X
Մենք սոց. ցանցերում

Բոլորս խոնարհվում ենք մեր ժողովրդի օրգանական, անքակտելի մաս հանդիսացող մեր ազգային բանակի առջև․ ԱԳ նախարար

Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը այսօր Ազգային ժողովում լրագրողների մոտ հանդես եկավ հայտարարությամբ և  խնդրեց, որ այն չաղավաղվի և ամբողջությամբ ներկայացվի։

«Առաջինը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մեր ինքնիշխանության և պետականության հիմնասյուներից մեկն է։ Լինելով ապաքաղաքական կառույց, կրկնում եմ, ապաքաղաքական կառույց, ունի մեկ հավերժական նպատակ՝ ամենօրյա աշխատանքով պաշտպանել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերը։ Ցանկացած փորձ՝ հեղինակազրկելու այս կառույցը և ներքաշելու ներքաղաքական շահարկումների մեջ, հարված է Հայաստանի պետականությանը, հատկապես այս օրերին, երբ ռազմական գործողությունների ավարտից հետո ողջ ծանրությունը և պատասխանատվությունը հետզհետե տեղափոխվում է դիվանագիտություն։ Վստահ ենք, որ այս գիտակցումը կիսում են երկրի և ժողովրդի ճակատագրով մտահոգ մեր բոլոր քաղաքացիները և հայրենակիցները։

Երկրորդը՝ մենք բոլորս խոնարհվում  ենք մեր ժողովրդի օրգանական, անքակտելի մաս հանդիսացող մեր ազգային բանակի առջև, որը հերոսաբար դիմակայեց Արցախի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջան-Թուրքիա-միջազգային ահաբեկչություն եռյակի կողմից սանձազերծված ագրեսիային, և տապալեց ցեղասպան եռյակի՝ պատմական հայրենիքում հայ ժողովրդին ոչնչացնելու նկրտումները։ Պետք է փաստենք, որ այն իրավիճակը, որ այսօր ունենք, պայմանավորված է նրանով, որ մենք դիմակայել ենք անհամաչափ ուժերի։ Ինչպես և մեր զինվորները, քույրերն ու եղբայրները Արցախում, հայ դիվանագիտությունը եղել է և շարունակում է մնալ հայրենիքի պաշտպանության առաջատար դիրքերում, և հատկապես այսօր, մենք մեր պարտքն ենք համարում անել հնարավորը և անհնարինը՝ իմաստավորելու մեր ժողովրդի ազնվագույն որդիների զոհողությունը և այդ ձևով վառ պահելու նրանց հիշատակը։

Երրորդը՝ այժմ  մենք ունենք հրատապ հասցեագրում պահանջող խնդիրներ, որոնց մասին ես հստակ բարձրաձայնել եմ, այդ թվում՝ երեկ հարցազրույցում և ԵԱՀԿ նախարարական խոհրդի ունեցած ելույթում։ Հայ դիվանագիտությունը մեծածավալ աշխատանք ունի անելու այդ հրատապ հարցի լիարժեք և համապարփակ լուծման ուղղությամբ։ Դիվանագիտությունը սիրում է լռություն, ուստի ձեր թույլտվությամբ դիվանգիտությունը լուռ կկատարի իր աշխատանքները, իսկ այդ աշխատանքների արդյունքները ավելի խոսուն կլինեն, քան որևէ մեկնաբանություն։

Ավարտելով ուզում եմ ասել, որ պատմությունը ունի օրինակներ, երբ դիվանագիտությունը երկիրը դուրս է բերել ամենածանր իրավիճակներից։ Խնդրում եմ հավատալ և վստահել հայ դիվանագիությանը»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԳ նախարար Արա Այվազյանը հայտարարել էր, որ պատերազմում դիվանագիտությունը չի պարտվել, պարտվել է բանակը։ Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք փորձ է արվում սրբագրել այդ հայտարարությունը, նախարարը նշեց․ «Դրա համար խնդրում եմ չաղավաղել իմ խոսքերը և ամբողջությամբ տալ իմ հայտարարությունը»։

Արտաքին գերատեսչության ղեկավարը հրաժարվեց պատասխանել այլ հարցերի։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս