X
Մենք սոց. ցանցերում

Արցախ

ԱՀ ԱԻՊԾ-ն վերջին 7 օրում ռազմամթերքի հայտնաբերման վերաբերյալ 68 կանչ է ստացել

2021 թվականի հունվարի 17-24-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 895 կանչ: Նախորդ շաբաթվա համեմատ վերջին 7 օրվա ընթացքում ավելացել են ճանապարհատրանսպորտային պատահարների և հրդեհների դեպքերը:

Արցախում տեղացած առատ ձյան պատճառով հանրապետության տարածքում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ ծառայությունը 4 կանչ է ստացել: ՃՏՊ հետևանքով տուժել է 4 քաղաքացի, մեկը՝ մահացել:

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբին հաջողվել է տուժած քաղաքացիներին հանել 80 մետր խորություն ունեցող ձորից և ցուցաբերել առաջին օգնություն: Նրանց վիճակը կայուն է:
Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է հրդեհի 9 դեպք, որից 4-ը բնակելի շինությունում, մյուսները՝ սոց-կենցաղային նշանակության շինություններում, կամ բաց տարածքում: Հրշեջ փրկարարական հաշվարկները ժամանակին կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհներից տուժածներ չկան:

Զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանց վնասազերծման կամ պահեստավորման գործընթացը շարունակվում է: Ծառայությունը վերջին 7 օրերի ընթացքում տարբեր տեսակի ռազմամթերքի հայտնաբերման վերաբերյալ ստացել է 68 կանչ: Փրկարար ծառայության սակրավորական ջոկատների հետ մեկտեղ, Արցախի տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու գործընթացին են կցվել նաև Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը, Hello Trust ոչ կառավարական ականազերծման կենտրոնը, ինչպես նաև ՌԴ ՊՆ սակրավորական ջոկատները:
Նշված ժամանակահատվածում գրանցված կենցաղային կանչերը 46-ն են:

Հերթապահ օպերատիվ խմբերը, բնակչությանն օգնելուց բացի (դռան կամ վերելակի բացում, հիվանդի տեղափոխում, ջրամատակարարում և այլ տեխնիկական օգնություն), կատարել են նաև խորհրդատվություն:

2020 թվականի նոյեմբերի 13-ից ծառայության ջոկատները Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում շարունակում են իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ: 2021 թվականի հունվարի 24-ի տվյալներով արդեն հայտնաբերվել է ընդհանուր՝ 1283 աճյուն:

Ռազմագործողությունների ընթացքում և դրանից հետո հումանիտար աշխատանքներում իրենց լավագույնս դրսևորած Մարտակերտի ՇԱԻ բաժնի մի խումբ փրկարարներ նախորդ շաբաթվա ընթացքում ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանագրով արժանացել են գերատեսչական պարգևների:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս