X
Մենք սոց. ցանցերում

Պաշտպանության նախարարությունը չէր կատարում երկրի ղեկավարության հանձնարարությունը․ Ժիրայր Սեֆիլյան

«Պատերազմի առաջին օրվանից ես և իմ ընկերները պաշտոնապես դիմել ենք ՊՆ նախարարի ընդունարան՝ խնդրելով հանդիպում, որովհետև խնդիրներ կային, մեր մասնակցության ձևաչափը պետք է որոշվեր, որը կարող էր լինել բազմաբնույթ։ Մենք պատրաստ էինք՝ ինչ ասեին, դա անեինք։ Բոլորս պետք է գիտակցեինք, որ սա պատերազմ է, որևէ մեկը իրավունք չունի ինքնագլուխ գործունեությամբ զբաղվելու։ Առաջին օրերին իսկ ես միջնորդավորված Արցախի պաշտպանության նախարարին տեղեկություն եմ հասցրել իմ պատրաստակամության մասին՝ ասելով, որ ինչ ասեք, ինչպես ասեք, ես պատրաստ եմ։ Իսկ պարզ է, որ այդ օրերին մեր շրջանակը մեզ խեղդում էր, որ օր առաջ պետք է գնանք։ Ես հասկանալով, որ առանց նախապատրաստության մեկնումը, սխալ է, հորդորում էի բոլորին, որ նախ պետք է նախապատրաստվենք, հետո մեկնենք։ Վստահաբար հարյուրներ մեր շրջապատից, եթե չասեմ հազարներ, հորդորը չլսեցին, գնացին և կարճ ժամանակում հասկացան, որ առանց նախապատրաստվելու ռազմաճակատ գնալը անիմաստ է, այսինքն՝ փոխանակ օգնելու, բեռ ենք դառնում։ Ասածս, վստահ եմ, հազարավոր մարտիկներ կարող են հիմնավորել»,- հրավիրված ասուլիսում մանրամասներ հայտնեց Ժիրայր Սեֆիլյանը։

Վերջինիս խոսքով՝ իրենց խնդիրը հետևյալն էր՝ ինչպես անել, որ մեծ օգուտ կարողանան տալ, ոչ թե միայն «խիղճը հանգիստ պահեն», իրենց փորձով օգտակար լինեն։ Դժբախտաբար, «Սասնա ծռերի» առաջարկները տեղ չեն հասել, օրեր անց Սեֆիլյանին հաջողվել է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ՝ առաջարկներ փոխանցելու, իր ծառայություններն առաջարկելու համար։ Սակայն Նիկոլ Փաշինյանը մերժել է դրանք, նաև արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ Վարուժան Ավետիսյանին հայտնել է, թե ինչու նպատակահարմար չի գտնում «Սասնա ծռերի» մասնակցությունը պատերազմին։

Անվստահության մթնոլորտը կոտրելու համար՝ Սեֆիլյանը և նրա աջակիցները հանդիպել են Աղաջանյանի հետ, խնդրել են իրենց զորավարժանքներ անցկացնելու հնարավորություն տալ։ Կառավարությունը տվել է այդ հնարավորությունը, և «Սասնա ծռերի» կամավորները հաջորդ օրվանից սկսել են գործակցել Պաշտպանության նախարարության հետ։

«Բայց դա, դժբախտաբար մեկ, երկու օր տևեց, երրորդ օրվանից մենք հասկացանք, որ Պաշտպանության նախարարությունից հրահանգ կար, որ մեզ հնարավորինս ոչ մի բանով չօժանդակեն։ Եվ մենք, հաճախելով տվյալ զորամաս, զրկված էինք տեխնիկական ամբողջ բազայից, ստիպված էինք ինքնուս ինչ-որ վարժություններ անել»,- շեշտեց Սեֆիլյանը՝ նշելով, որ ՊՆ-ը կամավորներից շատերին չի զորակոչել՝  վկայակոչելով տարբեր օրենքներ։ Կառավարությունը փորձել է օրենսդրական փաթեթներ մտցնել խորհրդարան, սակայն այդպես էլ ոչ մի լուծում չի գտնվել։

«Այսինքն՝ Պաշտպանության նախարարությունը երկրի ղեկավարության հանձնարարությունը չի կատարել, խոսքը վերաբերում է նախարարին։ Գլխավոր շտաբին առանձնացնենք, նրանք այստեղ գործ չունեն, իրենք մարտ էին վարում»,- ընդգծեց բանախոսը։

Նա ամփոփեց՝ իրենք ցանկանում էինք իրենց կազմակերպվածությամբ օրինակ ծառայել մարտի դաշտում և պատրաստվում էին փոքր խմբով նոյեմբերի 10-ին մեկնել Արցախ, սակայն 9-ին ստորագրվեց եռակողմ հայտարարությունը։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս