X
Մենք սոց. ցանցերում

Արցախ

Հայաստանն ու Արցախը Ադրբեջանից փոխհատուցում պահանջելու հիմքեր ունեն | armenpress

armenpress.am | Պատերազմից հետո ադրբեջանական կողմը Հայաստանից փոխհատուցում պահանջելու հարց է բարձրացնում։ Մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե Բաքուն կգնահատի Արցախի կրած վնասը եւ փոխհատուցում կպահանջի Հայաստանից։ Ավելի հեռու է գնացել Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեի (CIPDH) Ադրբեջանի հանձնակատարի պաշտոնակատար Էլչին Ախունդզադեն՝ առաջարկելով դրամականը փոխարինել տարածքայինով եւ մատնանշել Զանգեզուրը։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի հետ՝ պարզաբանելու համար, թե որքանով են հիմնավոր ադրբեջանական կողմի՝ փոխհատուցում պահանջելու վերաբերյալ հայտարարությունները։ «Ադրբեջանը չի մասնավորեցրել, թե կոնկրետ որ միջազգային դատարանում է հայցելու, ինչ փաստաթղթերի հիման վրա եւ ինչ ընթացակարգերով։ Հիմնականում Ադրբեջանը մասնավոր, բայց հեղինակավոր իրավաբանական կազմակերպությունների է դիմում՝ մեծ գումարներ առաջարկելով, սակայն շատ կազմակերպություններ հրաժարվում են։ Երբ Ադրբեջանն իրավական գործընթացներում սկսում է կեղծիքներ կառուցել, իրավաբանական գրասենյակները հաճախ հրաժարվում են պաշտպանել այդ երկրի շահերը։ Մենք դա տեսնում ենք Եվրոպական դատարանի վարույթներում»,- ասաց օրաթերթի զրուցակիցը։

Արա Ղազարյանի խոսքով՝ խաղաղության պայմանագրի շուրջ ապագայում տեղի ունենալիք քննարկումներում թեեւ Ադրբեջանը կարող է ռազմատուգանք պահանջել, բայց Հայաստանն ու Արցախը նույնպես կարող են պահանջել փոխհատուցում մեր բնակավայրերի ռմբակոծման, արգելված զինատեսակների եւ քիմիական զենքի կիրառման, մարդկանց տեղահանման համար։ Հայերն այս ընթացքում ստիպված լքում են իրենց տները, որովհետեւ երկյուղ ունեն, որ եթե մնան, ապա վտանգված կլինեն իրենց կյանքը եւ ֆիզիկական գոյությունը։ Այդ ամենը նախեւառաջ գալիս է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունից, ինչի մասին բացեիբաց խոսում են առանց խորշելու միջազգային հանրության կարծիքից, բայց միաժամանակ փորձում են ներկայացնել ճիշտ հակառակը։

«Իհարկե, միջազգային հանրությունը, մասնավորապես, միջազգային տրիբունալները արձանագրում են հայատյացության առկայությունը որպես հանցավոր քաղաքականություն, եւ Ադրբեջանի փաստարկներն այլեւս չեն անցնում։ Ի վերջո, այդ փաստարկները դրվելու են Ադրբեջանի առջեւ՝ հակակշռելու համար նրանց ներկայացրածը։ Ադրբեջանցիները միշտ փորձում են հայելանման էֆեկտ ստեղծել. եթե մենք ունենք հիմնավոր որեւէ հայց, ապա տեսնում ենք, որ նույնանման հիմքերով իրենք են ներկայացնում, թեեւ փաստական հիմքերը բացակայում են։ Դա արվում է պաշտպանության նպատակով։ Դրան գումարվում է մեդիա դաշտում որոշակի մարտավարության կիրառումը, որով փորձում են ստեղծել միջազգային կարծիք»,- մանրամասնեց փաստաբանը։

Ամբողջական հարցազրույցը՝ armenpress.am

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս