X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Սահմանագծման հիմքում պետք է ընկած լինեն մարդու իրավունքները | Արման Թաթոյան

Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը ընկած են անվտանգության հիմքում, որքան ուժեղ են պաշտպանված մարդու իրավունքները երկրում, այնքան մեծ է անվտանգությունը։ Միջազգային կառույցները պետք է ապացուցեն, որ իսկապես մարդու իրավունքներն են ընկած անվտանգության հիմքում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Իմ կարծիքով, Հայաստանի քաղաքացիների և, մասնավորապես, Սյունիքի սահմանային բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով պետք է ստեղծվի անվտանգության գոտի։ Դա հնարավորություն կտա ոչ միայն երաշխավորել մեր սահմանային բնակիչների կյանքի իրավունքը, առողջության իրավունքը և մյուս այլ իրավունքներ, այլ նաև վերականգնել կոպտորեն խախտված սոցիալ-տնտեսական բնույթի իրավունքներ։ Օրինակ՝ արոտավայրերից օգտվելու իրավունքը, հողերը մշակելու իրավունքը և այլն։ Դա ենթադրում է, որ ադրբեջանական զինվորականները, զենքով մարդիկ, ադրբեջանական դրոշներն ու ցուցանակները պետք է այդ վայրերից հեռացվեն, որպեսզի երաշխավորվի մեր բնակիչների բնականոն կյանքը, որովհետև այդ դրոշները և ցուցանակները տեղադրվում են հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով, պատրվակ են իրենց զինվորականներին տեղակայելու համար։ Ավելին, օրինակ՝ Գորիսից Շուռնուխ և Որոտան երբ ուղևորվում ենք, կամ Կապանից դեպի Ճակատեն, դեպի Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ գյուղերը, այդտեղ ադրբեջանցիների ներկայության պատճառով, մարդիկ խուսափում են անգամ երթևեկելուց»,- ասաց պաշտպանը։

Թաթոյանը հայտնեց՝ այս վերլուծությունները՝ բազմաթիվ օրինակներով, ներկայացրել է միջազգային կառույցներին։ Վերջինս պնդեց, որ սահմանազատման և սահմանագծման հիմքում պետք է դրվեն մարդու իրավունքները։

«Հիմա մեր սահմանապահ զորքերի ծառայողները կատարում են անձնուրաց, հերոսական ծառայություն։ Սա ուզում եմ ընդգծել, բայց խնդիրը նրանցից էլ կախված չէ, որովհետև այնտեղ ունենք պատերազմի սպառնալիքով, ցեղասպան քաղաքականության արդյունքում հայտնված ադրբեջանական զինվորականներ։ Ինձ որևէ մեկը չի կարող բացատրել, ոչ մի միջազգային կազմակերպություն չի կարող հիմնավորել կամ համոզել, որ այս վիճակը նորմալ է մարդու իրավունքների տեսանկյունից։ Եվ ես՝ որպես ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, որպես անկախ հաստատություն կառավարությունից, բարձրացնում եմ այս հարցը և շարունակելու եմ բարձրացնել։ Հիմա առավել մանրամասն դիրքորոշում ենք մշակում, որը ներկայացնելու ենք միջազգային կառույցներին և դարձնելու ենք միջազգային քննարկման առարկա»,- մանրամասնեց Արման Թաթոյանը։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս