X
Մենք սոց. ցանցերում

Արցախ

Եվրոպական հանձնաժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումը

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի (Կիպրոս, ԵԺԿ) կողմից Եվրոպական հանձնաժողովին ուղղված հրատապ հարցմանն ի պատասխան՝ Բարձր ներկայացուցիչ / փոխնախագահ Ժոզեպ Բորելը Եվրահանձնաժողովի անունից դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Ղազանչեցոց մայր տաճարի ռմբակոծումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի պաշտոնական կայքից:

Եվրապատգամավոր Ֆուրլասի կողմից ուղղված հրատապ հարցման մեջ նշվում էր, որ ադրբեջանական զինված ուժերը, խախտելով պատերազմի միջազգային օրենքները, 2020-ի հոկտեմբերի 8-ին թիրախավորել և հարվածներ են հասցրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարին: Եվրապատգամավորը Եվրոպական հանձնաժողովից հարցնում է, թե արդյոք վերջինս նախատեսո՞ւմ է քայլեր ձեռնարկել Արցախի «քաղաքացիական բնակչությանը և կրոնական պաշտամունքային վայրերը պաշտպանելու ուղղությամբ»:

Ի պատասխան եվրապատգամավորին՝ Եվրահանձնաժողովը հայտնում է, որ խիստ դատապարտում է Արցախի կրոնական և պատմական հուշարձանների ոչնչացումը, և ընդգծում է մշակութային և կրոնական ժառանգության պահպանման և վերականգնման կարևորությունը:

Իր պատասխանում Եվրահանձնաժողովի բարձր ներկայացուցիչը նաև հիշատակում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2347 (2017) բանաձևը, որը սահմանում է կրոնական, ուսումնական և մշակութային կենտրոնների թիրախավորումը որպես ռազմական հանցագործություններ:

Եվրահանձնաժողովը ողջունում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնած առաքելությունը դեպի՝ ներկայումս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախի շրջաններ: Այս առաքելությունն ուղղված է հայկական մշակութային ժառանգության նախնական փաստագրական գնահատմանը: Առաքելությունը նաև կաջակցի հայկական մշակութային վայրերի պահպանմանն ու վերականգնմանը:

Մեկնաբանելով գրավոր հարցման պատասխանը՝ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը նշել է.

«Ադրբեջանը պետք է լիովին պատասխանատվություն կրի 2020-ի պատերազմի ընթացքում և դրանից հետո կատարած զարհուրելի ռազմական հանցագործությունների համար: Դրանց թվում են՝ Արցախի քաղաքացիական բնակավայրերը և կրոնական ժառանգությունը, այդ թվում՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը թիրախավորելը: Միջազգային հանրությունը և պատկան կազմակերպությունները պետք է հետևողականորեն հետամուտ լինեն Ադրբեջանի կողմից բռնազավթած հայկական կրոնական և մշակութային ժառանգության պահպանմանը: Մենք չենք կարող թույլ տալ, որ իրականացվի ևս մեկ մշակութային ցեղասպանություն, ինչպիսին 2006-ի ադրբեջանական իշխանությունների կողմից նախաձեռնած Նախիջևանի հազարավոր հայկական միջնադարյան խաչքարերի ոչնչացումն էր: Արցախում պատմական հայկական ներկայության աղավաղման ցանկացած փորձ պետք է կանխվի և խստորեն դատապարտվի»:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս