X
Մենք սոց. ցանցերում

Ասում ենք՝ տուր հրաժարական՝ առանց նախապայմանների

Լրագրողի հարցադրմանը, թե արդյո՞ք «Բարգավաճ Հայաստանը» պատրաստ է հուշագիր ստորագրել իշխանությունների հետ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ, որի մասին նախօրեին խոսեց Նիկոլ Փաշինյանը, Միքայել Մելքումյանը պատասխանեց՝ եթե այս կառավարությունը շարունակում է մնալ, ապա երկիրը շարունակում է գահավիժել։ Պետք է հստակ փոփոխություն լինի՝ Փաշինյանը պետք է հրաժարական տա առանց նախապայմանների։

Վերջինիս խոսքով՝ Սահմանադրությամբ փոփոխությունը պետք է լինի վարչապետի հրաժարականի միջոցով։ Խորհրդարանը պետք է ընտրի նոր վարչապետ։ Եթե չի ընտրում, ապա խորհրդարանը ինքնալուծարվում է, որոշ ժամանակ անց նշանակվում են նոր ընտրություններ։ «Բարգավաճ Հայաստանը» կարծում է, որ այս տարբերակը հղի է վտանգներով, քանի որ ընտրությունների պատճառով կարող ենք հայտնվել անկանխատեսելի իրավիճակում։ Ուստի իրենք ասում են՝ «տուր հրաժարական՝ առանց նախապայմանների»։ Եթե Նիկոլ Փաշինյանը վստահություն չունի իր քաղաքական թիմի վրա, դա խնդիր է, «քաղաքական մեծամասնությունը իրենցն է, իրենք ինչի՞ց են վախենում», «թող գնան, կամք ցուցաբերեն»։

Այս առումով՝ ԲՀԿ-ն իր կարծիքը չի փոխել՝ առանց նախապայմանների պետք է լինի հրաժարականը, խորհրդարանը պետք է շանս ունենա՝ ընտրելու նոր վարչապետ, որը կկայունացնի ներքաղաքական իրավիճակը մինչև մեկ տարի, այդ պարագայում միայն կգնան արտահերթ ընտրությունների։

Ու թեև «Բարգավաճ Հայաստանը» միշտ էլ պատրաստ է նոր ընտրությունների, բայց, ըստ Միքայել Մելքումյանի, իրենք «պետք է պետական մտածողություն ցուցաբերեն և չստանան նոր պրոբլեմներ»։

Իվետա Տոնոյանը հավելեց, որ իրենք այս կառավարության հետ որևէ բովանդակային քննարկում չեն կարող ունենալ։ Նախօրեին էլ մասնակցել են հարցուպատասխանին բացառապես իրենց օրակարգը բարձրաձայնելու համար։ Ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը հնչեցնելու համար։

Իսկ Շաքե Իսայանը չի պատկերացնում ինչպես կարելի է քարոզարշավ անցկացնել հետպատերազմյան շրջանում, երբ ծնողները դեռ սգում են, մարդիկ դեռ փնտրում են անհետ կորած համարվող իրենց զավակներին։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս