X
Մենք սոց. ցանցերում

Բաղրամյան փողոցում այսօր ուրախանալու են

Հիրավի երեկ Արմեն Սարգսյանը դարձավ 16 ուժերի հերոսը՝ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկ անելու միջնորդությունը նա չստորագրեց։

«Մենք ցույց տվինք, որ մենք պատիվ ունենք»,- հանրահավաքի հարթակից պոռթկաց Արթուր Վանեցյանը։ Ու թեև այսօր է հաղթական համերգը նախատեսված, բայց Բաղրամյան փողոցում տնավորված թունդ ընդդիմադիրները, որ իրենց պոստերը չէին լքել արդեն երեք օր և խորովածն էլ հենց փողոցի մեջտեղում էին խորովում և ուտում, քոչարի բռնեցին դեռ ուշ գիշերվանից, քանզի երջանկությունն էր անթաքույց և անսահման։

Միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի քեֆին էլ քեֆ չէր հասնի, քանի որ պայքարի իրենց ձևաչափը վերջապես հաջողություն գրանցեց և, օրեր շարունակ Ազատության հրապարակում հերթապահություն իրականացնելուց հետո, սայլը տեղից շարժվեց՝ կոտրվեց Նիկոլ Փաշինյանի հենարաններից մեկը։

Թեպետ բարձրաստիճան զինվորականների կողմից Նիկոլ Փաշինյանին ներկայացրած հրաժարականի պահանջը դժվարությամբ կարելի է վերագրել Վազգեն Մանուկյանի գործադրած ջանքերին, այդուամենայնիվ, միասնական թեկնածուն ակնհայտորեն նախընտրում է իրեն վերագրել իշխանափոխության հասնելու ճանապարհին ևս մեկ խոչընդոտի հաղթահարումը։

Ըստ էության, Մանուկյանին ի սկզբանե վերապահված էր ամիսների ընթացքում իր քարոզով լեգիտիմացնել «զոռով հեռացնելու» գաղափարը, ինչի պատկերավոր ապացույցն էր «Չաուշեսկուների գնդակահարությունը», երբ «քաղաքական էլիտան» մեծ հիացմունքով ծափահարում էր՝ ի ցույց դնելով այն, որ չի խորշում տարատեսակ արյունարբու միջոցներից՝ իշխանության վերադառնալու ճանապարհին։

Մինչդեռ, քաղաքական գզվռտոցներից արդեն զզված ու հոգնած ժողովուրդը սարսափով էր հետևում երբեմնի երևելիների խրախճանքին, որ տենչում և ուղղորդում են ծայրահեղ քայլերի։ Իրենք «վճռական միջոցների» չեն դիմելու, բայց ինչպես Մանուկյանն է բազմիցս շեշտել՝ «ամեն ինչ անելու է ժողովուրդը»։

Ինչևէ, հայության տակնուվրա եղած ներաշխարհի նկարագրության վրա չշեղվելով, հայտնենք՝ հայրենիքի փրկիչներն այսօր լիցքաթափվելու են, որ երկուշաբթի նոր թափով ու ոգևորությամբ լծվեն իշխանությունը զավթելու գործին։

Քրիստինե Հովսեփյան

 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս