X
Մենք սոց. ցանցերում

«Հայրենիքը՝ իմ ապրած ժամանակի մեջ իմ կյանքի գործն է» | Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օր է

…Չհիշեմ՝ անասուն եմ իր առջև, հիշեմ՝ թշնամի: Թշնամուն ոչնչացնում են, անասունը- անասուն է: Բայց թշնամուն նաև հարգում են, որովհետև թշնամին սահման է դնում քո լկտիության շքերթի առաջ: Թշնամին քեզ վերադարձնում է քեզ: Չհիշեմ, չպատմեմ, չխոսեմ, չպատժեմ՝ դավաճանում եմ ինձ, բոլորին և իրեն՝ թշնամուն, թշնամուն՝ իրեն: Չհիշելով, չպատմելով, չպատժելով՝ ես նրա լկտիությունը պատիժ եմ դարձնում բոլորի վրա, և ոչ ոք դրա համար ինձ շնորհակալ չի լինելու, և թշնամին ինքը շնորհակալ չի լինելու:

ԱՅՍ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է: Այս է իմ հայրենիքը: Հայրենիքը ես եմ: Հայրենիքը՝ իմ ապրած ժամանակի մեջ իմ կյանքի գործն է: Չկա այդ գործը՝ չկա այդ ժամանակը՝ չկա այդ հայրենիքը այդ չգո ժամանակի մեջ՝ չկամ ես: Պատմության մկրատը կտրում նետում է հայրենիքների այդ ժամանակները և մեզ էլ՝ այդ ժամանակների հետ, չենք եղել, չկանք: Տիեզերքի խավարը լի է ամայի հայրենիքների պարապ ժամանակներով. ձեռք ես մեկնում՝ բռնող չկա, ձայն ես տալիս՝ գնում կորչում է ձայնդ, լույս ես նետում՝ ոչինչ չի գտնում լույսդ – ոչ դեմք, ոչ դեպք-

Ախ ի՜նչ գեղեցիկ է, որ իմ լույսերը ողջակիզումի պատկերներ են գտնում հեռու այն ճանապարհներին, ախ ի՜նչ լավ է՝ որ մաքառումի ու հավիտենության անցյալը բնակեցնելու հարկը ես չունեմ: Նրանց օրինակով՝ մեր ժամանակը մենք լցնելու ենք մեր գործով ու ձայնով, մեր ժամանակի վրա մենք մեր երկաթագիրն ենք թողնելու՝ այստեղ ապրել ենք մենք:

1936 թվականի այս օրը՝ փետրվարի 12-ին, Լոռվա Ահնիձոր գյուղում ծնվել է 20-րդ դարի հայ մեծագույն արձակագիրը՝ Հրանտ Մաթևոսյանը:

Մաթևոսյանը պատմում էր գյուղի, գյուղացիների կյանքի, նրանց ծանր աշխատանքի մասին: Նրա վիպակների հիման վրա ֆիլմեր նկարահանվեցին՝ «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Տերը», ներկայացումներ բեմադրվեցին: Մաթևոսյանը ճանաչվեց ոչ միայն Հայաստանում, այլև նախկին Խորհրդային Միության մեջ, ստացավ խորհրդային ամենաբարձր գրական պարգևներից մեկը` «Պետական մրցանակը»:

Հրանտ Մաթևոսյանը այսպես` երրորդ դեմքով շարադրել է իր կենսագրականը: Հրապարակում ենք այն նույնությամբ:

«ՀՐԱՆՏ ԻԳՆԱՏԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հայ գրող, արձակագիր: Նախասիրած ժանրը վիպակն է՝ նովելը: Տպագրվում է 1960 թվականից: Գրել է Մենք ենք – մեր սարերը, Բեռնաձիեր (Оранжевый табун, The Orange Herd), Խումհար (Похмелье, Hangover), Տաշքենդ, Աշնան արև (Мать едет женить сына, Autumn sun /Mother Leaves To Give To Marriage Her Son/) վիպակները, Տերը կինովիպակը, պատմվածքներ, պիեսներ, որոնք 1967-ից ի վեր, տարբեր հավաքածուներ դառնալով, բազմիցս հրատարակվել են հայերեն, ռուսերեն և ապա՝ միութենական հանրապետություների և սոցերկրների գրեթե բոլոր լեզուներով: Մոսկվայի Прогресс հրատարակչությունը The Orange Herd (Նարինջ երամակը) խորագրով հավաքածու է հրատարակել ուրդու լեզվով և անգլերեն: 1994-ին փարիզյան Ալբին Միշել հրատարակչությունը տպագրել է Հր.Մ-ի ընտրանին՝ Աշնան արև:

Հր.Մ-ի սցենարներով նկարահանվել են Մենք ենք – մեր սարերը, Աշնան արև, Տերը, Այս կանաչ – կարմիր աշխարհը կինոնկարները, նրա գործերի նյութերով՝ Օգոստոս կինոնկարը, հեռուստատեսային բեմականացումներ են դարձել Հր.Մ-ի Մեծամոր էսսեն և Չեզոք գոտի պիեսը, Երևանի դրամատիկական թատրոնում բեմականացվել են Աշնան արևը և Կայարանը: Ողջ է, աշխատում է Տերը մեծածավալ գործի, Եզրով վիպակի, Մեռելալույս – Рассеянный свет – վեպի վրա: Հայաստանի գրողների միության նախագահն է 1996-ից: Ծնվել է 1935-ին Հյուսիսային Հայաստանի Ահնիձոր փոքր գյուղում՝ Ալավերդու – Թումանյանի շրջան: 52-ից Երևանում է. աշխատել է տպարաններում և թերթերի խմբագրություններում, սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում՝ պատմա-լեզվագրական մասնաբաժնում, 1965-66-ին Մոկվայի կինոսցենարների դասընթացներում: 1984-ին Գրականության ՍՍՀՄ պետական և Հայաստանի նույնանուն մրցանակների դափնեկիր, 1996-ին ՀՀ Մեսրոպ Մաշտոց շքանշանի ասպետ:

Ընտանիքը – կին, դուստր, որդի, առայժմ երեք աղջիկ թոռ:

2001 հունվար, Երևան, ՀՀ»:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս