պատահաբար գտա «Մասթեր շեֆ» հաղորդումը, և ինձ համար բացահայտեցի, թե խոհարարություն սովորող մարդկանց համար որքան բարդ ու սթրեսային է այդ գործը, ինչքան դժվարությունների միջով են նրանք անցնում: Չհասկացա՝ ինչպես, բայց խոհարարությունն աստիճանաբար սկսեց ձգել ինձ: Տեսա ինձ խոհանոցում և հասկացա, որ պատրաստ եմ այդ մարտահրավերին:

Մեկ տարի մագիստրատուրայում սովորելուց հետո ուսումս կիսատ թողեցի և սկսեցի իտալերեն սովորել՝ Իտալիա տեղափոխվելու նպատակով: Այդ ժամանակ հստակ էի որոշել, որ ուզում եմ խոհարար դառնալ:

Ընտանիքս ըմբռնումով մոտեցավ ՝ համարելով, որ բավականին հասուն եմ նման որոշման համար, կարծում էին ՝ երկար էի մտածել: Մինչդեռ որոշումս ակնթարթային էր, մտերիմներիցս շատերն անգամ ինձ չէին հասկանում: Մինչ օրս էլ դեռ վախենում եմ, մտածելով՝ արդյոք ճիշտ ընտրություն եմ կատարել, բայց հիմա վստահ եմ ու երջանիկ: Մոտակա 10-15 տարին չեմ պատրաստվում լքել այս ոլորտը: Իմ կարծիքով կյանքը կարճ է մեկ մասնագիտություն ունենալու համար, որովհետև անխուսափելի է պահը, երբ լճանում ես:

-Ընտրել ես խոհարարի մասնագիտությունը, որովհետև այդտեղ չկա՞ լճացում:

Այս ոլորտն անընդհատ զարգացող, ճկուն և հեռանկարային է: Խոհարար լինելու համար պետք է բազմակողմանի զարգացած լինել, տիրապետել լեզուների, իմանալ մաթեմատիկա, կենսաբանություն: Այն, ինչ սովորում ես դպրոցում, կիրառվում է խոհարարության մեջ, և ինչքան զարգացած է լինում մարդը, այնքան ավելի հեշտ է ստացվում հմտանալ մասնագիտության մեջ:

Հաճախ էին ասում՝ ափսոս է գիտելիքը, որը ստացել ես մագիստրատուրայում, բայց ես վստահ էի, որ միևնույն է չեմ աշխատելու այդ ուղղությամբ, և ափսոս է ոչ թե գիտելիքը, այլ այն ժամանակը, որը ես վատնելու եմ՝ թեպետ և չափազանց շատ եմ սիրում PR ոլորտը: Իմ աշխարհը խոհանոցի քաոսն է:

-Իսկ առաջ պատրաստու՞մ էիր, խոհանոցում քեզ հաճախ կարելի էր տեսնել:

Ինձ մոտ լավ էր ստացվում պատրաստելը, սիրել եմ խոհանոցը, բայց երբեք չեմ պատկերացրել ինձ խոհարարի դերում: Ի դեպ, բծախնդիր եմ՝ ոչ բոլորին եմ վստահում ինձ համար պատրաստելու գործընթացը: Խոհարարությունն ինձ համար առաջին հերթին մայրիկիս մատերն են: Մանկությանս ամենատպավորիչ դրվագներից է՝ մայրս՝ երիտասարդ կին, երկար գանգուր մազերով և նուրբ մատերով, խմոր է հունցում… Աշխարհի ամենագեղեցիկ պատկերն է դա: Ես նրան երբեք այս մասին չեմ ասել (Ժպտում է):

Ավելին՝ armenpress.am

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս