X
Մենք սոց. ցանցերում

Արցախ

«Հերացի» հիվանդանոցում վիրահատվել է խեղանդամված և այրվածքներով ավելի քան 300 վիրավոր

Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական լայնածավալ պատերազմի ընթացքում միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանի ղեկավարած «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայում վիրահատվել է խեղանդամված և այրվածքներով ավելի քան 300 վիրավոր:

«Արդյունքը գոհացնող է. քիչ մահեր արձանագրվեցին և անդամահատումների թիվն էլ մեծ չէ»,- ասել է պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավարը:

Սահակյանը նշել է, որ վիրավորների լիրաժեք, ֆունկցիոնալ վերականգնման համար անհրաժեշտ է փուլային բուժում:

«Ի բարօրություն մեր վիրավորների ապագայի, որոնց թվում են 18-20 տարեկան զինվորներ, սպաներ և քաղաքացիական բնակչություն, ես ինչպես համալսարանական մասնագետներին, այնպես էլ մյուս բժշկական կենտրոնների գործընկերներին կոչ եմ անում համագործակցել: Պատերազմի ժամանակ տուժած մեր հայրենակիցները չպետք է խեղանդամված ապրեն, մենք պետք նրանց լիարժեք կյանք վերադարձնենք»,- ասել է վիրաբույժը։

Նա նշել է, որ տուժածների զգալի մասն այս պատերազմի ժամանակ ստացել են մեխանիկական վնասվածքներ և հսկայածավալ այրվածքներ, որոնք հետագայում հանգեցնում են դեֆորմացվող սպիերի:

Կարևորելով բուժման վերականգնողական փուլն՝ Արտավազդ Սահակյանն անդրադարձել է տարածաշրջանում եզակի համարվող Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին:

«Ելնելով իմ փորձից, կարող եմ ասել, որ լավագույն վիրահատությունը դատապարտված է անհաջողության, եթե դրան չի հաջորդում հետվիրահատական ֆունկցիոնալ վերականգնում, որը ներառում է հոգեբանների, նյարդաբանների, կինեզիոլոգների համատեղ աշխատանք»,- փաստել է բժիշկը՝ ավելացնելով, որ հետվիրահատական բուժումը՝ հատկապես նյարդային հանգույցների հետ կապված, պետք է իրականացնել անհապաղ:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս