X
Մենք սոց. ցանցերում

Լրագրության անցյալից. իշխանություն-մամուլ հարաբերությունները պատերազմների ժամանակ | Media.am

Media.am | Գուցե բնազդով, որ թեման պետք է արծարծել ոչ թե պարզ ժամանակագրության տրամաբանությամբ, այլ զուգահեռների մեջ՝ 90-ականների մասին հոդվածներս գրեթե զերծ էի պահել պատերազմական իրավիճակում մամուլի դերակատարությանն անդրադարձից, բավարարվելով հպանցիկ ու ընդհանրական եզրահանգումներով:

Հիմա, այս նոր պատերազմի հրահրումից, դրա հուսահատ ընթացքից և անակնկալ ընդհատումից ժամանակ անց ուրվագծվում է եռաչափ մի պատկեր, որ հագեցած է իրարամերժ մեկնաբանություններով, շփոթահար եզրահանգումներով, որոշ զուգահեռներով:

Եռաչափ ասելով՝ նկատի ունեմ ժամանակային, տարածական ու  սպառազինության տարբեր ընդգրկումներով երեք պատերազմները. 90-ականների գրեթե քառամյան, 2016-ի ապրիլյան քառօրյան և 2020-ի քառասունչորսօրյան:

Փորձեմ այս երեք պատերազմները դիտարկել իշխանություն-մամուլ փոխհարաբերությունների տիրույթում:

90-ականների պատերազմը երկարատև ու ծանրագույն փորձություն էր անկախության ուղին բռնած մեր պետության ու ժողովրդի համար, որը հաջորդեց սարսափելի երկրաշարժին, ուղեկցվեց տեսանելի և անտեսանելի թելերով հյուսված խորհրդային հսկա տնտեսության փլուզմամբ և հասարակարգի փոփոխությամբ: Դա մեծ մարտահրավեր էր նաև նոր ձևավորվող անկախ մամուլի համար. էներգետիկ ճգնաժամի պայմաններում տպագիր խոսքը փաստորեն տեղեկատվության միակ աղբյուրն էր՝ չկար շուրջօրյա եթեր, չկային էլեկտրոնային լրատվամիջոցներ, սոցցանցեր, լայվեր, անգամ սովորական հեռախոսակապն էր հաճախ շռայլություն… Այս պայմաններում յուրաքանչյուր տպագիր տող շատ ավելի ծանրակշիռ էր, քան շատախոսության ու խոսքի իմաստազրկման այսօրվա թունավոր մթնոլորտում կարելի է պատկերացնել ամենավառ երևակայությամբ:

Հակամարտության սրման առաջին օրերին թերթերը ընդհանրական վերլուծություններ էին անում և մերթընդմերթ կցկտուր տեղեկություններ էին հաղորդում սահմանամերձ բախումներից, բախումներին նախորդած շրջանում՝ մարդ կամ անասուն առևանգելու դեպքերից:

Հետզհետե ռազմական գործողություններ ծավալվեցին ոչ միայն Ղարաբաղում, այլև Հայաստանի սահմաններին: Առանձնապես շատ չէին այդ գործողություններին ականատես լրագրողների հոդվածները, լուրերն ու ռեպորտաժները, և դրանք չէին կարող ամբողջական պատկերացում տալ տեղի ունեցող իրադարձությունների մասին: Այդ պատկերացումը հիմնականում ձևավորվում էր պաշտոնական լուրերով կամ կուսակցական մամուլի շահերին համահունչ գրաքննված հաղորդագրություններով՝ նայած ով էր հրապարակողը: Տարօրինակ չթվա, բայց որոշակի դեր էր կատարում նաև ժողովրդական բանահյուսությունը՝ առաջնագծերից վերադարձած զինվորականների կամ սահմանամերձ բնակավայրերից բերնեբերան տարածվող լուրերը, որոնց բնորոշ էին չափազանցությունները, միակողմանիությունը, կիսատ-պռատությունը և այլն:

Պատերազմի տևական ընթացքը, նաև՝ կենցաղային բազմապատկվող դժվարությունները աստիճանաբար բթացրին ինչ-որ տեղ՝ հեռվում սաստկացող ռազմական գործողությունների արձագանքները: Երբեմն տպավորություն էր, թե մայրաքաղաքը մոռացել է, գուցե նաև անտարբեր է, որ սահմանամերձ բնակավայրերը գնդակոծվում են, որ Ղարաբաղում գյուղեր ենք կորցնում կամ գյուղեր ենք ազատագրվում… Ու միայն զոհվածներին Եռաբլուր ուղեկցող ավտոշարասյուների ազդանշաններն էին զգաստացնում մարդկանց, հիշեցնում պատերազմի թեև հեռավոր, բայց միանգամայն իրական ու  սահմռկեցուցիչ փաստը, սև ժապավեններն էին սթափեցնում, որ կենցաղային դժվարություններից՝ ցրտից ու հովհարաձև անջատումներից զատ կան մարդկային ողբերգություններ, որդեկորույս ծնողների ահռելի վիշտ, որբացած մանուկների ճակատագրեր:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ Նյութեր