X
Մենք սոց. ցանցերում

Մինսկի խմբի համանախագահությունը ղարաբաղյան կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է

Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը խորհրդարանում է, ներկայացնում է 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում կատարված վերաձևափոխումները, խոշոր դերակատարների վերադասավորումը։ Պատգամավորների հետ զրույցում նախարարը նշեց՝ պրոցեսը դեռ չի ավարտվել, սակայն այս պահին կարելի է արձանագրել, որ տարածաշրջանում առանցքային դեր է ստանձնել Ռուսաստանի Դաշնությունը, նաև՝ ակնհայտորեն ավելացել են Թուրքիայի հավակնությունները տարածաշրջանային գործընթացներում։

Այվազյանը ընդգծեց՝ տարածաշրջանում հայ ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովումը եղել և մնում է մեր արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունը։ Ղարաբաղյան հակամարտության չլուծվածությունը շարունակում է մնալ տարածաշրջանային առանցքային մարտահրավերներից մեկը։

«Թուրքիայի աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման հետևանքները և Արցախի տարածքների մի մասի զավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում։ Միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները և կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը, կարող է համարվել հակամարտության վերջակետը»,- ասաց արտգործնախարարը։

Արա Այվազյանը շեշտեց՝ մենք հանձնառու ենք գործընթացի վերսկսմանը, սակայն, նախևառաջ, պետք է ձևավորվի խաղաղությանը նպաստող միջավայր, իսկ դրա նախադրյալներն ադրբեջանական կողմից դեռևս նկատելի չեն։ Դա է վկայում ադրբեջանական կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հումանիտար հատվածի չկատարումը, որը մասնավորապես արտահայտվում է գերիների նախահայրենադարձման ուղղությամբ խոչընդոտների հարուցմամբ։

Միևնույն ժամանակ՝ Հայաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ Մինսկի խմբի համանախագահությունը ղարաբաղյան կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է, և «մենք շարունակելու ենք սատարել այդ ձևաչափը»։

«Տարածաշրջանում մենք ակնկալում ենք տեսնել ուժեղ համանախագահություն, որն, առաջին հերթին, կկարողանա ապահովել իր մանդատի բովանդակությունը, մասնավորապես խաղաղ գործընթացի առաջմղումը»,- ամփոփեց նախարարը։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս