X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Պատերազմի հետևանքով շուրջ 2000 ընտանիք դարձել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն այս պահին իրականացնում է երեք հիմնական ծրագիր։ Առաջին ծրագիրը այն է, որը մշտապես իրականացրել է հիմնադրամը՝ հատուցումներ տրամադրել՝ միանվագ և երկարաժամկետ զոհված, հաշմանդամ դարձած, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ստացած և անհետ կորած զինծառայողների ընտանիքներին։  Նաև՝ 44-օրյա պատերազմի պատճառով իրականացվում է հավելյալ երկու ծրագիր, որոնք կոչվում են «կամուրջ» ծրագրեր։ Դրանք ուղղված են ծանր վիրավորում ստացած զինծառայողներին, ինչպես նաև՝ անհետ կորած զինծառայողների ընտանիքներին։ Հաշվի առնելով, որ ծանր վիրավորումներ ստացած զինծառայողները որոշակի ժամանակ անց են միայն զինհաշմանդամության կարգ ստանում, կառավարության հետ համատեղ որոշում է կայացվել կիրառել կամուրջ ծրագրեր։ Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։

Նրա խոսքով՝ երկրորդ կամուրջ ծրագիրը անհետ կորած զինծառայողների ընտանիքների մասով է։ Քանի որ անհետ կորածը իրավական կարգավիճակ է և միայն դատարանը կարող է նման կարգավիճակ շնորհել, իսկ պրոցեսը ենթադրում է որոշակի ժամանակահատված, 6 ամսով իրականացվում է կամուրջ ծրագիրը։

Ավետիքյանը նշեց, որ ի սկզբանե հիմնադրամը 1528 ընտանիքների է սպասարկում և հատուցումներ է կատարում 2017 թվականից հետո տեղի ունեցած դեպքերի համար, միաժամանակ՝ համաֆինանսավորում է 2008-2016 թվականները ներառյալ զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողներին։ Արդեն կատարվել է շուրջ 14 մլրդ դրամի ֆինանսական հատուցումներ, որոնք կատարվում են և՛ միանվագ, և՛ ամսեկան կտրվածքով (100 – 300 հազար դրամի սահմաններում)։

Վերջին պատերազմի հետևանքով հիմնադրամը սպասարկում է 1111 ընտանիքների, որոնք մտնում են վերը նշյալ 1528 ընտանիքների մեջ։ Կատարվել է շուրջ 12 մլրդ դոլարի փոխհատուցում։ Հիշեցնենք, որ հիմնադրամը ստանձնում է 20 տարի փոխհատուցում կատարելու պարտավորություն։

Կամուրջ ծրագրով այժմ 803 ընտանիքների փոխհատուցում է կատարվում՝ ամսեկան 300 հազար դրամի չափով, 6 ամիս ժամկետով և արդեն կատարվել է 365 մլն դրամի փոխհատուցում։ Երբ դատարանի որոշմամբ անհետ կորած համարվող զինծառայողի իրավական կարգավիճակը հաստատվի, կկատարվեն համապատասխան վերահաշվարկներ։

Ըստ հիմնադրամի տնօրենի՝ ներկայում կա 55 ծանր վիրավորում ստացած զինծառայող, ովքեր խեղումներ են ստացել 44-օրյա պատերազմում, նրանք ստանում են ամսեկան 300 հազար դրամ փոխհատուցում։ Անցած շաբաթ ընդունված կառավարության որոշմամբ այս ցանկին ավելացել են նաև այն զինծառայողները, որոնք ստացել են առաջին կամ երկրորդ կարգի քաղաքացիական հաշմանդամություն, բայց դեռ չունեն զինհաշմանդամության կարգավիճակ։

Ավետիքյանը ընդգծեց՝ 44 օրյա պատերազմի հետևանքով շուրջ 2000 ընտանիք դարձել է հիմնադրամի շահառու, որոնցից 1111 ընտանիք հիմնական ծրագրի ներքո, 803-ը՝ կամուրջ ծրագրի ներքո։ Յուրաքանչյուր շաբաթ այս թվերը աճում են, քանի որ թվերը փոփոխության են ենթարկվում։

Ստեղծման օրվանից մինչ այս պահը հիմնադրամը շուրջ 32 մլրդ դրամ պարտադիր վճարների գծով կամ դրոշմանիշային վճարների գծով գումարներ է ստացել, հավելյալ՝ շուրջ 9 մլրդ դրամ նվիրատվություն է ստացել աշխարհի ավելի քան 60 երկրներից։ Պատերազմից հետո հիմնադրամը ստացել է 7,5 մլրդ կամ մի փոքր ավել նվիրաբերություն թե՛ Հայաստանից, թե՛ աշխարհի տարբեր երկրներից։ Այսինքն՝ նվիրաբերությունների շուրջ 80 տոկոսը հիմնադրամը ստացել է 44-օրյա պատերազմից հետո։

Քրիստինե Հովսեփյան

 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս