X
Մենք սոց. ցանցերում

Արցախ

Արցախը հայերեն է, բայց ապրելո՞ւ է հայերեն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը «Լեզվի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ մարտի 2-ին խորհրդարանական լսումներ է հրավիրել։ Նախագծով առաջարկվում է Արցախում ռուսերեն լեզուն դարձնել որպես պաշտոնական լեզու՝ հավասարեցնելով այն հայերենին։

Զարմանալի չէ, որ այսպիսի նախաձեռնությունը տվյալ ժամանակահատվածում, երբ Արցախը փորձում է վերականգնվել պատերազմից հետո, իսկ ոմանք ջանասիրաբար ձգտում են սեպ խրել Հայաստան – Արցախ փոխհարաբերություններում, միանշանակ չի ընդունվել ո՛չ Հայաստանում, ո՛չ նույնիսկ Արցախում, և շատերի կողմից նախագիծը ընկալվում է որպես Ռուսաստանին հաճոյանալու բացահայտ դրսևորում։

Ակնհայտ է, որ փոփոխության շուրջ համահունչ չեն անգամ Արցախի իշխանության ներկայացուցիչների կարծիքները և կան տարաձայնություններ։ Այդ մասին է վկայում նախարար Մանե Թանդիլյանի՝ «Արցախը հայերեն է և ապրելու է հայերեն» վերտառությամբ համացանցային գրառումը, այդ մասին է խոսում այն, որ Արցախի գործադիր իշխանությունները դեռ չեն արձագանքել նախաձեռնությանը։

Ավելին՝ օրեր առաջ աղմկահարույց փոփոխությունների համահեղինակ համարվող «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն առցանց քննարկման ժամանակ պարզաբանեց, որ ի սկզբանե նախաձեռնության պատճառ է հանդիսացել ռուս խաղաղապահների հետ պաշտոնական շփումն օրենքով ապահովելու անհրաժեշտությունը, և  կատարվող փոփոխությունները միտված էին զուտ կարգավորելու պաշտոնական հարաբերությունները Արցախի օրենքներին համապատասխան։

Օրենքի նախագիծը մշակվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանի և պատգամավոր Գագիկ Բաղունցի կողմից և դրվել է շրջանառության մեջ՝ առանց այն «Արդարություն» խմբակցության դիրքորոշման հետ համաձայնեցնելու։ Ուստի գրավոր ներկայացրել են իրենց տարբերակը, որում նշվում է՝ Լեռնային Ղարաբաղի պաշտոնական լեզուն հայերենն է, անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործվել նաև ռուսերենը։ Ընդդիմադիր խմբակցության համար ընդունելի չէ, որ հայերենի և ռուսերենի միջև «հավասարության նշան է դրված»։ Իսկ եթե կուսակցության առաջարկը հաշվի չառնվի, Մետաքսե Հակոբյանի անունը չի լինի օրենքի նախագծի համահեղինակների ցանկում։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս