X
Մենք սոց. ցանցերում

Արցախ

Պատերազմի ժամանակ ԱՀ ԱԻՊԾ-ն հիմնականում կատարել է իր առջև դրված խնդիրները. Կարեն Սարգսյան

ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը հանդես է եկել ուղերձով՝ նվիրված Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հարգելի հայրենակիցներ,

Մարտի 1-ն ամբողջ աշխարհում նշվում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր:

Քաղաքացիական պաշտպանության ոլորտն ընկալվում է որպես մարդասիրական առաքելություն: Այն իր մեջ ամբողջացնում է արտակարգ իրավիճակում կամ բնածին ու տեխնածին աղետների ժամանակ մարդկային կյանքի փրկության միջոցների ձեռնարկում, շրջակա միջավայրի, ինչպես նաև ունեցվածքի պահպանում: Այսօր էլ առանձնակի կարևորություն է տրվում քաղաքացիական պաշտպանության տեսակետից բնակչության ուսուցման գործընթացի ուսումնավարժություններին, վարժանքներին, դասընթացներին, պարապմունքներին և այլ տարատեսակ միջոցառումներին, որոնք միտված են արտակարգ իրավիճակի ժամանակ արագ և առանց խուճապի բնակչության տարհանումը, պատսպարումը և անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը:

Պատերազմը ցույց տվեց, որ այսուհետ է ՛լ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք բնակչության պատսպարման համար պաշտպանական կառույցներով ապահովման և ապաստարանների կառուցման ու վերանորոգման հարցին:

44-օրյա պատերազմի ընթացքում բնակչության ժամանակին ազդարարման և տարհանման կազմակերպման արդյունքում հաջողվել է խաղաղ բնակչության շրջանում կորուստները հասցնել նվազագույնի: Այս առումով պլանային միջոցառումներից բացի, համագործակցում ենք նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան առաքելության հետ:

Քաղաքացիական պաշտպանության համակարգում իր ուրույն տեղն ու դերն ունի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Ծառայության ամենօրյա գործունեության առանցքն են կազմում քաղաքացիական պաշտպանության կազմակերպման ուղղությամբ աշխատանքների կատարումը և այդ կապակցությամբ միջոցառումների անցկացումը:

Պատերազմի ժամանակ ԱԻՊԾ-ն հիմնականում կատարել է իր առջև դրված խնդիրները:
ՔՊ ընդհանուր համակարգում կազմակերպել է բնակչության տարհանումը վտանգավոր գոտիներից, թշնամու կողմից խոցված քաղաքացիական ու ռազմական օբյեկտներում իրականացրել է հրդեհաշիջման և փրկարարական անհետաձգելի վթարա-վերականգնողական աշխատանքներ, մարտական գործողությունների շրջաններից զոհվածների և վիրավորների տարհանման աշխատանքներ, Արցախի Հանրապետության տարածքը չլքած և չտարհանված բնակչության համակողմանի ապահովման խնդիրներ:

Պատերազմի ավարտից հետո ԱԻՊԾ-ն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացրել է անհետ կորածների որոնողական, ինչպես նաև զոհված զինծառայողների աճյունների տարհանման աշխատանքներ:

Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներն առավել արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու նպատակով, 2021 թվականին որոշվեց ստեղծել ԱՀ ներքին գործերի նախարարություն, որի մեջ ընդգրկվել են ԱՀ ոստիկանությունը և արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Շնորհավորում եմ ՔՊ ոլորտի բոլոր ծառայողներին, մաղթում, որ այսուհետ ծառայությունն իրականացնեն առանց տարերային աղետների ու արտակարգ իրավիճակների պայմաններում»:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս