X
Մենք սոց. ցանցերում

Սպորտ

Պատրաստ ենք քննարկել համագործակցության ցանկացած առաջարկ. Կարեն Գիլոյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատրաստ է քննարկելու հայ-իրաքյան սպորտային համագործակցության հնարավորությունները:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Իրաքի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարի տեղակալ Սաֆվան Մոհամեդ Մահմուդին, Իրաքի կարատեի ազգային հավաքականի մարզիչ Ֆլահ Բադրին, «Ոսկյա գավաթի» գործադիր տնօրեն Մոհամմեդ Սայեդին և Baldyt al mousel մարզական ակումբի նախագահ Սամի Սլիման Մահմուդին, որոնց ուղեկցել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը:

Վերջիններս ներկա են եղել հուլիսի 2-4-ը Երևանում կայացած WKF օլիմպիական կարատեի միջազգային բաց մրցաշարին՝ Yerevan Open-ին: Խոսելով 12 երկրի շուրջ 360 կարատեիստի մասնակցությամբ մրցաշարի մասին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը փաստել է, որ այն անցել է բարձր մակարդակով, և վստահեցրել՝ նախարարությունը կանի հնարավորը նմանօրինակ մրցումների անցկացմանն աջակցելու համար: Կողմերը քննարկել են սպորտի ոլորտում հնարավոր համագործակցության սերտացմանը վերաբերող հարցեր, կարևորվել է համատեղ մարզական միջոցառումների անցկացումը: Այդ համատեքստում Կարեն Գիլոյանը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի մարզական ենթակառուցվածքները՝ ընդգծելով հատկապես Ծաղկաձորի մարզաբազայի ընձեռած հնարավորությունները:

«Պատրաստ ենք քննարկել համագործակցության յուրաքանչյուր առաջարկ՝ ի շահ մեր երկրներում սպորտի զարգացման: Համատեղ հավաքները, փոխանակման ծրագրերը և սեմինարները կարող են լավագույնս նպաստել մեր երկրների միջև սպորտային կապերի ստեղծմանն ու ընդլայնմանը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Անդրադարձ է եղել Տոկիոյում կայանալիք առաջիկա Օլիմպիական խաղերին, որում Հայաստանը կներկայացնի 17 մարզիկ, իսկ Իրաքը ներկայացուցիչ չունի: Կարեն Գիլոյանը Հայաստանում հենակետային մարզաձևերի զարգացման փորձը ներկայացնելու պատրաստակամություն է հայտնել:

Աշխատանքային հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրող այլ թեմաների շուրջ, քննարկվել են պաշտոնական այցերի և առավել գործնական համագործակցության անցնելու հնարավորությունները:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս