X
Մենք սոց. ցանցերում

ՀՀ-ում կա մեկ հանրային ճնշում և դա 17 ուժի քայլերի դեմ է. մարդիկ հիշում և ճանաչում են Վազգեն Մանուկյանին. Վ. Ենգիբարյան

Հայկական ժամանակ | Շուրջ 3 շաբաթ տեւած քննարկումներից հետո այսօր հայտարարվեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 ուժերի վարչապետի միասնական թեկնածուն ԱԺՄ նախագահ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն է:

17 ուժերը, որոնք որոշել են հանդես գալ որպես Հայրենիքի փրկության շարժում, ՀՅԴ գրասենյակում տեղի ունեցած փակ նիստից հետո հայտարարություն տարածեցին՝ ընդգծելով, որ Վազգեն Մանուկյանը վարչապետ դառնալուն պես կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը, պարտավորվելու է 1 տարի հետո անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, սակայն դրանց անձամբ չմասնակցել, չհավակնել վարչապետի պաշտոնին:

Ինչո՞ւ Վազգեն Մանուկյանը. թեկնածուի մասին հայտարարելուց հետո 17 ուժերից Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը պարզաբանեց՝ Վազգեն Մանուկյանն այն մարդն է, ով երկրին կբերի հանդարտություն, կայունություն, կկարողանա կազմակերպել առաջիկայում արտահերթ արդար, թափանցիկ ընտրություններ:

Հիշեցնելով Մանուկյանի վերաբերյալ հակասական կարծիքները եւ հավանաբար ակնարկելով նրա մասնակցությամբ նախկին ընտրությունների արդարության շուրջ մեղմ ասած կասկածները՝ լրագրողներից մեկը «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց, թե դա խնդիր չի՞ դառնա. «Անթերի մարդ աշխարհում չկա… Վազգեն Մանուկյանն ի՞նչ է՝ կոռուպցիոնե՞ր է, թալանչի՞ է, հայրենասեր չէ՞, անգրագե՞տ է, ի՞նչ է: Վազգեն Մանուկյանը մի մարդ է, որ եղել է Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին վարչապետը, մի մարդ է, որը եղել է Ղարաբաղ կոմիտեի ղեկավարը, մի մարդ է, որը բանակաշինության մեջ ունեցել է ամենամեծ լուման»,- պատասխանեց նա:

Ընդգծելով, որ որեւէ պարագայում չեն հայտարարել, որ չեղարկելու են Ղարաբաղի հարցով նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ փաստաթուղթը՝ Վանեցյանը նշեց, որ Վազգեն Մանուկյանն իր անցած ճանապարհով եւ ունեցած փորձով կարող է նստել բանակցային սեղանի շուրջ եւ լուծել Հայաստանի առջեւ ծառացած դժվարագույն խնդիրները:

Ինչ վերաբերում է ընտրվելու պարագայում սպասվող քայլերին՝ Վանեցյանն ասաց, որ այդ մասին Վազգեն Մանուկյանը կխոսի դեկտեմբերի 5-ին ժամը 15:00-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում: «Եղավ առաջին քայլը: Բոլորին հետաքրքրում էր՝ եթե ոչ Նիկոլ Փաշինյանը, ապա ո՞վ, մենք հիմա ասացինք՝ մենք առաջադրում ենք Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Ամսի 5-ի հանրահավաքին Վազգեն Մանուկյանը ելույթ կունենա եւ կներկայացնի առաջիկա անելիքների մասին հստակ ծրագիր»,- վստահեցրեց նա:

Իսկ առայժմ՝ գլխավոր հարցը շարունակում է մնալ այն, թե ինչպե՞ս է ընտրվելու Վազգեն Մանուկյանը: Խորհրդարանական երկրում վարչապետի հրաժարականը հնարավոր է՝ ԱԺ անվստահության դեպքում:

Վանեցյանը վստահ է. «Հանրության մեջ կա գրեթե 100 տոկոսանոց կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը: Այս մոտեցումը կա, ես համոզված եմ եւ նաեւ գիտեմ՝ խորհրդարանում: Միանաշանակ առաջնային մանդատ ունեցող մարմինը, այն է՝ Ազգային ժողովը, պետք է ի վերջո նոր վարչապետի ընտրության հարցը լուծի: Այսօր իրականում կա այդ պահանջը, որ նոր վարչապետ պետք է լինի: Ուղղակի պետք է շարունակենք մեծացնել հանրային ճնշման մեխանիզմները, եւ շատ կարճ ժականակում պատգամավորները դուրս կգան իրենց ներքին վախերից եւ կքվեարկեն ժողովրդի թեկնածուի օգտին»,- շեշտեց ԱԱԾ նախկին տնօրենը:

Հարցին, թե ինչպե՞ս է համոզվել, որ կա ժողովրդի 100 տոկոսանոց կոնսենսուս այդ հարցում, եթե մարդիկ փողոց դուրս չեն գալիս, Վանեցյանը նախ պատասխանեց, որ ժողովրդի քանակը չի որոշում՝ քաղաքական ճգնաժամ կա, թե ոչ, հետո նաեւ վստահեցրեց, որ շաբաթ օրը ժողովուրդը դուրս կգա փողոց:

Ինչ վերաբերում է Ազգային ժողովի կողմից վարչապետին անվստահություն հայտնելուն, ապա ռազմական դրության պայմաններում դա անհնար է: Ռազմական դրության վերացումից հետո անհրաժեշտ է 44 պատգամավորի ստորագրություն՝ այդպիսի հարց նախաձեռնելու համար:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանը» միասին ունեն 41 ձայն: Բացի այն, որ նման նախաձեռնության համար նրանց անհրաժեշտ է եւս 3 պատգամավորի միացում, դեռեւս նույնիսկ այս երկու խմբակցությունները միասնական չեն:

Մինչեւ 17 ուժերի թվում վարչապետի հրաժարականը պահանջող ԲՀԿ-ն հանդես է գալիս Վազգեն Մանուկյանի թեկնածությունը սատարելու օգտին՝ ԼՀԿ-ն այսօր հայտարարեց՝ ունի վարչապետի սեփական թեկնածուն:

Տեղեկացնելով, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ հանդիպել են ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին եւ տեղեկացել, որ իրենք որոշում են կայացրել, որ 17 կուսակցությունների վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։

Ըստ Գորգիսյանի, թեեւ երկուստեք արձանագրվել են իրենց դիրքորոշումներն առ այն, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա, սակայն Իշխան Սաղաթելյանին տեղեկացրել են, որ այս իրավիճակում անցումային վարչապետ կարող է ընտրվել մի մարդ, ով կամուրջները չի այրել կողմերից եւ ոչ մեկի հետ եւ նաեւ նա, ով ունի կոնկրետ քաղաքական թիմ, որն իր վարչապետի համար ունակ է կրել պատասխանատվություն։

«Ըստ այդմ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է. այս պահին եղած որոշման համաձայն՝ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում խմբակցությունն առաջադրելու է Էդմոն Մարուքյանին»,- ասվում է Գորգիսյանի հայտարարության մեջ։

Փաշինյանը, ինչպես հայտնի է՝ հայտարարել է, որ իր օրակարգում այս պահին հրաժարականի հարց չկա: Իսկ իշխող «Իմ քայլը»  խմբակցությունը չի կիսում 17 ուժերի ներկայացուցիչների վստահությունը, որ կա 100 տոկոսանոց կոնսենսուս վարչապետի հրաժարականի շուրջ եւ ճնշման ներքո ի վերջո խորհրդարանը կհասնի Փաշինյանի հրաժարականին:

Խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն այդ կապակցությամբ մեզ հետ զրույցում ասաց.

– Հայաստանում կա մեկ հանրային ճնշում եւ դա այն ամենի դեմ է, ինչ կատարվում է այդ 17 ուժերի կողմից: Մեր քաղաքացիները այսօր ամուր կանգնած են մեր կողքին: Իհարկե մեծ դժբախտություն է տեղի ունեցել մեր երկրում, բայց բոլորը հասկանում են, որ այդ դժբախտությունը չի եղել եւ չէր կարող լինել կախված մեկ հոգու գործողությունների հետ: Ես նկատի ունեմ՝ եղել է բանակ, եղել է դիվանագիտական ապարատ, եղել են տարբեր պետական ինստիտուտներ, ու այդ ամենը կապել մեկ հոգու հետ շատ սխալ է: Այնպես որ հանրությունը այդ ամենը շատ լավ հասկանում է ու գիտակցում, եւ վարչապետի հրաժարականի հանրային պահանջ գոյություն չունի:

– Իսկ ի՞նչ կարծիք ունեք 16 ուժերի թեկնածուի մասին: Վստա՞հ եք, որ Վազգեն Մանուկյանին չի հաջողվի իր շուրջ կոնսոլիդացնել այնպիսի մեծ զանգված, որը կարողանա հասնել Փաշինյանի հրաժարականին:

– Ինչ վերաբերում է Վազգեն Մանուկյանի անձին՝ ես այդ մասով որեւէ բան չեմ ասի, մեր քաղաքացիները ունեն լավ հիշողություն եւ Վազգեն Մանուկյանին շատ լավ ճանաչում են: Այո՛, ես վստահ եմ, որ ունեն իրենց աջաակիցների որոշակի քանակ, ես չեմ կարող ասել, թե էդ քանակը ինչքան կլինի, բայց դրան վերաբերվել որպես հանրային ճնշում՝ չենք կարող: Շատ ավելի մեծ աջակցություն ունի իշխող քաղաքական ուժը, եւ բնականաբար, որպես իշխող ուժ մենք հանրահավաքներ չենք անցկացնում: Եթե անցկացնենք՝ մարդկանց համար դա ակնհայտ կդառնա:

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուրում։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս