X
Մենք սոց. ցանցերում

Քանի՞ զինվորի գերեզման կա այս կամ այն չինովնիկի դղյակի տակ. Վլադիմիր Վարդանյան

Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հետպատերազմյան իր ելույթում զորակցության ցավակցության խոսքեր ուղղեց զոհվածների և վիրավորված զինծառայողների ընտանիքիներին։ Ծանր ժամանակաշրջան է համայն հայության համար։

Վերջինիս խոսքով՝ սեպտեմբերի 27-ը սկսեց 1980-ական թվականների երկրորդ կեսին, երբ Օսմանյան կայսրությունը որդեգրեց Հայոց ցեղասպանության քաղաքականությունը։ Սա պատերազմ չէր, սա շղարշ էր ռազմական հանցագործությունների միջոցով, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների միջոցով Հայոց ցեղասպանության հերթական փուլն իրագործելու համար։ Եվ այս ծանր օրերին մեր դեմ էր միավորվել Ադրբեջանը, Թուրքիան և Սիրիայից բերված վարձկանների մեծ բանակը։

«Ես ուզում եմ դիմել բոլորիդ և մի հարց տալ՝ ժողովուրդ, 30 տարի ինչքա՞ն ծանոթ ու բարեկամ ունեք, որոնք նոր տարին անցկացնում էին Թուրքիայում, խի՞ էին գնում։ Գնում էին ու ասում՝ արա, դե շատ լավ ա անցնում, Թուրքիայում շատ ճոխ ա անցնում, ապեր, սրանք ուրիշ թուրքեր են։ Ուրի՞շ թուրքեր են։ Ես ամեն անգամ պաշտոնատար բարձրաստիճան անձանց «ասաբնյակների» կողքով անցնելով՝ ասում եմ՝ հետաքրքրիր ա, քանի՞ զինվորի գերեզման ա էս կամ էն տան տակ, որտեղի՞ց կարող էր ընդամենը 200-300 դոլար ստացող չինովնիկը կառուցել այդպիսի դղյակներ։ Մենք սրա մասին չենք խոսում, հարմար չի, լավ առիթ չի։ Բայց երևի թե պետք էր խոսալ, պետք էր խոսալ անընդհատ, պետք էր խոսալ առանց ամաչելու»,- հայտարարեց Վարդանյանը։

Պատգամավորը հայտնեց՝ ընդդիմադիր գործընկերները կզարմանան, բայց ինքը ողջունում է այս քննարկումը, որովհետև ԱԺ դահլիճում պետք է հնչի քաղաքական խոսք, այստեղ պետք բախվեն կարծիքները, պետք է լուծվեն քաղաքական հարցեր։

«Էլի կզարմացնեմ, բայց կասեմ, այո՛, ռազմական դրությունը պետք է հանվի, այն հավերժ չի կարող և չպետք է մնա։ Ռազմական դրությունը ընդամենը ռեժիմ է՝ ապահովելու, կոնսոլիդացնելու քո երկրի ինքնապաշտպանական համակարգը, և այն պետք է հանվի, հանվի այն ժամանակ, երբ որ կլինեն բոլոր բավարար պայմանները»,- պնդեց Վարդանյանը՝ նշելով, որ անթույլատրելի է այս պարագայում առանց անհրաժեշտ իրավական ընթացակարգերի նախատեսման գնալ ռազմական դրության չեղարկման։

Վլադիմիր Վարդանյանը շեշտեց՝ Ադրբեջանը ռազմական դրությունը չի վերացրել, պարետային ժամը չի հանել, որը նշանակում է՝ կա վտանգի որոշակի աստիճան, սահմանների պահպանման խնդիր կա, զորքերի տեղակայման հարցեր կան։ Ի վերջո՝ համավարակով պայմանավորված սահմանափակումներ կան ամբողջ աշխարհում։ Չափազանց կարևոր է ստեղծել իրավական բազա ռազմական դրությունից անցնցում դուրս գալու համար, նաև պետք է հաշվի առնել զինվորականների կարծիքը։ Պատգամավորը կոչ արեց ընդդիմադիր խմբակցություններին աշխատել միասին՝ համատեղ ուժերով։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս