Նեթֆլիքսն առաջին անգամ գնել է ռուսական վավերագրական ֆիլմի իրավունքներ: Ֆիլմը կոչվում է «Խաչեր» (Кресты), ռեժիսորը Անգելինա Գոլիկովան է ՝ «ԽՍՀՄ-ում ծնվածները» վավերագրական շարքի հեղինակ, հայտնի վավերագրող Սերգեյ Միրոշնիչենկոյի դուստրը։
Կինոժապավենը նվիրված է Ռուսաստանի ամենահին բանտերից մեկին, որը կոչվում է «Խաչեր»: Այն գտնվում է Սանկտ Պետերբուրգում և արդեն մոտ հարյուր երեսուն տարեկան է։ Անունը ստացել է իր հեշտությամբ ճանաչելի ձևի պատճառով․երկու խաչաձեւ շենքեր ՝ հազարավոր խցիկներով:
«Խաչեր»-ի ճարտարապետ Անտոնիյ Տոմիշկոն կարծում էր, որ այս տեսքով շենքը բանտարկյալներին հիշեցնում է Աստծու ու իրենց մեղքերի մասին, և դա կօգնի նրանց ավելի արագ ապաշխարել: Այս պատերն ունեն շատ հարուստ պատմություն: Հենց այստեղ են պահվել Մարշալ Կոնստանտին Ռոկոսովսկին, նկարիչ Կազիմիր Մալևիչը, դերասան Գեորգի Ժժենովը։
Գոլիկովայի ֆիլմը բաղկացած է պետերի (նախկին և ներկա), պահակների և իհարկե, բանտարկյալների խոհերից: Իր հարցազրույցներից մեկում ֆիլմի հեղինակն ասել է, որ «բանտը մեր հասարակության արտացոլումն է, սակայն ավելի չափազանցված։Սա պետություն է պետության մեջ, և դրանում առաջին հերթին տեսանելի են բոլոր ճեղքերը, ճգնաժամերը, հեղափոխությունները»:
Կարեն Կոլոսով
