X
Մենք սոց. ցանցերում

Արցախ

Շուշիի մերձակայքից գտնված 2000 մարմինների մասին լուրը չի համապատասխանում իրականությանը

fip.am | Ռուսական Русская весна լրատվական պորտալը նոյեմբերի 25-ին գրել էր, որ ռուս խաղաղապահները զոհված զինծառայողների մարմինների հայտնաբերման և փոխանակման աշխատանքների առաջին շաբաթում Շուշի քաղաքի մերձակայքում հայտնաբերել և երկու կողմին են փոխանցել ավելի քան 2000-ական դիակ։

Այս տեղեկությունն արագորեն տարածվեց հայկական լրատվական կայքերում՝ 168.am, panorama.am, mamul.am, lurer.com, armday.am և այլն։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել այս տեղեկության հավաստիությունը։

Քանի որ որոնողական աշխատանքներին ներգրավված է նաև Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱՀ ԱԻՊԾ), Fip.am-ը կապ հաստատեց ԱՀ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանի հետ։ Վերջինս հայտնեց, որ նոյեմբերի 13-ից սկսված` զոհվածների մարմինների որոնման և փոխանակման աշխատանքների ընթացքում Շուշի քաղաքի մերձակայքից հայտնաբերվել է մոտ 200 հայ զինծառայողի դի, որոնցից մոտ 20 դին հայկական կողմին է փոխանցել ադրբեջանական կողմը։ «Հստակ թիվ չեմ կարող ասել, բայց խոսքը մոտ 200 զոհված զինծառայողի մարմինների մասին է»,- հայտնեց ԱՀ ԱԻՊԾ մամուլի խոսնակը։

Վերջինիս խոսքով՝ մինչ այժմ գտնվել է մոտ 350 զոհված զինծառայողի դի, ինչի մասին նոյեմբերի 21-ին տեղեկացրել է նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Ինչ վերաբերում է հնչեցված 2000 թվին, Հունան Թադևոսյանը հայտարարեց, որ դա իրականությանը չի համապատասխանում։ «2000 դիակի մասին խոսակցությունները բացարձակ ապատեղեկատվություն են»,- հայտնեց Թադևոսյանը։

Վերջինիս տեղեկացմամբ` այս պահին շարունակվում են որոնողական աշխատանքները մի քանի այլ ուղղություններով։ «Այս պահին դրանք տեղափոխվել են Հադրութի շրջանի Տող գյուղ, Ասկերանի վերին ենթաշրջան՝ Ավետարանոց, Սղնախ, Մոշխմհատ։ Մատաղիսի և Թալիշի ուղղությամբ վերսկսվել են որոնողական աշխատանքները, քանի որ դրանք սկսվելուց մեկ օր անց կանգ էին առել ականի պայթյունի պատճառով։ Աշխատանքներ են տարվում նաև Քաշաթաղի շրջանում, Մարտունու շրջանի Զարդանաշեն, Շեխեր գյուղերի մերձակայքում և Կարմիր Շուկայի ներքևի հատվածներում»,- տեղեկացրեց Արցախի ԱԻՊԾ մամուլի խոսնակը։

Fip.am-ը կապ հաստատեց նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունու հետ։ Վերջինս հայտնեց, որ զոհերի մարմինների փոխանակման մասին տվյալներ տրամադրելու իրավասություն ԿՄԽԿ-ն չունի։ «Բացառության կարգով ԿՄԽԿ նախագահը ընդամենը մեկ անգամ է հայտարարել որևէ թվի մասին, երբ Մոսկվայում հայտարարեց 200 փոխանակված աճյունների մասին։ Այլ թիվ երբևէ չի հնչեցվել»,- հայտնեց Ամատունին։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս