X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Իշխանությունը շփանալու հատկություն ունի, բայց այսքան շու՞տ

Փաշինյանի կառավարությունը թեկուզև պահպանում է հասարակական բարձր աջակցությունը, բայց և այնպես քաղաքացիական հասարակության շրջանակներում գնալով աճում են դժգոհությունները: Կառավարության և ԱԺ քաղաքական մեծամասնության որոշ անդամներ ջանք չեն խնայում դժգոհությունների ալիքը ուժգնացնելու և նշմարվող անջրպետը ավելի խորացնելու հարցում: Ստեղծվում է տպավորություն, որ կառավարությունը երբեմն կոպիտ, երբեմն էլ ոչ պոպուլյար քայլերի փոխարեն (քանզի ռեֆորմները ենթադրում են վիրահատական միջամտություն) որդեգրել է հարմարվողական «ո՛չ շիշը, ո՛չ քյաբաբը» ռազմավարությունը: Սա ուղիղ ճանապարհ է՝ հայտնվելու նախկինների և ներկա կոնկուրենտների քննադատության տարափի տակ:

Հեղափոխական նախկին երիտասարդները, որոնք այսօր բավականին բարձր պաշտոններ են զբաղեցնում, կորցրել են հասարակության հետ շփման հետադարձ կապի բաղադրիչը, որը սկզբնական շրջանում համարվում էր նոր քաղաքական ուժի այցեքարտը: Ինչևէ, կոստյումն ու աշխատասենյակը փոխում են մարդու կենսակերպը, և դժվար է չչինովնիկանալ: Նախկինների չարացած հայացքների տակ աշխատելը, մեդիառեսուրսների տեղատարափ նեգատիվին պատասխանելը փոշիացնում է ողջ ներուժը՝ քաղաքական և տնտեսական օրակարգը իջեցնելով կենցաղային մակարդակի: Ձեզ տրվել է 5 տարի երկիրը կառավարելու բարձր լեգիտիմության պաշար, և ուրեմն, ի գործ:
Մի պահ կանգ առեք, պարոնայք, վերարժևորեք անցած մեկ տարին և շարժվեք առաջ: Դուք ձախողելու իրավունք չունեք:

Հ. Գ. Հանրապետական պսեվդոինտելեկտուալներին մի խորհուրդ՝ ձեր իշխանության յուրաքանչյուր օրը մեր ժողովրդին այնքան դառնություն և անարժանապատիվ կյանք է «պարգևել», որ Փաշինյանի նույնիսկ կատարյալ ձախողման դեպքում դուք հաջորդը չեք մոտակա 15-20 տարում: Գտե՛ք ձեզ այլ վայրում:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս