X
Մենք սոց. ցանցերում

Արդյո՞ք Մովսես Հակոբյանը և Սերժ Սարգսյանը դեռևս պնդում են, որ «Իսկանդերը» կրակել է

Կոռեկտության սահմանագիծը հատող բազմապիսի մեկնաբանություններից հետո, նախօրեին ՌԴ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարեց՝ 44-օրյա պատերազմում  «Իսկանդերը» չի կիրառվել, իսկ Նիկոլ Փաշինյանին հավանաբար մոլորեցրել են կեղծ տեղեկություններով։

«Իսկանդերի» կրակելու մասին առաջինը խոսեց Մովսես Հակոբյանը, ապա, որոշ ժամանակ անց, թեմային անդրադարձավ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր հարցազրույցում։ Վերջինս խոսեց հրթիռային համակարգի մասին հավանաբար մի շարք խնդիրներ լուծելու համար, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վարկաբեկելու, ինչպես նաև՝ փետրվարի 20-ի հանրահավաքին ընդառաջ կրքեր բորբոքելու համար, որը պետք է մարդկանցով համալրեր «Հայրենիքի փրկության շարժման» շարքերը։

Նկատենք, որ իր հարցազրույցում Սերժ Սարգսյանը ջանք ու եռանդ չխնայեց շեշտելու համար իր ցավը հայրենիքի մի մասի կորստի համար, բայց մի վայրկյան ավել չմտածեց, թե իր հայտարարությամբ ինչքան է վտանգում այդ նույն հայրենիքը, եթե անգամ ներկայում երկիրը ղեկավարվում է Նիկոլ Փաշինյանի կողմից։

Միգուցե թեման մնար առկախված, եթե երրորդ նախագահին չհակադարձեր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և դրան չհաջորդեին Ռուսաստանի Դաշնությունից եկող տարաբնույթ ցավոտ մեկնաբանությունները։ Ռազմավարական դաշնակից համարվող երկրի արձագանքը ինչ-որ տեղ հասկանալի է, քանի որ «Իսկանդերը» ռուսական սպառազինության կարևորագույն բաղադրիչներից է, և ցանկացած նման մեկնաբանություն կասկածի տակ է դնում զենքի հեղինակությունը։

Առանձնահատուկ պետք է ընդգծել, որ վերջին երկու օրերին լրատվական ծխածածկույթի տակ փորձ է արվում «Իսկանդերի» թեման հասցեագրել բացառապես Նիկոլ Փաշինյանին և նրա՝ բոլորին մեղադրելու ցանկությանը, չհիշատակելով Մովսես Հակոբյանի և Սերժ Սարգսյանի դերակատարությունը լուրը շրջանառելու ամբողջ պրոցեսում։ Բայց ակնհայտ է՝ թնջուկը հանգուցալուծելու համար հանրությունը սպասում է, որ նրանք մի քանի ճշտող հարցերի, այնուամենայնիվ, պատասխանեն։

Քանզի ի՞նչ է ստացվում՝ Մովսես Հակոբյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, վիրավորված և հրաժարական պահանջող Գենշտաբ և վերջում՝ Ռուսաստանից եկող հայտարարություն։ Հիմա հարց՝ այս շղթայում ո՞վ ի՞նչ է թաքցնում և արդյո՞ք Մովսես Հակոբյանը և Սերժ Սարգսյանը դեռևս պնդում են, որ «Իսկանդերը» կրակել է։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս