X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Ծրագրավորողը մոռացել է իր բիթքոինի գաղտնաբառը, որտեղ պահվում է ավելի քան 240 մլն դոլար

Սան Ֆրանցիսկոյում բնակվող ծրագրավորող Ստեֆան Թոմասը մոռացել է արտաքին կոշտ սկավառակի գաղտնաբառը, որը պահում է յոթ հազար բիթքոինով էլեկտրոնային դրամապանակի բանալիները, ինչը ներկայիս փոխարժեքով կազմում է մոտ 240 միլիոն դոլար: The New York Times-ը ներկայացնում է Թոմասի պատմությունը:

Թոմասը բիթքոինով սկսել է հետաքրքրվել 2010-ականների սկզբին։ Նրան հրապուրեց այն փաստը, որ բիթքոինը չի վերահսկվում պետությունների և խոշոր ընկերությունների կողմից: 2011-ի սկզբին նա հրապարակեց «Ի՞նչ է բիթքոինը» վերնագրով անիմացիոն տեսանյութը, որում հակիրճ բացատրեց կրիպտոարժույթի գաղափարը: Բիթքոինի երկրպագուներից մեկը, տեսնելով տեսանյութը, որոշեց շնորհակալություն հայտնել Թոմասին թեման հանրահռչակելու համար և նրան փոխանցեց 7,002 բիթքոին:

Դրանից անմիջապես առաջ բիթքոինի փոխարժեքն առաջին անգամ հատեց մեկ դոլարի շեմը: Թոմասը դրամապանակի բանալիները պահեց IronKey ապահով սկավառակի վրա և դրա գաղտնաբառը ձեռագրով գրեց թղթի վրա: Հետագայում նա կորցրեց այդ թերթիկը:

Պաշտպանված սկավառակը թույլ է տալիս մուտք գործելու ընդամենը 10 փորձ, որից հետո այն ավտոմատ փոխարինում է տվյալները և տեղեկատվությունը դառնում է հավերժ անհասանելի։ Թոմասն արդեն մուտքագրել է ութ գաղտնաբառ. բոլորն էլ սխալ։

Բիթքոին դրամապանակների գաղտնաբառերը կորցնելը շատ տարածված երևույթ է: Ըստ Chainalysis ընկերության, որը զբաղվում է կրիպտոարժույթների վիճակագրությունների հետազոտությամբ, առկա բիթքոինների շուրջ 20%-ը տարբեր պատճառներով կորել է տերերի մոտից: Ներկայիս փոխարժեքով այն կազմում է մոտ 140 միլիարդ դոլար։

Մեկ տարվա ընթացքում բիթքոինը թանկացել է վեց անգամ: Դեռ 2020-ի մարտին այն արժեր մոտ 5 հազար դոլար, ամռանը `ավելի քան 11 հազար, դեկտեմբերին պատմության մեջ առաջին անգամ դրա արժեքը գերազանցեց 20 հազարը, իսկ հունվարի 8-ին` 40 հազարը:

Կրիպտոարժույթի արժեքի կտրուկ բարձրացման պատճառով զգալիորեն ավելացել է այն մարդկանց թիվը, ովքեր փորձում են մուտք գործել իրենց կորցրած բիթքոինի հաշիվներ: Դրամապանակի վերականգնման ծառայությունները, որոնք օգնում են գտնել կորցրած գաղտնաբառերը, նշում են, որ վերջին ամսվա ընթացքում նման հարցով իրենց դիմողների քանակը եռապատկվել է:

Թոմասն իր ironkey սկավառակն այժմ պահել է ապահով տեղում և սպասում է, մինչ գաղտնագրագետները բարդ գաղտնաբառերը կոտրելու նոր եղանակներ գտնեն։ Նա նշում է, որ հանուն սեփական հոգեկան առողջության արժե սա թողնել անցյալում։

Կարեն Կոլոսով

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս