X
Մենք սոց. ցանցերում

Էլիտար «ժեխերը»

Միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը համոզված է, որ եթե 100 հազար մարդ դուրս գա փողոց և պահանջի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ապա «հայրենիքի փրկության շարժումը» կհաջողի։ Բայց հարցերի հարցը մնում է այն, թե ինչու է ժողովուրդը միայն դիտողի դերում և ակտիվ գործողությունների չի դիմում։

Այս հարցի պատասխանը չունի նաև հանրապետական Դավիթ Հարությունյանը, իսկ Իշխան Սաղաթելյանը դիլեմային տալիս է իր բացատրությունը՝ մարդիկ ցանկանում են, որ 17 կուսակցություններն ավելի վճռական քայլեր ձեռնարկեն։ Դաշնակցության ներկայացուցչի «փոքրիկ» ակնարկը հասկանալի է, նաև ըմբռնելի, քանի որ կուսակցության մեկդարյա պատմությունը վկայում է «վճռական» միջոցների գործադրման բազմաթիվ դրվագների մասին, բայց այսօր իրավիճակը մի քիչ այլ է, ուստի կուսակցության առաջամարտիկներն էլ ավելի զգուշավոր են ու շրջահայաց։

Հանուն արդարության նշենք, որ մեկ ու մեջ հանրահավաքի հարթակից հանդես եկողները հայտարարում են՝ բռնի գործողությունները բացառում են, բայց ավելի հաճախ էլ հնչեցնում են արյունահեղության, գազազած ժողովրդի, ինքնասպանության, սպանության – դրա դիմաց գումարային փոխհատուցման մասին։ Միգուցե այդքան չենք զարմանում, որ «արյունով» հեռանալու մասին է ճամարտակում նախկին «կավեենշիկը» (կներեք`անունը չեմ հիշում), բայց շատ տարօրինակ է, նաև սթափեցնող, որ այդ մասին չի խորշում բարձրաձայնել 17-ի լիդերը՝ Վազգեն Մանուկյանը։

Եվ այս ամենը հանրությանը հրամցվում է այսպես՝ «անխուսափելին» ժողովրդի բնական պահանջն է, ուստի յուրաքանչյուր «վճռական հայրենասեր» հենց այս պահին պետք է միանա իրենց՝ փրկելու համար հայրենիքը «ազգադավից» ու «դավաճանից»։ Ասել է թե՝  մանուկյանական բազմամյա լեզվական ճկունությունն ու արհեստավարժությունն է գործի դրվել, այն է՝ ժողովրդի, իսկ իրենց բառերով՝ «օխլոսի», «ժեխի» միջոցով, հարթել ճանապարհ՝ իշխանությանը տիրանալու համար։

Հ.գ. ինչպես կասեր երջանկահիշատակ տատս՝ ախորժակներիդ քացախ, քանզի երազանքներդ սին են և վաղուց ժամկետնանց։

Քրիստինե Հովսեփյան

 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս