X
Մենք սոց. ցանցերում

Վանո Սիրադեղյանը՝ Քոչարյանի մասին

Վանո Սիրադեղյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին, հունվար, 1999թ.

«Ինչո՞ւ էր պետք իշխանությունը զավթել Հայաստանում։ Ուրեմն, վերցնել իշխանությունը եւ ամրապնդվել։ Ամրապնդվել ըստ ամենայնի եւ միջոցների մեջ խտրություն չդնելով։ Բացարձակ անպատկառությամբ։ Զուրկ ոչ միայն հասարակական, ոչ միայն բարոյական պարտավորությունից, այլեւ առանց տարրական ամոթի զգացման։ Որովհետեւ ամոթի ինչ զգացում պիտի ունենա մարդը, որ իր ապրած տեղում ոչ հարեւան ունի, ոչ տոհմ, ոչ շրջապատ ու փողոց, ում առաջ ամաչի։ Ամրապնդվել, ամայացնել փորձելով եղած-չեղած քաղաքական դաշտը, ամեն քայլով փորձելով նսեմացնել Հայաստանի գործիչների, կառույցների դերն այս պատերազմում, այդ ճանապարհին չխորշելով անգամ նոր ուսումնասիրության առարկա դարձնել (ակնարկելով, որ վերաքննության առարկա կարող է դառնալ) արդեն գոյություն չունեցող երկրի դատախազության կողմից հարուցված քրեական գործի հատորները՝ «Ղարաբաղ» կոմիտեի եւ համախոհների դեմ, այսպես անլվա ոտներով մտնելով մեր համաժողովրդական անկախության ու ազատագրության շարժման 88 թ. նվիրական շեմը, շարժում, որը ոչ կուսակցություն էր, ոչ իշխանությունը, ոչ քաղաքական գործիչներ, այլ մեր ժողովրդի ոգու վսեմագույն պոռթկումներից մեկը։

Այլ բան է՝ ինչպես կարողացանք մենք՝ նվաստներս, վարձահատույց լինել այդ ժողովրդին։ Ամրապնդվել՝ կեղեքելով ու հարստահարելով աշխատող եւ աշխատատեղ ստեղծող մարդկանց, ստիպելով հանել վերջին կոպեկը շրջանառությունից, այսպիսով բացառելով ոչ միայն արտադրություն եւ աճ, այլեւ կանգնեցնելով վերարտադրությունն անգամ։ Այդպես չի վարվում նվաճողն անգամ, որը խոհեմորեն տեղ է թողնում իր բանակը կերակրելուն։ Այդպես վարվում է երկրով անցնող ասպատակը։ Ամրապնդվել՝ կադրերով՝ դատարկելով Ղարաբաղը վերջին կապող ուժերից։ Եվ այս ընթացքը կասեցնել չի լինի։ Այս ընթացքը վերջի սկիզբն է, որովհետեւ երկիրը պահում են ոչ թե բանակով, այլ երկրում ապրելով։

Ամրապնդվել՝ կլոր տարին դատախազության եւ անվտանգության ու ոստիկանության մարմիններ քարշ տալով մեր երեխաներին, հարեւաններին, ընկերներին, ազգականներին, բոլորին, ումից կարող են գույք ու փող խլել։

Ամրապնդվել՝ չբավարարվելով եկամտաբեր ճյուղերի վերահսկողությամբ, այլ ձգտելով սեփականացնել ինչ հնարավոր է։

Ամրապնդվել՝ կատարելով հանցագործ ընկերական շրջապատի պատվերը՝ հաշվեհարդար տեսնել իրավապահ մարմինների այն ստորաբաժանումների ղեկավարների հանդեպ, ովքեր իրենց պարտքը իրենց երկրի հանդեպ կատարել են գերազանցապես հստակ, այն կառույցներից, ովքեր կանգնած են եղել ղարաբաղյան պատերազմի թիկունքին»:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս