X
Մենք սոց. ցանցերում

Ողջ տարին ՀՀ կառավարությունն աշխատելու է Արցախի աջակցության 3 մեծ ծրագրերի ուղղությամբ. Մհեր Գրիգորյան

2020-ը Հայաստանի համար լարված տարի էր, Կառավարությունը գործել է արտակարգ ռեժիմի պայմաններում և թիրախային միջոցառումներ իրականացրել բոլոր ոլորտներում: Այդ մասին ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարողականի զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: 

Նա անդրադարձավ երկու հիմնական ուղղությանը՝ Արցախի աջակցության և կորոնավիրուսի կանխարգելման ծրագրերին:

Փոխվարչապետը նշեց, որ Արցախի աջակցության ծրագրերը շուրջ 2 տասնյակ են, դրանց մի մասը դեռևս շարունակվում է:

Մասնավորապես՝ անհետ կորած զինծառայողների աջակցության 6-ամսյա 500 հազար դրամ տրամադրելու «Կամուրջ» միջոցառում՝ շահառուները 600 ընտանիք, վճարված գումարի չափը 1 մլրդ դրամ: 

Խեղում ստացած զինծառայողների աջակցություն 6 ամսով՝ եռապատկելով Զինհիմնադրամի տրամադրած 100 հազար դրամը՝ 265 շահառու, օգտագործված միջոցները 200 մլն դրամ: 

Հյուընկալ ընտանիքների աջակցության 2 ծրագիր՝ ամսական 30 հազար դրամ հատուցում Հայաստանի, 45 հազար դրամ՝ Արցախի դեպքում, շահառուների թիվը 8410 է, 1.1 մլրդ դրամ արդեն վճարվել է այդ նպատակով:

Ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսվարձի 100 տոկոս վճարում՝ 4210 շահառու, 900 մլն դրամ:  

Մահացած քաղաքացիական անձանց ընտանիքներին և վիրավոր քաղաքացիական անձանց մեկ անգամյա աջակցություն՝ 1-5 մլն դրամ՝ 56 շահառու այս պահին, 200 մլն դրամ վճարված գումար: 

Վիրավոր զինծառայողներին աջակցություն՝ 6500 շահառու, վճարված 3.3 մլրդ դրամ: 

Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերի բնակիչներին մեկ անգամյա՝ 300 հազար դրամ աջակցություն, նաև 68 հազարական դրամ՝ 6 ամսվա ընթացքում՝ 35 շահառու, 15 մլն դրամ:

ՀՀ-ում պատերազմի հետևանքով անշաժ գույքը վնասված անձանց փոխհատուցում՝ 77 շահառու, 50 մլն դրամ: 

Արցախում հաշվառված անձանց աջակցության ծրագիր, որն, ըստ փոխվարչապետի, ամենամեծ ծրագիրն է՝ խոսքը կանանց և երեխաներին աջակցության ծրագրի մասին է՝ 77 420 շահառու, վճարված 5.3 մլրդ դրամ:  

Արցախի վերահսկողությունից դուրս մնացած անձանց մեկ անգամյա՝ 300 հազար դրամի վճարման ծրագիր՝ 33 981 շահառու, վճարվել է 10.2 մլրդ դրամ: 

Արցախում անշարժ գույք կորցրած անձանց աջակցություն՝ 250 հազար դրամ՝ մեկանգամյա՝ 5276 շահառու, 1.3 մլրդ դրամ: 

Արցախի մինչև 5 տարեկան երեխաներին աջակցություն՝ 13 873 երչեխա, 300 մլն դրամ: 

Այսպիսով, Մհեր Գրիգորյանի խոսքով՝ Արցախի աջակցության ծրագրերի շահառուների թիվը գերազանցում է 150 հազարը: 

Նա նշեց, որ 6 մլրդ դրամ տրամադրվել է Արցախի կառավարությանը՝ դրամաշնորհի և փոխառության տեսքով: 

Գրիգորյանը հայտնեց, որ Արցախում բնակարանաշինության ծրագրի համար ՀՀ կառավարությունը հատկացնելու է 52 մլրդ դրամ, լինելու է նաև գույքային վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության ծրագիր, որն, ըստ նրա, ԱՀ կառավարության կողմից կհաստատվի մինչև ամսվա վերջ, ՀՀ կառավարությունը կֆինանսավորի այդ ծրագիրը: 

Այսպիսով, փոխվարչապետի խոսքով, Արցախի աջակցության մասով առկա է 3 մեծ ծրագիր՝  սոցիալական աջակցության, բնակարանով ապահովելու և վնասների հատուցման: «Ողջ տարին աշխատելու ենք այս երեք ծրագրերի շրջանակում»,- ընդգծեց Գրիգորյանը:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս