X
Մենք սոց. ցանցերում

Ամենը ջուրը լցվեց, մնաց միայն առաջադրված մեղադրանքը

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով հանդիպել են «Հայրենիքի փրկության շարժման» լիդերները, խոսել են արտահերթ ընտրություններից, առաջիկա անելիքներից։ Նշվում է, որ միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը ակնառու նեղսրտած է եղել, իր ելույթում էլ շեշտել է, որ շարժման առաջնորդներն անհրաժեշտ ջանքեր չեն գործադրել՝ իշխանափոխության հասնելու «տատասկապատ» ճանապարհին։

Իհարկե, Վազգեն Մանուկյանը «տատասկապատի» մասին ոչինչ չի ասել, դա ես եմ ավելացրել «օդից կախված լուրերին»՝ ավելի պատկերավոր դարձնելու համար խոսքս, բայց համաձայնեք սիրելի ընթերցողներ, որ անցած չորս ամիսներին Վազգեն Մանուկյանի մղած պայքարը կարելի է բնորոշել որպես տատասկապատ, ոլորապտույտ, եթե կուզեք՝ նույնիսկ քարքարոտ ճանապարհ։

Հո հանաք բա՞ն չէ կրած պարտությունից հետո, վիշտը կրծքի տակ դուրս գալ անմիջապես փողոց և կոնսոլիդացնել ալեկոծված ժողովրդին։ Բա՞ եթե հաշվի առնենք Վազգեն Մանուկյանի պատկառելի տարիքը, ձմեռվա բուքը, միայն հիշեք փետրվարի 21-ի հուժկու հանրահավաքի անտանելի եղանակային պայմանները։ Էլ չեմ խոսում քայլած կիլոմետրերի, մարզեր կատարած այցերի, տարբեր վտանգավոր հայտարություններ անելու խիզախության, չլռենք նաև հասարակության տարբեր խավերին առերեսվելու բարդությունների մասին։

Ոչինչ չխնայեց նշանակալի քաղաքական հետագիծ ունեցող գործիչը, նույնիսկ անհնարինը արեց ու թվում էր՝ ահա, վերջապես սայլը տեղից շարժվում է, բայց արի ու տես, նախագահ Արմեն Սարգսյանն ու զինվորականներն էլ «թև ու թիկունք չդարձան» վարչապետացուին, որ իր  լայնախոհությամբ և արդարամտությամբ գար և առաջնորդեր երկիրը դեպի ներքաղաքական կայունացում, դեպի պայծառ ապագա։

Ջուրը լցվեց, ամբողջը ջուրը լցվեց, մնաց միայն խորը հիասթափությունը և ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելու առերևույթ դեպքերի առթիվ։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս