X
Մենք սոց. ցանցերում

Սևանա լիճը հանրությանը վերադարձնելու օրակարգում կատարում ենք ամենակարևոր քայլերից մեկը. Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև.

«Սևանա լիճը հանրությանը վերադարձնելու օրակարգում կատարում ենք ամենակարևոր ու անկյունաքարային քայլերից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հայտարարում է հայտերի ընդունում՝ Սևանա լճի հանրային լողափերում հանգիստ կազմակերպելու և սպասարկում իրականացնելու նպատակով։

Հանրային լողափ №1 (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 1.39 հա):

Հանրային լողափ №2 (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի Թերակղզու ափամերձ հատված, 1.82 հա):

Հանրային լողափ №3 (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 5 հա):

Հայտերի ուսումնասիրության արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել «Սևանա լճի հանրային լողափի սպասարկման» պայմանագիր՝ երեսունվեց ամիս ժամկետով։ Արդյունքում՝ մենք ունենալու ենք գեղեցիկ կահավորված և գրավիչ ծառայություններ մատուցող հանրային լողափեր՝

Հանրության բոլոր շերտերին հասանելի հանգստի հնարավորություն Սևանա լճի ափին:
Հանրային ծառայությունների մատուցման բարձր որակ:
Անվճար ծառայություններ՝ մուտք լողափ, հանդերձարաններ, հանրային սանհանգույցներ, շվաքարաններ, բուժկետ, փրկարար ծառայություն, երեխաների համար խաղահրապարակներ:
Պատշաճ կահավարում և մաքրիչ կայանների առկայություն:
Հեռանկարային ներդրումային ծրագրեր և աշխատատեղերի ստեղծում:

Հանրային լողափերում գործունեություն ծավալող կազմակերպությունների հասույթի 15 տոկոսը վճարվելու է «Սևան» ազգային պարկին, ինչը նախկինում չի եղել: Որպես լրացուցիչ եկամուտ՝ դա կնպաստի համալիր ծրագրերի իրականացմանը և ազգային պարկի սեփական կարողությունների հզորացմանը։
Մենք պետք է բարձր նշաձող սահմանենք և շարժվենք այդ ուղղությամբ՝ մեկընդմիշտ անցյալում թողնելով հանրային լողափերի վերաբերյալ ներկայիս ընկալումները։

Մասնակցության հայտն անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթային ձևով «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ` Գեղարքունիքի մարզ, ք.Սևան, Կարմիր բանակի 56 հասցեով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 10-րդ աշխատանքային օրվա ժամը 10:00-ը: Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն կամ ռուսերեն լեզուներով:

Հայտ կարող է ներկայացվել ինչպես մեկ, այնպես էլ՝ մի քանի կամ բոլոր չափաբաժինների համար: Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել միայն մեկ հայտ։ Հայտի ներկայացման, դրանց գնահատման և հանձնաժողովի գործունեության կարգը հաստատված է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի «24» «փետրվարի» 2021թ. № 1 որոշմամբ։

Հայտերի ներկայացման վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://env.am/am/post/5658: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովին՝ 055 077777, 0261 24044 հեռախոսահամարներով»,- գրել է նախարարը:

Նմանատիպ Նյութեր