X
Մենք սոց. ցանցերում

Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ի հայտարարության այդ կետը իրականության հետ որեւէ աղերս և առնչություն չունի․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում իր ելույթում ասաց․

«Շատ կարեւոր է ընդգծել, որ մենք այս ընթացքում ունեցել ենք թյուրըմբռնումներ, ոմանք՝ հատուկ պլանավորված, ոմանք՝ գուցեեւ ակամա եւ ոչ դիտավորյալ: Ուզում եմ սկսել Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի 2020 թվականի նոյեմբերի 17-ին արած հայտարարությունից: Նոյեմբերի 17-ին, այն ժամանակ դեռ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ պատերազմի 4-րդ օրը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ներկայացրել է մեր կորուստները եւ ստեղծված իրադրության վերաբերյալ Զինված ուժերի գնահատականը՝ նշելով, որ, մեջբերում եմ՝ «2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ պատերազմը կանգնեցնելու համար»:

Ուզում եմ այս ամբիոնից պատասխանատու եւ պաշտոնապես արձանագրել, որ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարության այդ կետը իրականության հետ որեւէ աղերս եւ առնչություն չունի: Չի ասել Գլխավոր շտաբի պետը նման բան: Դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում՝ ձայնագրությամբ է արձանագրված: Խոսքը սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստի մասին է:Ընդհակառակը, ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը, Զինված ուժերը կատարում է իր առջեւ դրված խնդիրը եւ մինչեւ վերջ կկատարի: Ընդգծում եմ՝ Գլխավոր շտաբի պետը Անվտանգության խորհրդին հայտարարել է, որ բանակը կատարում է իր առջեւ դրված խնդիրը եւ մինչեւ վերջ կկատարի»:Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ Գլխավոր շտաբի պետը սեպտեմբերի 30-ին չէր էլ կարող նման հայտարարություն անել, մի պարզ պատճառով՝ որովհետև 2020 թվականի օգոստոսի 21-ին Անվտանգության խորհրդի նիստում ունեցած ելույթում՝ զեկույցում, հավաստիացրել է՝ արցախյան ուղղությամբ մենք կարող ենք առկա ուժերով ու միջոցներով, ոչ մի քայլ հետ սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները:

Էլի եմ ասում՝ ԳՇ պետը 2020 թվականի օգոստոսի 21-ին Անվտանգության խորհրդի նիստում Անվտանգության խորհրդին զեկուցել է՝ արցախյան ուղղությամբ Հայաստանի զինված ուժերը կարող են առկա ուժերով և միջոցներով, ոչ մի քայլ հետ սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները:Սա Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի գնահատականն է եղել 2020 թվականի օգոստոսի 21-ին և 2020 թվականի սեպտեմբերի 30-ին:

Այս ամենը, սակայն, չի նշանակում, թե Հայաստանի քաղաքական ղեկավարությունը միջոցներ չի ձեռնարկել րոպե առաջ հրադադար հաստատելու ուղղությամբ»:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս