X
Մենք սոց. ցանցերում

ՀԱՊԿ-ը շարունակում է հետևել Հայաստանի հարավում տիրող իրավիճակին | Ստանիսլավ Զաս

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից մայիսի 12-ին ՀՀ պետական տարածք ներթափանցմանն ու սահմանային իրավիճակին:

Զասը լրագրողներին պարզաբանել է, որ  Հայաստանի հարավում սահմանային իրավիճակի սրումը ՀԱՊԿ կանոնադրության դրույթներով չի անցնում՝ նշելով, որ կառույցի ներուժը գործադրվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում: Մինչդեռ Հայաստանում, ըստ էության, սահմանային միջադեպ է, ոչ հարձակում:

«Փառք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան։ Սա սահմանային միջադեպ է, մենք կողմ ենք, որ այն լուծվի խաղաղ ճանապարհով», – ասել է նա:

Զասի գնահատմամբ` հակամարտության սրացում չի նկատվում, առաջիկայում աշխատանքներ են սպասվում սահմանային իրավիճակի շտկման, ճշգրտումների, վիճելի պահերի լուծման համար, որոնք պետք է կարգավորվեն միայն բանակցությունների սեղանի շուրջ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտնել է, որ Հայաստանի կողմից ՀԱՊԿ դիմումից հետո կազմակերպությունը խորհրդակցություններ է անցկացրել երկրի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների մակարդակով:

«Ես շփումներ եմ ունեցել նաև Հայաստանի արտգործնախարարի, պաշտպանության նախարարի հետ: Քննարել ենք առկա սահմանային իրավիճակը։ Բացի այդ, մեզ մոտ արդեն ընդհանուր քննարկում է տեղի ունեցել Դուշանբեում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ընթացքում», – նշել է Զասը՝ հավելելով, որ Հայաստանի հարավում տիրող իրավիճակին կառույցը մշտապես կհետևի:

Զասը նաև ասել է, որ կազմակերպությունը անհրաժեշտ տեղեկատվություն է ստանում բազմաթիվ աղբյուրներից, այդ թվում` հայկական կողմից և ռուս խաղաղապահներից:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս