X
Մենք սոց. ցանցերում

Դավիթ Բաբայանը Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը կարևորել է հայ գերիներին հայրենիք վերադարձնելը

Աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ապրիլի 15-ին հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ՝ հայտնում են ԱՀ ԱԳՆ-ից:  

Անդրադառնալով 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային՝ ԱՀ արտգործնախարարը ներկայացրել է պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրությունը։ Քննարկվել են հետպատերազմական ճգնաժամի հաղթահարմանն առնչվող հարցեր։ 

Դավիթ Բաբայանը շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին Ադրբեջանից հայրենիք վերադարձնելու ուղղությամբ՝ միաժամանակ մատնանշելով պաշտոնական Բաքվի բացահայտ անհարգալից վերաբերմունքը միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների նկատմամբ։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և վերջնական կարգավորման համատեքստում երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսման կարևորությունը։ 

ԱԳ նախարարը նշել է, որ Արցախը երբևիցե չի լինելու Ադրբեջանի ենթակայության տակ, և հավելել, որ անվտանգությունն ու Արցախի ժողովրդի ինքնորոշման փաստը հակամարտության կարգավորման առանցքային բաղադրիչներն են։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս