X
Մենք սոց. ցանցերում

Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է

«Առանց Տիգրանի իմ սերունդը համր ուխտավոր էր լինելու» | Հրանտ Մաթևոսյան

Այսօր լրանում է հայ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 82-ամյակը: Նա ծնվել է 1939թ-ի հունվարի 27-ին Բեյրութում: 1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան: Մանսուրյանը կոմպոզիցիա է սովորել 1956-1960 թթ.Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա 1960-1965թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների: 1967-1986 թթ. ժամանակակից երաժշտության տեսություն է դասավանդել կոնսերվատորիայում: 1986 թվականին Մանսուրյանին շնորհվել է երաժշտության պրոֆեսորի կոչում: 1992-1995 թթ. զբաղեցրել է կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը:

Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ իրենց լուսապայծառ, արտահայտիչ մեղեդիներով և տպավորապաշտ, բարձրաճաշակ ու ընտիր հնչերանգներով:

Գրել է «Ձյունե թագուհին» (ըստ Հանս Քրիստիան Անդերսենի, 1988, բեմադրություն՝ 1990) բալետը, սիմֆոնիկ երկեր՝ «Պարտիտ» (1965), «Պրելյուդներ» (1975), «Գիշերային երաժշտություն» (1980), կոնցերտներ՝ թավջութակի և նվագախմբի (1976, 1981, 1983), երգեհոնի և լարային նվագախմբի (1964), ջութակի և լարային նվագախմբի (1981), ալտի և կամերային նվագախմբի (1995), «Արվեստ Քերթության» երգչախմբի (խոսք՝Եղիշե Չարենցի, 1997-1999) համար, կամերային երկեր՝ «Թովեմ» (15 մենակատարի համար, 1979), լարային կվարտետներ, 5 բագատել դաշնամուրային տրիոյի համար (1985), սոնատներ, վոկալ-կամերային մադիիգալների շարք (ձայնի և տիիոյի համար), «Հավատով խոստովանիմ» (ձայնի, ալտի և տղամարդկանց երգչախմբի համար, ըստ Ներսես Շնորհալու, 1999), վոկալ շարքեր՝ «4 հայրեն Նահապետ Քուչակից»(1967), «Մայրամուտի երգեր» (խոսք՝ Համո Սահյանի, 37 1983), «Երկիի Նաիրի» (խոսք՝ Վահան Տերյանի, 1984), «Գարնան երգեր» (խոսք՝ Հովհաննես Թումանյանի, 1993), խմբերգեր, կինոնկարների (Սերգեյ Փարաջանովի«Նռան գույնը», Միքայել Վարդանովի «Հայկական հողի գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Սգավոր ձյունը», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն») և թատերական («Ջոն արքա», «Հացավան», «Մեծ լռություն» և այլն) երաժշտություն:

Արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման, ՀՀ ժողովրդական արտիստ է:

Շնորհավոր ծնունդդ, մաեստրո:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս