X
Մենք սոց. ցանցերում

Քննիչ հանձնաժողովը պետք է վեր հանի համավարակի հետ կապված բոլոր խնդիրները

Կորոնավիրուսի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստում հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արկադի Խաչատրյանը հայտարարեց․

«Թե՛ համավարակի արդյունքում, թե՛ ռազմական դրության արդյունքում մեր երկիրը վճարեց տնտեսական գին։ Ցավոք սրտի, վճարեցինք նաև մարդկային կյանքերով։ Միայն կորոնավիրուսի պատճառով արձանագրված մահերի քանակը գերազանցում է 3000-ը։ Ավելի քան 166 հազար մարդ վարակվեց կորոնավիրուսով։ Հանձնաժողովի նպատակն է վեր հանել այն բոլոր խնդիրները, որոնք մենք ունեցել ենք, ուսումնասիրել դրանց լուծմանն ուղղված կառավարության և Պարետատան միջոցառումները, և ներկայացնել նաև համապատասխան առաջարկություններ։ Վերջնանպատակը պետք է լինի երկրի ինստիտուցիոնալ կարողությունների մեծացումը՝ նման համավարակներին դիմակայելու համար, որոնցից ապահովագրված չէ որևէ երկիր։ Սպասվում են համավարակի այլ փուլեր և ինստիտուցիոնալ առումով զարգացումը միայն ի շահ մեր ժողովրդի և պետության է»։

«Իմ քայլ»-ի ներկայացուցիչները, ի պատասխան բացման խոսքի, նշեցին՝ այնքան էլ արդյունավետ չեն համարում հանձնաժողովի ստեղծումն ու նպատակահարմարությունը այս փուլում, երբ դեռ համավարակը չի նահանջել, ավելին՝ սպասվում են նոր փուլեր, և դժվար է գնահատականներ հնչեցնել դեռ ընթացող առողջապահական պայքարի մասին։

Արտահայտված մտքի հետ չհամաձայնեց Նաիրա Զոհրաբյանը՝ շեշտելով, որ բազմաթիվ հարցեր կան, որոնք լուսաբանման կարիք ունեն, հատկապես երբ հանրությունը չգիտի, թե  ինչի վրա են ծախսվել covid – հիմնադրամի գումարները, թե ինչի շտապ օգնության մեքենաները ժամանակին չէին արձագանքում կանչերին, և մարդիկ մեռնում էին տներում, թե ինչի էր ԱՆ նախկին նախարարը իր համար ստեղծել «ֆավորիտ» բժշկական հաստատությունների ցանկ։ Այսինքն հանձնաժողովը ունի քննարկելու օրակարգ՝ պարզելու համար, թե ինչո՞ւ է Հայաստանը վարակվածների և մահացության թվով մնում առաջատարներից մեկն աշխարհում։

Հանձնաժողովի նախագահը կոչ արեց պատգամավորներին հանդուրժողականություն ցուցաբերել և թույլ տալ հետագայում էլ գործընկերային պայմաններում անցկացնել հանձնաժողովի նիստերը։

Վերջինս առաջարկեց հանձնաժողովը պայմանականորեն բաժանել 3 աշխատանքային խմբի։ Առաջինը՝  համավարակի տարածումը կանխելու և covid-ի դեմ պայքարի արդյունավետությունը ուսումնասիրող խումբ, երկրորդը՝ համավարակի մեղման կամ վերացման ուղղությունը համակարգող խումբ, և երրորդը՝ մարդու իրավունքների սահմանափակումների իրավաչափությունը և արդյունավետությունը ուսումնասիրող խումբ։ Ավելացնենք, որ հանձնաժողովի տեղակալի պաշտոնում ընտրվեց իշխող մեծամասնության կողմից առաջադրված Հերիքնազ Տիգրանյանը։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս