X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդի հետ

Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Կիպրոսի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում այսօր հանդիպել է Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդի հետ,-հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը՝ Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդը նշել է, որ հայ և կիպրացի եղբայրական ժողովուրդները միասին կերտել են դարերի հարուստ պատմություն ունեցող ամուր բարեկամություն, որը բխում է համամարդկային ընդհանուր արժեքներին փոխադարձ հավատարմությունից։ Երկու ժողովուրդները սերտորեն կապված են նույնանման արժեհամակարգով, ընդհանուր պատմությամբ և մշակույթով։ Արարատ Միրզոյանը կարևորել է եկեղեցիների դերը՝ որպես հայ և կիպրացի ժողովուրդների կյանքում քրիստոնեական արժեքները պահպանող և զարգացնող կառույց՝ ընդգծելով, որ մեր բարեկամ ժողովուրդները դարեր շարունակ միմյանց սատարել են ճակատագրական պահերին՝ կիսելով վիշտն ու ուրախությունը, պայքարելով համամարդկային իրավունքների և արժեքների վերականգման ու պահպանման համար։ Մեր ժողովուրդները կրում են ցեղասպանության չսպիացող վերքը և շարունակում պայքարել պատմական արդարության վերականգնման համար։

Այցի շրջանակներում Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այցելել է նաև Մելքոնյան կրթական հաստատություն, ծանոթացել կրթահամալիրի ներկա վիճակին, զրուցել կրթահամալիրի բակում նախկին շրջանավարտների կողմից կազմակերպված բողոքի ցույցի մասնակիցների հետ։ Ազգային Ժողովի նախագահը լսել է կրթահամալիրի հետագա ճակատագրի վերաբերյալ նրանց մտահոգությունները և խոստացել ավելի խորը ծանոթանալ խնդրի մանրամասներին։

Արարատ Միրզոյանը այցելել է նաև Նիկոսիայի Նարեկ հայկական վարժարան, ուր հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հանդես եկել ելույթով, պատասխանել ներկաների հարցերին:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս