X
Մենք սոց. ցանցերում

Դատական համակարգը գործում է ընդդեմ պետության և ժողովրդի իշխանության․Արման Բաբաջանյան

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը կարծում է՝ Մարտի 1-ի տապալված գործով նշանավորվեց, որ երկրում իրավական քաղաքականությունն ամբողջությամբ ձախողված է։

«Ես հույս ունեի, որ իշխանություններն առնվազն գործող մի քանի պաշտոնյաների գլուխներն արդեն պետք է թռցրած լինեին։ Մի քանի պաշտոնյաներ արդեն պետք է պաշտոնանկ արված լինեին, և Արդարադատության նախարարն արդեն պետք է իր պաշտոնին չլիներ, որովհետև ուղղակի նաև պատասխանատու է եղել այն բարեփոխումների համար, որոնք պիտի դատական համակարգը հիմնավորապես առողջացման տաներ»,- ճեպազրույցի ընթացքում ասաց Բաբաջանյանը։

Պատգամավորի խոսքով՝ այն, ինչ տեղի ունեցավ, խոսում է երկչոտ, անկարող իշխանության մասին։ Ըստ էության, դատական համակարգը դիրքավորվել է գործող քաղաքական միջավայրին համապատասխան։ Ակնհայտորեն երևում է, որ ՍԴ-ն, դատական համակարգը, իրավապահ համակարգը գործում են ընդդեմ պետության, պետականության և ժողովրդի իշխանության․

«Ցույց են տալիս, թե ինչպես են ընդունակ տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործությունը՝ Մարտի 1-ի գործը, ուղղակի տապալել, երբ, ըստ էության, կա հանցանքը, բայց չկա հոդվածը։ Բայց կա 85 հատոր քրեական գործը, որտեղ ահռելի վկայություններ կան արդեն անմեղ ճանաչված Ռոբերտ Քոչարյանի ուղղակի հանցակցության և այդ հանցագործությանը մասնակից լինելու վերաբերյալ»։

Արման Բաբաջանյանը գտնում է, որ Մարտի 1-ի գործով որոշումն ամբողջությամբ քաղաքական է և տեղավորվում է առաջիկա ընտրությունների համատեքստում։ Դատական իշխանությունը չի թաքցնում իր ընդգծված համակրանքը որոշակի քաղաքական ուժերի և գործչի նկատմամբ, ինչը պատահական չէ, նաև պատահական չէ ընտրված այս ժամանակահատվածը։

«Ես կարծում եմ, որ դատական իշխանության, Սահմանադրական դատարանի, դատախազության գործողություններն ունեն շատ որոշակի քաղաքական նպատակ»,-ամփոփեց պատգամավորը։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս