X
Մենք սոց. ցանցերում

Նվիրե՛ք ծառ Սիրո տոնի կապակցությամբ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում է ոգեշնչել մարդկանց՝ մասնակցելու հնարավորինս շատ ծառ տնկելու գաղափարին, ինչը նաև արդյունավետ կլինի։ Այս անգամ հիմնադրամը մեկնարկել է Սիրո տոնի առիթով սիրելի մարդուն և սիրելի մոլորակին ծառ նվիրելու նախագիծը։

«Մարդու անունով ծառ տնկելը շատ զգացմունքային և հավերժ միջոց է՝ ցուցադրելու Ձեր կապվածությունն ու սերը։ Կարելի է նվիրել ժպիտ Ձեր սիրելիին՝ գիտակցելով նաև, որ օգնում եք առողջ մոլորակի ձևավորմանը։ Ծառերը նախատեսվում է տնկել հոկտեմբեր ամսին։ Մենք շատ հոգատարությամբ կաճեցնենք Ձեր ծառերը մեր տնկարաններում մինչև կայուն արմատային համակարգի ձևավորումը, այնուհետև կտնկենք դրանք մեր կողմից վերահսկովող տարածքներում՝ վայրի բնության մեջ, որտեղ էլ կիրականացվի հետագա խնամք, և Ձեր ծառը մեծ օգուտ կբերի բոլորի համար։ Ի դեպ, շատ կարևոր է նաև, որ մեր ծառերի սերմերը հավաքվում են անմիջապես վայրի բնությունից և աճելով դառնում են վայրի պտղատու ծառեր։ Հետագայում այս ծառերի պտուղներից սնվում են նաև վայրի կենդանիները։ Մի խոսքով, տնկելով մեկ ծառ Սիրո տոնի կապակցությամբ՝ Դուք օգտակար կլինեք բնությանն ամբողջությամբ»,- ասել FPWC անտառվերականգնման ծրագրերի ղեկավար Սոնա Քալանթարյանը։

Ծառերն աճեցվելու են FPWC կողմից ստեղծված հատուկ տնկարանում, որտեղ կիրառվում է «թիրախային տնկման հայեցակարգ» (TCP) մեթոդը։ Տնկվելու են վայրի փշատենիներ, տանձենիներ, նշենիներ, ինչպես նաև խնձորենիներ։
Այսպիսով, Ձեր սիրելիի անվամբ ծառ տնկելու համար անհրաժեշտ է նվիրաբերել 10 դոլար մեկ ծառի համար նշված հղումով /https://www.fpwc.org/hy/donate//։

Հիմնադրամի աշխատակիցները կկապվեն նվեր ստացող անձի հետ փետրվարի 14-ին և կհայտնեն նրան նվերի մասին, իսկ արդեն հոկտեմբեր ամսին, երբ ծառն արդեն տնկված կլինի, կուղարկվեն ծառի և անվանական վահանակի լուսանկարներ։ Ընդգծենք, որ TCP մեթոդի հիմքում էնդեմիկ բուսատեսակների սերմերի ընտրության, արտադրության և հետագա վերամշակման գաղափարն է, որը հարմարեցված է կոնկրետ տնկման միջավայրի ֆիզիկական և մորֆոլոգիական բնութագրիչներին։ Նախ ընտրվում է տեղի էնդեմիկ բուսատեսակի սերմ, սածիլները խնամքով մշակվում են տնկարաններում, այսպիսով հարմարեցվում են այն տարածքին, որտեղ տնկվելու են, իսկ համատեղելով բույսի որակային հատկանիշներն ապահովող այլ հատկությունների հետ՝ ապահովվում է բարձր կպչողականություն (80-90 տոկոս)։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս