X
Մենք սոց. ցանցերում

Վարչապետի հրաժարական չենք պահանջում. Եթե նա հրաժարական տա, երկիրը կգնա դեպի քաոս. Լիբանանում ՌԱԿ ատենապետ

Ռամկավար ազատական կուսակցությունը չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Լիբանանի ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Ավետիս Դաքեսյանը:

Նրա խոսքով՝ Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշում է, որ պետք է զսպվածություն, հավասարակշռվածություն լինի, երկու կողմերը հանդուրժող լինեն, որպեսզի իրավիճակն էլ ավելի չսրվի միմյանց հանդեպ:

«Վարչապետի հրաժարական նման պայմաններում մենք չենք պահանջում: Պետք է հանդարտություն լինի երկկողմանի: Ընդհանրապես, խաղաղ ընտրություններով պետք է ձևավորվի իշխանությունը, ու դա չպետք է հիմա լինի: Նախ պետք է իրավիճակը հանդարտվի, արտահերթ ընտրություններ կարող են լինել եկող տարի՝ մարտ-ապրիլ-մայիս-հունիս ամիսներին: Դա էր Կենտրոնական վարչության հայտարարության բովանդակությունը: Եթե վարչապետը հրաժարական տա, երկիրը կգնա դեպի քաոս: Պետք է ներկա կառավարությունը մնա մինչև հաջորդ տարվա գարուն-ամառ, երբ արտահերթ ընտրություններ կլինեն: Սա է մեր տեսակետը: Հնչակյանների տեսակետն էլ է այդպիսին»,- հայտարարեց Դաքեսյանը:

Նա նաև հավելեց, որ հիմա Լիբանանում իրենց կուսակցության հետ կապված երկվություն կա. «Կա օրինական կենտրոնական վարչություն, որի ատենապետը ես եմ, բայց այստեղ Սևակ Հակոբյան կա, որը վտարվել է կենտրոնական վարչությունից, նա չի ընդունում իր վտարումը, շարունակում է գործել: Մենք էլ չենք ուզում սրել իրավիճակը, համբերում ենք, չենք ուզում մեր ներքին հարցերով ծանրաբեռնել երկիրը»:

Հարցին, թե արդյոք վտարված Սևակ Հակոբյանը պահանջո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Դաքեսյանն արձագանքեց. «Կարծես թե, ես չգիտեմ, պետք է իրեն հարցնել, որովհետև նա միայն ինքն իրեն է ներկայացնում: Իբր թե Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցություն կա, ինքը դրան է հարում, բայց ոչ մի օրինական հիմք չունի: Սփյուռքում միայն ՌԱԿ կենտրոնական վարչությունն է՝ Մայք Քարամյանի ատենապետությամբ, իսկ Լիբանանում ես եմ ատենապետը: Սևակ Հակոբյանն ինքն իրենից ոչինչ չի ներկայացնում, ինքը միայն «Զարթոնք»-ի խմբագիրն է, ուրիշ ոչինչ»:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում նոյեմբերի 10-ի հայտարարությունը, Ավետիս Դաքեսյանը պատասխանեց. «Տեսականորեն որևէ ճակատամարտում եթե հրամանատարը պարտվել է, նորմալ է, որ հրաժարական տա: Բայց պետք է իմանալ, որ մենք մեծ պետությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի հաշիվներին ոտնակոխ եղանք: Մեզ համար միակ երաշխիքն այն է, որ գոնե ռուսական զորքը եկավ և Ղարաբաղում այսօր ներկա է: Այո, շատ մեծ պարտություն ունեցանք, մեծ պետությունների հաշիվներին զոհ գնացինք, Թուրքիան պաշտոնապես խոստովանեց, որ պատերազմել է մեր դեմ: Անշուշտ, բացթողումներ եղել են, մեր բանակը ԱԹՍ-ների առումով թույլ էր, իսկ զոհերի մեծ մասը հենց ԱԹՍ-ներից էր: Մենք չենք կարողացել ժամանակին լավ զինվել, ճիշտ հաշվարկներ անել, դրա համար էլ այսպես եղավ:

Այսօր բացահայտվում է, որ որոշ հրամանատարներ հրաման են տվել հետ քաշվելու: Չգիտեմ, հարցեր կան, դավաճանական բաներ ամեն կողմից կարող են լինել, բայց դրանք հստակ չեն: Ինչ-որ գաղտնիքներ կան, որ ժողովուրդը չգիտի, կամաց-կամաց ամեն բան երևի կբացահայտվի: Իհարկե, այս ամենի առաջին մեղավորը Փաշինյանն է, բայց նախօրեին ԵԱՏՄ ժողովի ժամանակ Պուտինը ևս հայտարարեց, որ պետք է զորավիգ կանգնել Փաշինյանին: Դրա համար մենք, որպես կուսակցություն, ասում ենք, որ երկու կողմերը պետք է հավասարակշռվածություն պահեն, երկիրը չտանեն ավելի ապակայունացման: Սա է մեր հորդորը»:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս