X
Մենք սոց. ցանցերում

ՊԵԿ 2020 թվականի կատարողականը կազմել է շուրջ տրիլիոն 385 մլրդ դրամ․ Կարեն Թամազյան

«Ինչպես գիտենք՝ «Պետական բյուջեի մասին» օրենքով 2020 թվականի համար նախատեսված էր տրիլիոն 607 մլրդ եկամուտների հավաքագրում, սակայն, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, տարվա ընթացքում ցուցանիշը ճշգրտվեց և նվազեցվեց մինչև տրիլիոն 326 մլրդ։ Դրա դիմաց՝ Պետական եկամուտների կոմիտեի կատարողականը կազմել է շուրջ տրիլիոն 385 մլրդ դրամ։ Այսինքն՝ ճշտված ծրագրային ցուցանիշի նկատմամբ շուրջ 59 մլրդ դրամով տեղի է ունեցել գերակատարում։ Բնականաբար, 2019 թվականի հետ ցուցանիշները համադրելի չեն, դրա համար շատ համադրություններ չեմ կատարի, որովհետև 2020 թվականի մարտից կորոնավիուսային համավարակն ակտիվացավ հանրապետությունում»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՊԵԿ հարկային վարչության կազմակերպման պետ Կարեն Թամազյանը՝ հավելելով, որ 2020 թվականին հարկ վճարողներին վերադարձվել է շուրջ 138 մլրդ դրամ, ինչը նույնպես ՊԵԿ-ի կողմից հավաքագրված գումար է։

Եկամուտների կառուցվածքի մասին խոսելով՝ Թամազյանը նշեց, որ 1000 խոշորը այդ տրիլիոն 385 միլիարդից վճարել են 71,3 տոկոսը, իսկ ըստ ռեժմիների՝ ավելի քան 90 տոկոսը պետական եկամուտների վճարվում է ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից, որոնց քանակը կազմում է մոտավորապես 15 000, և 6000 ոչ առևտրային կազմակերպությունների կողմից, որոնց գործունեության նպատակը շահույթ չի հետապնդում։

«2020 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսներին աշխատատեղերի քանակի (ընդորում՝ խոսքը վերաբերում է եկամուտ ապահովող աշխատատեղերին), աճը ակնառու էր նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, ինչպես նաև՝ ամիսը ամսվա վրա։ Այսինքն՝ փետրվարին ավելի շատ էին աշխատատեղերը քան հունվարին։ Անկումը նկատվեց հիմնականում ապրիլ ամսից սկսած՝ սահմանափակումներով պայմանավորված։ Ապրիլ ամսին աշխատողների թվաքանակը իջել էր շուրջ 547 հազար, երբ մարտ ամսին 620 հազար աշխատատեղ կար»,- համեմատություններ անցկացրեց բանախոսը։

Թամազյանը նկատեց՝ տարեկան կտրվածքով աշխատեղերի միջին ամսական թվաքանակը 2020 թվականին կազմել է 609 հազար, իսկ 2019 թվականին՝ 602 հազար։ Այսինքն 1 – 2 տոկոսային թվով, այնուամենայնիվ, աշխատատեղերի թիվը ավելացել է։ Դիտարկումները ցույց են տալիս, որ տնտեսվարողները 2020 թվականին հետևել են հարկային կարգապահությանը՝ գրանցելով աշխատողներին։ Աշխատատեղեր են ավելացել առևտրի, հանքաարդյունաբերության և ՏՏ ոլորտներում։

ՊԵԿ աշխատակիցը նշեց՝ հարկային մարմինը որդեգրել է իրազեկման քաղաքականությունը, թեև երբեմն տուգանքներ են կիրառվում այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք թաքցնում են աշխատատեղերի թվաքանակը։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս