X
Մենք սոց. ցանցերում

ՀՀԿ երիտթևի ղեկավարը «մեծ թռիչք» է համարում այն, որ հանրահավաքին ներկա էր 40 հազար մարդ

Այսօրվա անհնազանդության երթին ընդառաջ ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը Անժելա Թովմասյանի հետ մտերմիկ զրույցում «բացատրեց», թե ինչու պետք է քաղաքացիները մասնակցեն ակցիային։ Նրա խոսքով՝ ինքը բռնության կոչեր չի անում, բայց հիշեցնում է միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի բարձրաձայնած «պլան Բ-ի» մասին, քանի որ հայրենիքը դավաճանած մարդիկ «պիտի իրավունք չունենան առանց պախկվելու դուրս գալ մեր հասարակության մեջ»։

Ինչ – որ մարդիկ այսպիսի մոտեցումը կարող են համարել իշխող ուժի ներկայացուցիչներին վախեցնել, սակայն Մամիջանյանն այն անվանում է «արդար ճնշում»։ Վերջինս հիասթափված համակիրներին վստահեցրեց, որ առաջիկայում ամեն ինչ իր տեղն է ընկնելու, պարզապես պետք է ձևավորել «կրիտիկական մասսա և պատշաճ պահ ընտրել» ցանկալիին հասնելու համար։ Իսկ ովքեր միամտաբար կարծում են, որ խնդիրը հնարավոր էր մեկ օրում լուծել, կա՛մ ռոմանտիկ են, կա՛մ հետ են ընկել քաղաքական գործընթացներից։

ՀՀԿ երիտթևի ղեկավարը ընդդիմադիր ճամբարի ձեռքբերումն է համարում այն, որ նոյեմբերին տեղի ունեցած բողոքի ակցիաներին ընդամենը 2 հազար մարդ էր մասնակցում, բայց փետրվարի 20-ին արդեն 40 հազար մարդ էր ներկա հանրահավաքին. «Այ դա մեծ թռիչք էր»։

Հայկ Մամիջանյանը նկատեց՝ իրենց համակիրների մի մասը կարծում է, որ այս գործիքը լավ չի աշխատում, բայց «չոր թվերը» ցույց են տալիս՝ այս գործիքը լավ էլ աշխատում է՝ շարժման մասնակիցները օր օրի ավելանում են։ Մամիջանյանը հերքեց՝ «Հայրենիքի շարժման» ներսում երբեք խժդժություններ չեն եղել, միայն աշխատանքային բանավեճեր, որոնք հայացքների տարբերության պատճառով են եղել, բայց «ճշմարտությունը ծնվում է բանավեճի մեջ»։

Իսկ եթե ՀՀ քաղաքացիները գտնում են, որ քաղաքական ուժերը սխալ ճանապարհով են գնում, ապա Հայկ Մամիջանյանն «անձամբ», «մեծ սիրով» բոլորին պատրաստ է հատ առ հատ լսել՝ ժամը 18։00-ին, երթի ընթացքում։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս