X
Մենք սոց. ցանցերում

Մաքսը մի օր կգիտակցի, թե ինչու զոհվեց իր հայրը, բայց այսօր դեռ վայելում է նորածնի երջանիկ անտեղյակությունը

Միգուցե տարիներ անց փոքրիկ Մաքսը կգիտակցի՝ հայրիկը զոհվեց հանուն իր նման հազարավոր հայ մանուկների անխռով ու երջանիկ մանկության, բայց այսօր դեռ վայելում է նորածնի երջանիկ անտեղյակությունը։

Մաքսը լույս աշխարհ է եկել 2020 թվականի նոյեմբերի 15-ին, երբ արդեն հողին էին հանձնել Ապրիլյան քառօրյայի մասնակից, Արցախյան վերջին պատերազմում հերոսաբար ընկած 28-ամյա Վրեժ Պողոսյանին, որ կամավորագրվել և որպես ջոկի հրամանատար մեկնել էր ռազմաճակատ՝ այդպես էլ չհայտնելով հղիության վերջին շրջանում գտնվող կնոջը՝ Վերոնիկային իր գտնվելու իրական վայրի մասին։

Միայն նոյեմբերի 7-ից հետո, երբ արդեն անմահների շարքերն էր համալրել Վրեժը, երիտասարդ կինը հարազատներից պետք է տեղեկանար, որ ամուսինը մասնակցել է Մարտակերտի, Քելբաջարի, Շուշիի մարտական գործողություններին և քաջաբար զոհվել է Մարտունի 2-ում։

Վերոնիկան՝ ամուսնու մահից հետո, 4 ամսեկան որդու հետ միասին հայտնվել է դժվար իրավիճակում, քանի որ զույգի ամուսնությունը միայն եկեղեցով էր ամրագրված, իսկ հանկարծահաս պատերազմը խաթարեց նորաստեղծ ընտանիքի հետագա բոլոր ծրագրերը։ Այսօր երեխայի հայրության ճանաչման հարցում անգամ կան բազմաթիվ խնդիրներ։ Ստեղծված բարդությունները և հոգեկան ծանր ապրումները մեղմելու համար Վերոնիկան տեղափոխվել և բնակվում է ծնողների տանը՝ վարձով բնակարանում, ասում է՝ երեխայի ծնունդով պայմանավորված՝ զգալի ավելացել է ֆինանսական ծանրաբեռնվածությունը, բայց հարազատները փորձում են կիսել բոլոր հոգսերը։

Վերոնիկայի մայրը՝ տիկին Լարիսան հույսը չի կորցնում, հավատում է, որ հաղթահարելու են հուսահատությունն ու սոցիալական տարատեսակ դժվարությունները, իսկ զոհված փեսայի մասին խոսելիս աչքերը ջերմանում են. «Ընտանիքին նվիրված, հասնող, շատ բարի էր Վրեժը»։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս