X
Մենք սոց. ցանցերում

Սա պատմական ռեկորդ է. Նիկոլ Փաշինյան

2021 թվականի ապրիլ ամսվա հարկային եկամուտները, ներառյալ՝ դրոշմանիշային վճարումները, կազմել են շուրջ 180 մլրդ դրամ, ինչը 1 ամսվա ընթացքում հարկային եկամուտների պատմական ռեկորդ են ՀՀ-ի համար: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ճիշտ է, այստեղ կա մի փոքր խորամանկություն այն առումով, որ անցյալ տարի, կորոնավիրուսով պայմանավորված, մենք կարգավորումներով հնարավորություն տվեցինք շահութահարկի կանխավճարներ չվճարել: Այս որոշումը նույնպես որոշակի ազդեցություն ունեցել է հավաքագրումների վրա, ինչը ոչ թե վատ է, այլ լավ, քանի որ արդարացվել է նախկինում կայացրած մեր որոշումը»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դժվար ժամանակներում հնարավորություն են տվել, որ գումարները, որոնք պետք է բիզնեսը վճարեր, մնան շրջանառության մեջ եւ օգնեն ճգնաժամի պայմաններում ավելի բարենպաստ վիճակում գտնվել:

Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ բյուջեի եկամտային մասը առաջին եռամսյակում գերակատարվել է շուրջ 22 մլրդ դրամով՝ հույս հայտնելով, որ այս տեմպը ոչ միայն կկարողանան պահպանել, այլեւ ավելացնել:

«Հաջորդ շատ կարեւոր ցուցանիշը հետեւյալն է. Հայաստանում պատմականորեն միշտ խնդրահարույց է եղել ավելացված արժեքի հարկի վերադարձի պրոցեսը, եւ 100 միլիարդավոր դրամների անհույս պարտքեր են եղել կուտակված: Ուզում եմ ասել, որ ապրիլի դրությամբ մենք բիզնեսին հարկերի վերադարձման գծով ունենք պարտքերի պատմական մինիմում: Ապրիլ ամսվա արդյունքներով պարտքը կազմել է 67.4 մլրդ դրամ, ընդ որում, մենք գերազանցել ենք մեր իսկ ռեկորդը: 2020 թվականի օգոստոսին պարտքը դարձյալ պատմական մինիմում է եղել՝ 69.4 մլրդ դրամ, ինչը նույնպես շատ կարեւոր է»,- ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ 2018 թվականի դրությամբ մոտավորապես 276 մլրդ դրամի պարտք ունեին բիզնեսին. «Պատկերացնո՞ւմ եք՝ 3 տարվա ընթացքում մենք 200 մլրդ-ի չափ գումար ենք վերադարձրել բիզնեսին: Ուզում եմ հիշեցնել, որ այս գործընթացի հանգրվանները հետեւյալն են. նախ՝ մենք օրենսդրական կարգավորումներ իրականացրինք եւ ԱԱՀ-ի վերադարձի ցիկլը 6 ամսից դարձրինք 3 ամիս, վերջերս էլ 3 ամսից դարձրինք 1 ամիս, ինչը 2018 թվականին մեր տված խոստումների շրջանակներում էր: Բայց կար պարտքի որոշակի դրամագլուխ, մոտավորապես՝ 50 մլրդ դրամի չափով, որը կարգավորված չէր: 2019-ի պետական բյուջեի եկամտային մասի գերակատարման արդյունքներով մենք մոտավորապես 50 մլրդ դրամ վերադարձրինք բիզնեսին»:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց՝ սրանք այն գումարներն էին, որոնք կուտակվել էին շատ երկար ժամանակներում, եւ որոնց վերադարձի հույս որեւէ մեկը չուներ:

Հաջորդ ցուցանիշը, որին անդրադարձավ Նիկոլ Փաշինյանը, 2021 թվականի ապրիլին տեղի ունեցած դրամաշրջանառության ծավալներն էին:

Նա ներկայացրեց, որ ապրիլ ամսվա ընթացքում կատարված գործարքները 8.8 մլն հատով կամ 24 տոկոսով ավելի են 2019-ի ապրիլից, իսկ դրանով արձանագրված շրջանառության ծավալները 130 մլրդ դրամով կամ 26.4 տոկոսով ավելի են 2019 թվականից:

«Իհարկե, այստեղ ծավալի առումով որոշակի ազդեցություն գնաճը կունենա, բայց ուզում եմ ուշադրություն դարձնեք, որ գործարքների թիվը 8.8 մլն հատով ավելի է, ինչը բավականին լավ եւ էական ցուցանիշ է: Կարծում եմ՝ այս ցուցանիշները վկայում են, որ մեր տնտեսական դինամիկան վերականգնման փուլում է: Շատ կարեւոր եմ համարում, որ Կենտրոնական բանկը հայտարարեց՝ տնտեսական գործերի ընթացքն ավելի լավ էր, քան նախկինում կանխատեսում էր: Պետք է մենք անպայման այս տեմպը ոչ միայն պահենք, այլեւ ավելացնենք հնարավոր ամենալայն ծավալով»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:  

Նա, դիմելով ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին, հետաքրքրվեց, թե ի՞նչ ունի ավելացնելու այս ամենին:

Ի պատասխան՝ Հովհաննիսյանն ասաց. «Հավելեմ միայն, որ ապրիլ ամսվա արդյունքներով հավաքագրված եկամուտներով հանդերձ՝ 4 ամիսների հարկային հավաքագրումները կազմում են 513 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համադրելի ցուցանիշներից ավելի է 12.3 մլրդ դրամով, իսկ 2019-ի 4 ամիսներից՝ 46.5 մլրդ դրամով: Այստեղ մի փոքր համեմատություն ենք արել 2021 թվականի 4 ամիսների եւ 2020-ի ու 2019-ի 4 ամիսներին կատարված գործարքների եւ դրամաշրջանառության ցուցանիշները»:

Հովհաննիսյանի խոսքով՝ 4 ամիսների կտրվածքով՝ 2021 թվականը 2019-ից գործարքների քանակով ավելի է 35.7 մլրդ հատով, իսկ դրամաշրջանառության առումով՝ 372 մլրդ դրամով:

«Ուզում եմ տեղեկացնել նաեւ, որ 4 ամիսների ընթացքում բիզնեսին վերադարձված փոխհատուցման ենթակա գումարները կազմել են 54 մլրդ դրամ, նախորդ տարի այն կազմել է 46.5 մլրդ դրամ, իսկ 2019-ին՝ 38.3 մլրդ դրամ»,- ասաց ՊԵԿ նախագահը:  

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս