X
Մենք սոց. ցանցերում

Ես ժողովրդի պահանջը իրականացնողներից մեկն եմ․ Վազգեն Մանուկյան

Վազգեն Մանուկյանը Քննչական կոմիտեում չի պատրաստվում պատասխանել որևէ հարցի, որևէ ցուցմունք չի տալու՝ այս մասին հայտարարեց վերջինս լրագրողների հետ զրույցում։

«Ես ասել եմ նախադասություններ, թող իրավաբանները մեկնաբանեն, թե ի՞նչ են նշանակում այդ նախադասությունները։ Ես ցուցմունք տալու առիթ կամ պատճառ չունեմ։ Այս քրեական գործը իսկական քաղաքական հետապնդում է։ Նայեք՝ մեր երկրում վերջին 2,5 տարվա ընթացքում գոնե ամիսը մեկ խախտվում է Սահմանադրությունը, խախտվում են հիմնական օրենքները, ընդ որում՝ հենց երկրի ղեկավարի կողմից։ Մեկը, որ ճչացող է պատերազմի խայտառակ պարտությունից հետո, ոչ ռազմական վիճակում ինքը շարունակում է տալ Սյունիքի հողերը։ Դա նշանակում է ամենամեծ հանցագործությունը, որը կարող է կատարվել և ամենամեծ խախտումը Սահմանադրության»,- ասաց միասնական թեկնածուն։։

Նա կարծում է, որ պետք է Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործեր հարուցել և հետապնդել։ Միասնական թեկնածուն նշեց՝ «հիմիկվանից չի ընդունում իրեն առաջադրվելիք մեղադրանքը», գտնում է, որ իր հայտարարությունները Սահմանադրության խախտում չեն։

«Իրենք, որ հրավիրել են, ամսի 20-ի ելույթի վերաբերյալ է, իրենք էնտեղից նախադասություններ կվերցնեն, իրենց ուզած ձևով կարող են մեկնաբանել, ես ինքս իմ մեկնաբանությունները չեմ տա, որովհետև դա իմ գործը չի։ Ես ասել եմ այն, ինչ որ ասել եմ, թող իրանք որոշեն, թե դա ինչ է նշանակում»,- մանրամասնեց 16 ուժերի առաջնորդը։

Քննչական կոմիտեի կողմից գործ հարուցելուն Մանուկյանը հանգիստ է վերաբերում, արդեն սովոր է, իսկ այս մեկը համարում է համաժողովրդական կոչ, որ «Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»։

«Ես ժողովրդի պահանջը իրականացնողներից մեկն եմ և ցանկացած վիճակում ես կշարունակեմ հետապնդել այդ ժողովրդի ցանկությունը»,- հայտարարեց Մանուկյանը և հավելեց, որ եթե իրեն կալանավորեն, ապա հազարավոր մարդիկ կշարունակեն պայքարել, քանի որ այս պայքարը Վազգեն Մանուկյանի քմահաճույքը չէ։ Պայքարը «համաժողովրդական փրկության միակ ելքն է»՝ ազատվել այս վարչապետից, կառուցել նորից նոր, դեմոկրատական պետություն։

«Պլան Բ»-ից այսօր Վազգեն Մանուկյանը չցանկացավ խոսել, ասաց՝ թող ամեն մեկը մեկնաբանի այնպես, ինչպես հասկանում է։

Քրիստինե Հովսեփյան

 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս