X
Մենք սոց. ցանցերում

Դատական իշխանության թիվ 1 խնդիրը դարձել է Ռուբեն Վարդազարյանը. Վիկտոր Ենգիբարյան

Մեր մեծագույն խնդիրն է, որ մենք առաջնորդներ չունենք դատական իշխանությունում, դատական իշխանությունը ֆորմալ առումով առաջնորդներ չունի, բայց մեզ պետք են առաջնորդներ, մեզ պետք է, որ Սահմանադրական դատարանի նախագահը, անդամները, Վճռաբեկ դատարանը իր նախագահով և անդամներով, ԲԴԽ-ն՝ նախագահով և անդամներով լինեն դատական իշխանության առաջնորդներ։ ԱԺ պատգամավորներն այդ առաջնորդության հետևից պատրաստ են գնալ՝ դատավորի կերպարը դարձնելով անբեկանելի և անքննելի։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։

«Այն վճիռները, որ դատավորները կայացնում են փակ աչքերով, մենք, այո, պետք է պատրաստ լինենք ենթարկվելու և հարգելու այդ վճիռները նույնպես փակ աչքերով։ Բայց մենք խնդիրներ ունենք, և այդ խնդիրների առջև չենք կարող անտարբեր լինել։ Ի վերջո, մենք՝ ԱԺ պատգամավորներս, ներկայացնում ենք հանրության շահերը որպես ներկայացուցչական մարմնի անդամներ։ Ու այսօրվա դժգոհությունները, որ կան, հատկապես ԲԴԽ նախագահի հանդեպ, դրանք գալիս են մեր հանրությունից։ Գիտեք, մեզ փողոցում օրեկան 50-100 հոգի տեսնում և բողոքում են դատական իշխանությունից։ Մարդիկ շատ չեն խորանում այդ խնդիրների մեջ, բայց մենք լավ գիտենք այդ խնդիրների պատճառը»,- ասաց պատգամավորը։

Ենգիբարյանի կարծիքով՝ դատական իշխանության թիվ 1 խնդիրը դարձել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ իր վարքագծով և հայտարարություններով, ինչպես նաև՝ ստվերային գործունեությամբ։

Պատգամավորը վերհիշեց 2013 թվականի ՄԻՊ Կարեն Անդրեասյանի դատական իշխանության վերաբերյալ զեկույցը։ Այստեղ Պաշտպանը նկարագրում էր կոռուպցիոն սխեմաների 4 տեսակի մասին, որն ավելի շատ արդարադատաության մենյու էր հիշեցնում։

Իմքայլականը ընդգծեց՝ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ վերաբերմունքը բնավ անձնական չէ, խնդիրը այն է, որ ԲԴԽ-ն չի կատարում իր լիազորությունները, չի կիրառում իրեն տրված գործիքակազմը՝ դատական համակարգն առողջացնելու համար։

Իշխող ուժի ներկայացուցիչը նաև մատնանշեց լրագրողական մի հետաքննություն, որում Ռուբեն Վարդազարյանը համարվում է ամենահարուստ դատավորը։ Այս ամենը հարցեր է առաջացնում, և պետք է տրվեն այդ հարցերի պատասխանները։

Ըստ Ենգիբարյանի՝ իրավիճակից դուրս գալու լուծումը մեկն է՝ «ԲԴԽ-ն պետք է կատարի հրատապ քայլեր և շտկի իրավիճակը»՝ ԲԴԽ նախագահը պետք է ազատի «իր կողմից օկուպացված տարածքը», քանի որ իրավունքի գերակայությունը մեր երկրում այլընտրանք չունի, Սահմանադրությունը և սահմանադրական կարգը այլընտրանք չունեն։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս