X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱՎԹԸ. Արման Բաբաջանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
Մի ժամանակ Հայաստանի նավթն ու գազը սփյուռքն էր: Այսինքն` ասում էին, որ Հայաստանն, իհարկե, նավթ ու գազ չունի, բայց փոխարենը սփյուռք ունի: Սակայն ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ սփյուռքը չի կարողանում ապահովել այն աստիճան ֆինանսական ներդրումներ, ինչքան նավթն ու գազը: Սա նաև բնական էր, որովհետև, ի վերջո, սփյուռքը ապրանք չէ, որ վաճառես և փող ստանաս: Մարդիկ են, որոնք նաև ռեալ գնահատում էին նախկին և ներկա վիճակը Հայաստանում, վերաբերմունքը սփյուռքի հանդեպ, սփյուռքի ներդրումների հանդեպ: Ընդհանրապես, սփյուռքի նավթ և գազ լինելու հանգամանքը առավելապես ռոմանտիկ, էմոցիոնալ, չարդարացված մխիթարություն էր, որից պետք է ժամ առաջ ձերբազատվել:

Բանն այն է, որ սփյուռքը բոլորովին այլ գործոն է, բոլորովին այլ հնարավորություններով, միգուցե ավելի լավ` ծավալով ավելի քիչ, բայց ռազմավարական իմաստով առավել լայն հնարավորություններով: Սփյուռքը պետք չէր դարձնել մեր ներքին նավթագազային բարդույթների զոհ: Հայաստանի նավթն ու գազը սփյուռքը չէ, ոչ էլ Սևանն էր իր սիգով կամ Ջերմուկը: Հայաստանի նավթն ու գազը կարող է լինել միայն միտքը, առաջադեմ միտքը, որը ժամանակակից, արդիականացված աշխարհում շատ ավելի ռազմավարական հումք է, քան նավթն ու գազը: Պարզապես պետք է կարողանալ տնօրինել այդ հումքը: Հայաստանում այսօր կա դրա խնդիրը:

Մարդկային միտքը Հայաստանում շարունակում է մնալ չգնահատված, մարդկային արժեքները, ստեղծագործական կարողությունները մնում են չգնահատված, չպահանջված անազատ: Հեղափոխությունը ևս Հայաստանում չի ստեղծել հնարավորություններ այդ ստեղծագործական պոտենցիալի լիարժեք բացահայտման համար:

Ստեղծագործական միջավայրի պոտենցիալի լիարժեք դրսևորման համար անհրաժեշտ է, որ երկրում պահանջված լինեն մարդկային մտավոր հատկանիշները, բարոյական հատկանիշները, ստեղծելու, արարելու հատկանիշները, ոչ թե խաբելու, գցելու, թալանելու, հարկ եղած դեպքում էլ սպանելու բնազդները: Երբ երկրում իշխում են, երբ պահանջված են այդ բնազդները, երբ խրախուսվում են այդ բնազդները, դրանք չեն պատժվում, լավագույն դեպքում ընդամենը քողարկվում են ինչ-որ հայտարարությունների և հռչակագրերի տակ, իրական նավթն ու գազն էլ արդեն դառնում են ոչ թե զարգացման գրավական, այլ ընդամենը թալանի աղբյուր:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս