X
Մենք սոց. ցանցերում

Բարեկամները շատ բուռն կերպով հակադարձում են, բայց չեն փարատում կասկածները

Այսօր լրատվամիջոցների գլխագրերում, ինչպես և սպասելի էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իսկադերի» վերաբերյալ երեկվա հայտարարությունն է այն մասին, որ ««Իսկանդերը» «չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով»։

«Մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանը ինքը գիտի։ Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ նախօրեին 1in.am- ին տված հարցազրույցում։

Իսկ լրագրող Նվեր Մնացականյանի այն ճշգրտմանը, թե այդպե՞ս էլ է լինում, Փաշինյանը պատասխանեց՝ «Չգիտեմ, 80-ականների զե՞նք էր գուցե»։

Կանխատեսելի էր, որ վարչապետի աղմկահարույց  հայտարարությունը անարձագանք չէր մնա դարավոր բարեկամի և ռազմավարական դաշնակցի կողմից։ Դիցուք՝ պատասխանը չուշացավ։

«Վատ պարողին ոտքերը խանգարում են։ Այս խայթող ժողովրդական իմաստությունը լավագույնս է բնութագրում հայ վարչապետի խոսքը վերջին պատերազմում «Իսկանդերի» օգտագործման և դրանց «հնացած» լինելու մասին։ Մարդիկ, որոնք ավելի լավ են հասկանում պատերազմի և խաղաղության հարցերը, գիտեն, որ սա լավագույն ունիվերսալ օպերատիվ – տակտիկական համալիրն է, 21-րդ դարի զենքը։ «Իսկանդերը» իր բարձր բնութագրերը հաստատել է Սիրիայում՝ ահաբեկչության դեմ պատերազմում»,- «ՌԻԱ – Նովոստի» – ին ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սաբլինը։

ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Զավարզինն էլ իր հերթին հայտարարել է․

««Իսկանդերը» մեզ մոտ շատ բարձր ճշգրտության զենք է։ Այն բազմիցս արդեն իրեն դրսևորվել է տարբեր զորավարժություններում։ Դա պարզապես բացարձակ սուտ է և անգամ որևէ կասկածի ենթակա չէ»։

Ստացվում է, որ ռուսական կողմը պատգամավորների շուրթերով Փաշինյանին մեղադրում է ստախոսության մեջ, որը կարող է ազդել նաև հայ – ռուսական հարաբերությունների վրա։ Բայց միթե՞ Նիկոլ Փաշինյանը նման վճռորոշ ժամանակահատվածում հաշվի չէր առել, թե ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ իր հայտարարությունը և միայն մտածում էր քաղաքական օպոնենտին ուժեղ հակահարված հասցնելու մասին։

Չէի ցանկանա, որ այսպիսի կարևորագույն թեման օգտագործվեր ՀՀ ներկա և նախկին առաջնորդների կողմից պարզապես միմյանց մեղադրելու մրցավազքում և վտանգեր այն փխրուն խաղաղությունը, որ հաստատվել է մեր տարածաշրջանում, բայց ավելի հակված եմ կարծելու, որ հայտարարությունը հասցեագրված է ոչ միայն «մերժվածին», այլ հենց ռազմավարական դաշնակցին։ Ավելին՝ ենթադրում եմ, որ Սերժ Սարգսյանն էլ, «Իսկանդերի» մասին խոսելիս, համոզված է եղել, որ վարչապետը իրեն չի հակադարձի՝ հաշվի առնելով, որ ցանկացած պատասխան – հակադարձում առնչվելու է Ռուսաստանի Դաշնությանը։

Ամեն դեպքում, ինչպես այսօր նկատեց Անդրանիկ Քոչարյանը, Նիկոլ Փաշինյանի շոկային հայտարությունը պետք է ուսումնասիրվի։ Իսկ կասկածները հաստատվելու դեպքում, պետք է վերանայվի ոչ միայն Բանակի սպառազինությունը…

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս