X
Մենք սոց. ցանցերում

Արցախ

Արցախում քննարկվել են հետպատերազմյան հոգեբանական խնդիրների հաղթահարման հարցեր

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի հետ միասին, հուլիսի 13-ին հանդիպել է Արցախի հանրակրթության և առողջապահության ոլորտների մի խումբ հոգեբանների՝ քննարկելու բնագավառի առկա իրավիճակն ու հետպատերազմյան հոգեբանական խնդիրների հաղթահարման մոտեցումները: 

Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել հոգեբաններին հատկապես հետպատերազմյան շրջանում նրանց ցուցաբերած սրտացավ աշխատանքի համար: Նա շեշտադրել է, որ եկել է ժամանակը մեկտեղելու բոլորի ներուժը և համակարգված կերպով աշխատելու հասարակությունում առկա հոգեբանական կարիքների վերհանման ու բավարարման ուղղությամբ: 

«Հանրության խոցելի խմբերին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու առումով, իմ պատկերացմամբ, երեք հիմնական ուղղությամբ համատեղ աշխատելու անհրաժեշտություն կա: 

Առաջինը՝ աշխատանքների ու ռեսուրսների համակարգման նպատակով ցանկալի է ունենալ մեկ մարմին, որտեղ համակարգված կերպով կհավաքվեն բոլոր տվյալները, կլինի աշխատանքների ճիշտ դերաբաշխում և տեղի, Հայաստանի ու սփյուռքի մասնագիտական ներուժի կենտրոնացում: 

Երկրորդ ուղղությունը հոգեբանական աջակցության կարիք ունեցող անձանց ու խմբերի հետ ուղիղ աշխատելն է, որը տևական ու պրոֆեսիոնալ ջանքեր է պահանջելու: 

Երրորդ ուղղությունը մասնագիտական ռեսուրսի որակական ու քանակական աճն է՝ միջնաժամկետ ու երկարաժամկետ կրթական ծրագրերի տեսքով: Իմ պատկերացմամբ՝ այդ կենտրոնը պետք է զբաղվի նաև մասնագետների որակավորման հարցերով, որպեսզի ստեղծված իրավիճակում հանրության խոցելի խմբերի հետ առնչվեն համապատասխան գիտելիքներ ունեցող մասնագետները»,- ընդգծել է պետական նախարարը:

ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը շեշտադրել է կենտրոնի բացման անհրաժեշտությունը, նշել, որ նմանատիպ կենտրոն ունենալու գաղափարը ծնվել էր դեռ մինչև պատերազմը, իսկ այժմ այն հրատապ հարցերից մեկն է: Նա կարևորել է, որ մատուցվող ծառայություններից օգտվեն նաև ամենահասարակ, նվազագույն կենսամակարդակով ապրող մարդիկ:

Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի խոսքով՝ տարբեր մասնագիտացմամբ հոգեբանների կարիք շատ է նկատվում, և այս առումով նախարարությունը պատրաստ է առավելագույն ջանք ներդնել բացը լրացնելու և կենտրոնի աշխատանքները արդյունավետ կազմակերպելու համար:

Քննարկման վերջում մասնակիցները փոխանակել են կարծիքներ, բարձրացրել ընթացիկ լուծումներ պահանջող մի շարք խնդիրներ, ներառյալ՝ տարածքային հոգեբանների ինստիտուտ ունենալու, հոգեբանների կարգավիճակի և դրանից բխող մի շարք այլ հարցեր:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս